Գյուղի խնդիրը մեր երկրի երևի ամենակարևոր հարցերից մեկն է, որի լուծման համար կարծես արվում է հնարավորն ու անհնարը, բայց այն… դատարկվում է: Պատմական փորձը ցույց է տալիս, որ գյուղն ապահովում է երկիրը ոչ միայն սննդամթերքով, այլև բնակչությամբ: Իսկ եթե բնակչություն չկա, երկիր էլ չկա: Կամ պետք է այս երկու խնդիրը լուծել այլ ճանապարհներով, կամ գտնել գյուղը պահպանելու իրական եղանակը:
Արտասահմանյան զարգացած երկրներում հարցը լուծել են այնպես, ինչպես ստացվել է, բնական ճանապարհով. գյուղերի փոխարեն ստեղծել են բարձր արտադրողականությամբ ֆերմաներ, իսկ բնակչության աճն ապահովում են նախկին խորհրդային երկրների և մուսուլմանական ժողովուրդների ու չինացիների հաշվին: Վերջինիս նախազգուշական արդյունքներն արդեն ակնառու են։
Առաջին խնդիրը լուծվում է արդյունաբերության բարձր մակարդակի շնորհիվ: Այն երկրները, որոնք քիչ թե շատ զիջում են արդյունաբերական կամ այլ առումներով, հայտնվում են վասալների և մուրացկանների դերում, ինչպիսիք են այսօրվա Հունաստանը, Իտալիան, Իսպանիան, չնայած սրանց արդյունաբերությունը համեմատելու չէ մեր «զրոյի» հետ: Բայց եթե մեջբերումներ քաղելով մեր որոշ ղեկավար մարմինների ճառերից, նաև ընդունենք, որ մեր արդյունաբերությունը աշխարհում ամենազարգացածն է, մնում է բնակչության աճը, որի նվազման հետ էլ կապում է իր հիմնական հույսերը մեր ոխերիմ թշնամին առանց ուրախությունը թաքցնելու:
Խորհրդային Միության ժամանակ ևս մտահոգիչ էր գյուղի դատարկման խնդիրը: Խելացի մարդիկ փաստը պատճառաբանում էին գյուղում ակումբների, դիսկոտեկների, մեծ խանութների և այլնի բացակայությամբ: ԽՄԿԿ ԿԿ-ն, որը զբաղված էր միայն իր (ԿԿ-ի անդամների) իշխանությունը պահելով և, բացի ԽՄԿԿ պատմությունից, այլ պատմություն չէր ընդունում, արագորեն կատարում էր «կուսակցության խելացիների» առաջարկությունները, բայց գյուղը դատարկվում էր` անկախ հարվածային կոլտնտեսություններից և սովտնտեսություններից: Այն դատարկվում է նաև հիմա` անկախ հողի սեփականաշնորհումից, անկախ նրանից, որ այսօրվա համացանցը, փաստորեն, վերացրեց քաղաքի և գյուղի տարբերությունը ինֆորմացիոն դաշտում: Իսկ եթե դատարկվում է, ուրեմն այնտեղ ապրելը ձեռնտու չէ:
Ի՞նչ է նշանակում ձեռնտուն: Այն շահույթ է և հնարավորություններ: Սա բարդ համակարգ է, որը կարելի է նաև պարզեցված ներկայացնել:
Շահույթն ապահովվում է երկու ճանապարհով` ցածր ծախսերով և բարձր եկամուտներով: Գյուղացին չի վարում հողը, քանի որ թանկ են էներգակիրները՝ նավթը և գազը: «ՀայՌուսգազարդ»-ն իր ապրանքը վաճառում է այնպիսի գներով, որ Հայաստանի բնակչության մեծ մասը գերադասում է վառարան վառել: «ՀայՌուսգազարդ»-ը իբր այսպիսով իր աշխատողների համար արժանավայել կյանք է ապահովում: Դա բնակչության մեկ տոկոսի չգիտեմ որերորդ հարյուրերորդականն է, բա մնացա՞ծը:
Այս խնդիրը (էներգակիրների էժանացման) լուծվում է շատ պարզ` մենաշնորհի վերացմամբ:
Էներգակիրների էժանացման երկրորդ եղանակը տեխնիկայի կատարելագործումն է: Ամբողջովին ընկալելով էներգիայի պահպանման օրենքը` պետք է ձգտել ծախսի նվազեցման: Ինչո՞ւ ֆուտբոլային թիմի համար կարելի է արտասահմանյան մարզիչ հրավիրել և միլիոններ վճարել, իսկ համապատասխան ինժեներ` տեղացի կամ արտասահմանցի, հրավիրել հնարավոր չէ: Ճիշտ է, բարձրագույն դպրոցն այսօր հասել է գուցե և իր լճացման գագաթնակետին, սակայն մեր գիտության մեջ դեռ կան իսկական գիտնականներ, որոնք կորած են հանրապետությունը հեղեղած դոկտորների և ակադեմիկոսների մեջ (եթե մինչ անկախությունը ողջ հանրապետությունում կար շուրջ 100 դոկտոր, ապա այժմ յուրաքանչյուր մասնագիտական ամբիոնում տասը անդամներից հինգը դոկտոր են, իսկ մնացածը` նրանց երեխաները): Բայց կա նաև մի ակնառու հնարավորություն. տրակտորներն աշխատեցնել գազով, և էներգակիրը կէժանանա երեք անգամ։
Գյուղը հիմա ազատ է իր ընտրության մեջ: Գյուղապետն ընտրվում է գյուղի կողմից և ունի անսահմանափակ իշխանություն (ինչպես նախկինում կոլտնտեսության նախագահը): Բայց իշխանությունը պետք է միշտ ուղեկցվի պարտականություններով: Գյուղի աշխատանքը պետք է կազմակերպվի: Շատ գյուղերում հողերը չեն մշակվում ջրի, բերքի պահպանման հետ կապված խնդիրների և այլ պատճառներով, բայց սրանից կարևորը վերջնական արդյունքի անապահովությունն է: Այստեղ կարող են լինել և բնական, և ոչ բնական աղետներ: Քաղաքում յուրաքանչյուր ամիս աշխատանքի դիմաց աշխատավարձ է վճարվում («Նաիրիտի» դեպքը բացառություն համարենք), իսկ գյուղում նման ապահովություն չկա: Եթե համեմատենք գյուղից քաղաք տեղափոխվելու հոսքը Հայաստանի կոլտնտեսություններում աշխատավարձային համակարգ մտցնելուց առաջ և հետո, ապա այս փաստի կարևորությունը ակնառու կդառնա: Վերջերս խելացի ղեկավարներն առաջարկեցին վերականգնել կոլեկտիվ տնտեսություն վարելու փորձը` գուցե նաև այլ հիմունքներով: Բայց էականը դա չէ: Գյուղացու աշխատանքը պետք է ապահովագրել, ինչպես վթարներից ապահովագրում են մեքենաները, հիվանդություններից` զարգացած երկրների քաղաքացիներին։ Այս պայմաններում գյուղական ԱՊՊԱ-ն կաշխատի պահպանել գյուղացու բերքը կարկուտների և անսպասելի առատ ձյան դեպքում, քանի որ դա նրա համար կունենա իսկապես էական նշանակություն: Մեր կարծիքով` այս հարցերն են գյուղնախարարի հիմնական խնդիրները։
Հիմա հնարավորությունների մասին: Երկրում պետք է գործի հստակ օրենսդրական դաշտ: Գյուղացին պետք է ինքը լինի իր բերքի տերը. իրավունք ունենա վաճառելու այն շուկայում թե դաշտում, առանց միջնորդի կամ միջնորդով, բայց իր կամքով: Նա պետք է ապահովվի ջրով և այլ անհրաժեշտ պարագաներով: Եթե գյուղացին համոզված չէ, որ պարբերաբար կկարողանա դաշտը ջրել, նա դժվար թե համաձայնի ցանել այն: Պետությունը պետք է ապահովի բերքի իրացումը` համապատասխան մաքսատուրքեր մտցնելով ներկրվող մթերքի վրա: Եվ մենք կստանանք ավարտուն համակարգ` աճեցումից մինչև իրացումը:
Կյանքը ցույց է տալիս, որ գյուղը փրկելու մնացած ճիգերը աշխատում են ավելի շատ որոշ իշխանավորների, քան գյուղացիների օգտին:
Վաղարշակ ՄԱԴՈՅԱՆ
Բանասիրական գիտությունների
դոկտոր, պրոֆեսոր