Հայկական բարեգործական ընդհանուր միության 88-րդ ընդհանուր ժողովի ավարտին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ համերգ, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ:
Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ համերգին ներկա գտնվելու և միության հանդեպ ցուցաբերած ուշադրության համար: «Ահավասիկ, մեկ անգամ ևս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով եկել ենք մեր հավատքը ամրապնդելու հայրենի հողի վրա, հարգանք մատուցելու մեր նահատակներին, շարունակելու պայքարը մեր պատմական և մարդկային իրավունքների իրականացման համար, միացնելու մեր ուժերը հայրենի պետության կառուցման ճիգերին, որպեսզի իրականանան մեր ժողովրդի իղձերը: Հայաստանը մեր ժողովրդի հավատն ու հույսն է այսօր: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շարունակում է իր աշխատանքները և ծրագրերը Սփյուռքում ՝ աստիճանաբար փոխելով բնույթը և հարմարեցնելով այսօրվա իրականությանը ու փոփոխվող պայմաններին»,- ասաց Պերճ Սեդրակյանը:
ՀԲԸՄ անդամներին Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ողջույնի խոսքը փոխանցեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական մեր սերը և օրհնությունն ենք փոխանցում Հայկական բարեգործական ընդհանուր միության 88-րդ ժողովի առիթով, որն արդեն ավանդաբար գումարվում է մայր հայրենիքում՝ Արարատի հայացքի ներքո: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ծնունդ է առել հայ ժողովրդի պատմության դժվարին ժամանակներում՝ պետականության բացակայության և ազգային ալեբախումներով լի մի շրջանում: Հիմնադրված լինելով Արևմտյան Հայաստանի ժողովրդին աջակցելու և զորակցելու նպատակով՝ միությունը վկան և կրողը դարձավ Հայոց ցեղասպանության ՝ իր մեծագույն ավանդն ունենալով Ցեղասպանություն վերապրած մեր ժողովրդի նոր կյանքի կառուցման գործում»,-մեջբերեց նա: Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Գաբրիել Երանյանի, Արմեն Մարտիրոսյանի ստեղծագործությունները: Համերգին մասնակցում էին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը, «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը, Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի պարի պետական համույթը: