Թուրքիայում գտնվող «Արմեն» հայկական որբանոցը քանդելը մեկ ամսով դադարեցվել է՝ գրում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը։ Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն» ճամբար-որբանոցի տարածքը մի քանի անգամ սեփականատեր է փոխել: Այժմ գրանցված է գործարար Մեհմեդ Ալի Այդընարի ազգականի՝ Էրհան Այդընարի անունով: Նա տարածքը փոխանցել է Ֆաթիհ ՈՒլուսոյին: ՈՒլուսոյը մեկ ամսով դադարեցրել է քանդելը: «Մեկ ամսում եթե լուծում չգտնվի՝ քանդելու ենք»,- ասել է նա: Այդընարն ասել է, որ շինությունն իր անունով է գրանցված, սակայն ինքը կապ չունի, առքուվաճառքի պայմանագիր կա: «Ես շատ հայ ընկերներ ունեմ, սակայն այս պահին հանցավորի նման եմ: Ես պետությունից չեմ առել, հիմնադրամից չեմ առել: Օրինական ճանապարհով՝ գումարը վճարել եմ ու գնել: Ես շատ եմ վշտանում: Թուզլայում կյանքումս երկու անգամ եմ եղել, և եթե այժմ իմը լիներ, այդքան հուշեր պարունակող շինությունը կնվիրաբերեի: Սակայն մենք այժմ վաճառված գույքի մասին ենք խոսում»,- ասել է նա: Ճամբարում ժամանակին 1500 հայ որբ է բնակվել, նաև՝ Հրանտ Դինքն ու նրա կինը՝ Ռաքել Դինքը։