Արդեն 10 ամիս է, ինչ շարունակվում է եզդիների ցեղասպանությունը ԻՊ բարբարոսների ձեռքով Իրաքի Հանրապետության Շանգալ նահանգում, որտեղ եզդիները ո՛չ եկվոր են, ո՛չ էլ անցվոր, այլ իրենց բնօրրանի հազարամյա տերերն են: Մոսուլ քաղաքի մոտերքում գտնվող ստրկության ճամբարում եզդի գերիներին առանձնացրել են և սպառնում են սպանել միայն նրա համար, որ նրանց ազգակիցները փախել են գերությունից և ստրկավաճառությունից: Այո՛, նրանց մեղքը այն է, որ չեն «խոչընդոտել, կանխել» իրենց ազգակիցների փախուստը մահվան ճամբարից: Ըստ իսլամիստ հրեշների` գերի եզդիները չպետք է թողնեն, որ իրենց ազգակիցները փախչեն ստրկությունից, ստրկավաճառությունից: 21-րդ դարում միգուցե եզդի գերիներին միմյանց հետ կապեն ձեռնաշղթաներով կամ ոտնաշղթաներով:
Ապրիլի վերջերին Քիրկուկ քաղաքի մոտերքում ԻՊ-ի հրեշներից փախել էին 215 գերի եզդիներ, հիմնականում ծերեր, հիվանդներ, նույնիսկ հաշմանդամներ: Նրանց մեջ էր նաև 4 ամսական մի տղա երեխա, որը ծնվել էր գերության մեջ: Երեխան առանց անունի էր, առանց մոր և հոր: Հորը ԻՊ հրեշները սպանել էին 2014 թ. օգոստոսին, իսկ հղի մայրը գերության մեջ էր ծննդաբերել: Երեխային գերությունից փախցրել էր քրդական փեշմարգայի մի զինվոր և հանձնել էր Զախո քաղաքում գտնվող տատին, որը երեխայի անունը չգիտեր, նոր անունով էլ չէր ուզում կոչել: Սպասում է գերության մեջ գտնվող մորը:
Սպասում է...
Արդյո՞ք լռությունն այսօր շատ երկար չի ձգվում. գերհզոր պետությունները և քաղաքակիրթ մարդկությունը ոչինչ չեն ձեռնարկում ԻՊ բարբարոսներից եզդի գերի աղջիկներին և կանանց ազատագրելու համար: Նրանց անհրաժեշտ ժամանակ է հարկավոր, իսկ այդ «ժամանակի» ընթացքում տասնյակ հարյուրավոր եզդի մանուկներ մնացել են առանց անունի և մայրական խնամքի:
Աշխարհի հզորներ, ինչո՞ւ եք այնպես անում, որ մեր ժողովրդի զավակների աչքերից շարունակ դառը արցունքներ են գլորվում, որդու, զավակի, մոր, ծնողի, հարազատի մահվան արցունքը:
Մի կողմից` զարմանում եմ, մյուս կողմից` տխրում. մարդիկ ինչո՞ւ են կուրորեն կատարում սրա կամ նրա հրամանը, զառանցանքը և սպանում ու կործանում են իրար: Կործանում են 1000-ամյա պատմություն ունեցող հուշարձաններն ու պատմական այլ արժեքներ, որոնք ոչ թե մեկինն են, այլ մեր ընդհանուր հարստությունը: Բոլորիս: Մարդը անընդհատ ստեղծագործել է, իսկ նրանք կործանում են: Մի՞թե այսօր աշխարհի «տերերին» անաղարտ, վեհ, բարոյական մարդկության առաջընթացի համար մշակույթն անհրաժեշտ չէ: Մի՞թե նրանք ամենուր ուզում են «աղբ» տեսնել:
ԻՊ հրեշներն անընդհատ եթեր են սփռում իրենց վայրագությունների զարհուրելի տեսարանները: Այդպիսով երևի ուզում են վախեցնել աշխարհին, բոլորիս, որ չպայքարենք հանուն արդարության, մարդու իրավունքների, ազատությունների, որ մտածենք` ավելի լավ է լռել:
Դուք ոչ միայն սպանում եք իմ ազգակիցներին, այլև խլում եք մեր հազարամյա իրավունքը, մեր բնօրրանում խաղաղ ապրելու իրավունքը: Մարդիկ բարի, աչք, ականջ փակելու ժամանակը չէ, մեզ բոլորիս վտանգ է սպառնում, այսօր այդ չարիքը մեր տանն է, չի բացառվում, որ վաղը ձեր տանը լինի: Ժամն է, որ վերջ տանք ոճրին: Չտեսնել, չզգալ վտանգը, մեղմ ասած, խաբկանք է: Փոխեք ձեր քաղաքականությունը, եթե չեք փոխի, հավատացեք, կյանքը ձեզ կփոխի:
Մարդկության հազարամյա պատմությունը մեզ ուսանել է միասնական և խաղաղ ապրել, որովհետև Երկիր մոլորակը բոլորիս ընդհանուր տունն է: Ցավոք, հաճախ մենք մեր սխալների վրա նույնիսկ չենք սովորում: Ինչն էլ այսօր սպառնում է բոլորիս ընդհանուր տան` Երկիր մոլորակի հարատևությանը: Մենք պարտավոր ենք ապրել ու գոյատևել խաղաղ, բարեկամական: Այդ ընդհանուր տանը ապրում է և եզդի ժողովուրդը, աստվածավախ և աստվածապաշտ մի ժողովուրդ: Եզդիներն աշխարհում հայտնի են իրենց հոգու արիությամբ, բարքերի անաղարտությամբ, ազնվությամբ, հավատարիմ բարեկամությամբ: Եզդիներն իրենց համարձակությամբ և բնատուր քաջությամբ դիմադրել և ոչնչացրել են բազմաթիվ թշնամիների: ԻՊ-ի հրեշները հերթական հողմը կլինեն:
Ես հավատացած եմ, որ պատմությունը պատժում է նրանց, ովքեր դաս չեն քաղում: Գերհզոր պետություններ, դուք պետք է դասեր քաղեք ԻՊ բարբարոսների ոճրագործություններից և եզդի ժողովրդի ցեղասպանությունից:
Եկեք համատեղ ուժերով վիրակապենք ամբողջ մարդկության վերքերը, ինչպես ասել է իր խոսքում մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Ցուցաբերենք կամքի ուժ, չմնանք ստվերում, բոլորիս ազատենք այս չարիքից: Յուրաքանչյուրի արժեքը կորոշվի այսօրվա կատարածով:
Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ