1918 թ. մայիսը հայաստանաբնակ ժողովուրդներիս կյանքում բացառիկ իրադարձություն է: Մայիսյան հաղթական հերոսամարտերի շնորհիվ հայ ժողովրդին հաջողվեց ձեռք բերել անկախ պետականություն: Եզդի ժողովուրդն իր լավագույն զավակների՝ ՈՒսուբ Բեկի և Ջհանգիր Աղայի գլխավորությամբ անձնուրաց պայքարելու և վտանգի պահերին հայ ժողովրդի կողքին լինելու շնորհիվ վաստակեց Հայոց պետականության ձևավորման և հավերժ միասին լինելու իրավունքը:
Առաջին հանրապետության ստեղծումը խանդավառությամբ ընդունեց ժամանակի հասարակությունը: Հայոց պետականությունը վերականգնվեց, և իրականություն դարձավ բոլոր հայաստանցիների բազմադարյա երազանքը:
Այդ տարիներին տագնապալի լուրեր էին ստացվում տարբեր վայրերից: Թշնամին գրավել էր մեր բնակավայրերը, անողոք էր, կոտորում էր բնակչությանը, ավերում և կողոպտում էր երկիրը: Առկա բազմաթիվ տագնապների և մարտահրավերների դեմ հարկավոր էր միասնական պայքար:
Հայերի հետ պայքարի ելավ նաև եզդի ժողովուրդն իր լավագույն զավակների` Ջհանգիր Աղայի և ՈՒսուբ Բեկի գլխավորությամբ: Ջհանգիր Աղան իր 1500 ձիավորների հետ ամենուր էր` Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանում, Սարդարապատում: Այդ օրերին էլ Ջհանգիր Աղան ստացավ «Հայ ժողովրդի անկեղծ դաշնակից» անունը:
Երբ քաղաքական գործիչներն ու փորձագետները խոսում են Հայաստանի առաջին Հանրապետության մասին, անշուշտ, պետք է խոսեն նաև եզդի ժողովրդի դերի մասին: Եզդի ժողովուրդը, հայության հետ կիսելով Օսմանյան կայսրության ազգային խտրականության քաղաքականության զրկանքները, իրավազրկությունը, ցեղասպանությունը, պատերազմի դաժանությունները, իր ուրույն դերակատարումն ու մասնակցությունն ունեցավ նաև մայիսյան հերոսամարտերի հաղթանակում և հայոց անկախ պետականության կերտման ու կայացման գործում: Համեմատություններ անցկացնելով ներկայի և անցյալի իրադարձությունների, դատողությունների և գնահատականների միջև, պետք է հիշենք նաև, թե ինչ է գրել այդ մասին Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը. «Հայերի չափ և, թերևս, հայերից էլ ավելի, եզդիները նախանձախնդիր էին Հայաստանի անկախության խնդրում և ոչինչ չէին խնայում նրա պաշտպանության համար»:
Հայոց սպարապետ Թովմաս Նազարբեկյանը Ջհանգիր Աղայի մասին խոսելիս նշում էր. «Նրա անունը պետք է դրվի ոչ միայն եզդի, այլև նշանավոր հերոսների անունների հետ միևնույն շարքում»:
Նորաստեղծ Հանրապետության ստեղծման առաջին օրից առկա էին բազմաթիվ արգելքներ, խոչընդոտներ և մարտահրավերներ, որոնցից խուսափել այդպես էլ չհաջողվեց: Բայց, փառք Աստծո, այդ ամենն արժանապատվորեն հաղթահարվեց մեր ազգերի նվիրյալներ Անդրանիկի, Կոմիտասի, Նժդեհի, Դրոյի, Դ. Բեկ-Փիրումյանի, Ջհանգիր Աղայի, ՈՒսուբ Բեկի և մյուս արժանավոր զավակների ջանքերով։ Այդ նրանք էին, որ իրենց ուսերին կրելով մեր ժողովուրդներին բաժին ընկած արհավիրքները, հայոց պատմության ճակատագրական ժամանակաշրջանում բարձր պահեցին ու մեծ պատասխանատվությամբ իրագործեցին մեր նախնիների պատգամը:
Ի վերջո, տրամաբանությունը հաղթում է, պարզ իրողություն, որ մենք եղել ենք ճակատագրով միասին, կողք կողքի, վերջին կտոր հացը կիսելով մարտնչել ենք, հաղթել և միասին ստեղծում ենք բարեկեցիկ և հզոր Հայաստան: Եվ պատահական չէ, որ 2012 թ. սեպտեմբերի 29-ին Հայաստանում կառուցվեց եզդիների` աշխարհում արդեն երկրորդ սրբատեղին մեր միակ հոգևոր նստավայր Լալիշա Նուրանից հետո: Սրբատեղին կառուցվեց մեր ժողովրդի լավագույն զավակներից մեկի, մոսկվաբնակ բարերար Միրզա Սլոյանի ընտանիքի միջոցներով: Այն օծվեց անձամբ աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Նորին Սուրբ Մեծություն Միրե-Միրա Թահսին Բեգի ձեռամբ:
2015 թ. ապրիլի 21-ին աշխարհում առաջին անգամ, Հայաստանի Հանրապետության ղեկավարության անմիջական աջակցությամբ, ՌԴ Կամչատկայի մարզի պատգամավոր, բարերար Ռաշիդ Շամոյանի ընտանիքի միջոցներով ՀՀ մայրաքաղաք Երևանում բացվեց եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը։
Ցավոք, մեր օրերում էլ Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ նահանգում եզդի ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության: ԻՊ-ի հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որը հնարավոր չէր տեսնել նույնիսկ զարհուրելի երազներում: Այս դժվարին պահին մենք մեր կողքին տեսանք մեզ օգնող ձեռքը` մեր անկեղծ բարեկամ հայ ժողովրդի ձեռքը: Միջազգային տարբեր կազմակերպություններում եզդիների նկատմամբ ոճրագործությունը դատապարտեցին և եզդիներին սատար կանգնելու կոչով հանդես եկան ՀՀ նախագահը, կառավարության ներկայացուցիչները և մեր դիվանագետները:
Դարերի ընթացքում և մինչ այսօր արձանագրվել են ժամանակային տարբեր փուլեր, հաջողված տարիներ, ձեռքբերումներ, դժբախտաբար, նաև անդառնալի կորուստներ: Հավատարիմ մնալով մեր երախտավորների պատգամին, եզդի ժողովուրդը հայության հետ կիսեց և Սպիտակի ահավոր աղետի ծանր հետևանքները, և անցումային շրջանի մութ ու ցուրտ օրերը, ինչպես նաև Արցախի ազգային ազատագրական պայքարի հաղթական բերկրանքը: Այս ամենի հանրագումարը մեզ պարտավորեցնում է ստեղծել բարեկեցիկ Հայաստան: Որը հզոր և մարտունակ բանակ ունեցող Հայաստանն է, արդար ու ազատ Հայաստանն է, աշխատանք և արժանապատիվ վաստակ ապահովող Հայաստանն է, տնտեսության համաչափ զարգացում ապահովող Հայաստանն է, սոցիալապես պաշտպանված և առողջ ընտանիք ունեցող Հայաստանն է, բոլորիս համար հավասար իրավունքներ և ազատություններ ապահովող Հայաստանն է: Դրանում համոզվելու համար բավական է նայել մեր անցյալին, տեսնել ներկան և մտածել ապագայի մասին: ՈՒրախանանք մեր լավ ու կարևոր ձեռքբերումներով: Վստահաբար կարող եմ ասել, որ միասին, համատեղ ջանքերով մենք դեռ շատ ու շատ հաջողությունների կհասնենք և կարժանանանք այս օրը մեզ համար նվաճած հերոսների սխրանքին ու պատգամին: Մենք մեր միասնությամբ, համերաշխությամբ ենք հզոր և ուժեղ, իսկ ուժը և համերաշխությունը, հավատացեք, միայն հաղթանակ և առաջընթաց են ապահովում:
Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների և Հանրապետության տոնի կապակցությամբ:
Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ