Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է 2015 թվականին համայնքային բյուջեի և բնակչությունից գանձվող սպասարկման վճարների միջոցով մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգման ընթացքը: Կամո Արեյանը հանձնարարել է արագացնել վերելակների նորոգման ընթացքը և հնարավորինս արագ, սակայն որակական և անվտանգության բոլոր չափանիշների պահպանմամբ, տեխնիկական զննում անցնելուց հետո վերելակները հանձնել շահագործման:
Քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետին և տեխնիկական վերահսկողություն իրականացնող մյուս կառույցների ներկայացուցիչներին հանձնարարվել է մանրակրկիտ և պարբերական ուսումնասիրություններ անցկացնել, ստուգել արդեն նորոգված վերելակներում տեղադրված նոր պահեստամասերի առկայությունն ու ծախսված միջոցների վերաբերյալ հաշվետվությունների արժանահավատությունը, անցկացնել դրանց որակի համապատասխանության միջոցառումներ: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է անձամբ հետևել վերելակների նորոգման աշխատանքների ընթացքին և պարբերաբար ներկայացնել արդյունքները: Քաղաքապետի առաջին տեղակալը շեշտել է, որ համայնքային բյուջեով և բնակչությունից գանձվող սպասարկման վճարների հաշվին կազմակերպվող վերելակների նորոգման աշխատանքները գտնվելու են Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում: Վերահսկողական գործառույթներ է իրականացնելու նաև հատուկ այդ նպատակով ստեղծվող աշխատանքային խումբը: