Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

«Հնարավոր չէ էս անտեր երկրում ստեղծել մի բան, որը կաշխատի»

«Հնարավոր չէ էս անտեր երկրում ստեղծել մի բան, որը կաշխատի»
17.06.2015 | 16:04

Մեր ընթերցողներից մեկը` գյումրեցի Արա Մելիքջանյանը, մտահոգված է Գյումրիում երիտասարդական խորհուրդների գործունեությամբ, որի առնչությամբ մեզ ներկայացրեց.

«2014-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվեցին մարզպետներին կից երիտասարդական խորհուրդներ: Դեռևս 2013-ի օգոստոսի 22-ին, երբ այս գաղափարը քննարկումների փուլում էր և հստակ դիրքորոշում չկար, այս մասին խոսել էր նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության նախկին պետ Արմեն Պապյանը Վանաձորում՝ Լոռու մարզի ակտիվ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։ Վերջինս նշել էր նաև, որ այս գաղափարի հիմնական նպատակն է խորհրդի միջոցով վեր հանել նաև մարզի քաղաքային և գյուղական համայնքներում գտնվող երիտասարդներին հուզող խնդիրները:
Այս գաղափարը կարծես կրկնում է «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթը, որը ևս միտված է ակտիվացնելու երիտասարդությանը ՀՀ քաղաքներում։ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի՝ 2014-ի մարտի 21-ի որոշմամբ ձևավորվել է մարզպետին կից երիտասարդական խորհուրդը և հաստատվել խորհրդի կազմը։ Խորհրդի կազմում ընդգրկվել են ներկայացուցիչներ մարզի 7 համայնքից: Այս 7 հոգու ընտրությունը ևս կատարվեց ԽԾԲ սկզբունքի հիման վրա, մինչդեռ վստահ եմ, որ նախագծողները հաշվի չէին առել այս մոտեցումը։ Ընտրվեցին այդ ժամանակաշրջանի քաղաքապետարանի պաշտոնյաները, ավագանու անդամներ և 3 միամիտ ընտրված ակտիվ երիտասարդներ։ Ցուցակին նայելով՝ կարծես ղեկավարման խորհուրդ լինի, այլ ոչ թե երիտասարդական խորհուրդ։ Խորհրդի ստեղծումից անցել է շուրջ մեկ տարի, սակայն մեկ տարում 1 նիստ չի գումարվել։ Անգործունակ մի կառույց, որը, ինչպես այս կամ այն կառույցին կամ անձին կից ստեղծված մի շարք խորհուրդներ, ևս չի կարող ապահովել կանոնակարգի համապատասխան աշխատանքների իրականացում։ Նշեմ նաև, որ խորհուրդը ունի իր կանոնակարգը, որում հստակորեն նշվում են աշխատանքների կազմակերպման և իրականացման համար հստակ ընթացակարգեր։
Սակայն կանոնակարգով նախատեսված ոչ մի գործառույթ, մեկ տարի է, չի իրականացվում։ Մասնավորապես՝ կանոնակարգի «ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ» գլխի 14-րդ կետում հստակորեն ասվում է. «ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԸ ԳՈՒՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ՝ ՈՉ ՈՒՇ, ՔԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԵՔ ԱՄԻՍԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ»։ Այսինքն՝ այս խորհուրդը, արդեն ռուսի ասածի պես, «профукал» 4 նիստ։ Սա նորմալ է, եթե հաշվի առնենք այն, որ խորհրդում ներգրավված անձինք՝ բացառությամբ մի քանիսի, անգամ տարրական պատկերացում չունեն երիտասարդության, երիտասարդ աշխատողի, երիտասարդների հիմնախնդիրների, պետական երիտասարդական քաղաքականության և դրա իրականացման ձևերի մասին։ 2016-ին այս կառույցը սպառելու է իրեն, քանի որ, ըստ կանոնակարգի, այն գործում է 2 տարի ժամկետով, իսկ ժամկետի լրանալուց հետո ձևավորվում է նոր խորհուրդ։ Դեկլարատիվ խորհուրդ և դեկորատիվ կանոնակարգ, որը անիմաստ ստեղծված կառույց է, համենայն դեպս, Շիրակի մարզի պարագայում»։

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ