Հունաստանում սկսվել է միջազգային վարկատուների պայմաններին համաձայնելու վերաբերյալ հանրաքվեն, քվեարկությունը կշարունակվի առավոտյան 7-ից մինչև երեկոյան 7-ը։ Հարցումները վկայում են, որ ներկայացվածության բարձր ցուցանիշ է գրանցվելու։ Բացվելուց հետո տեղամասեր են սկսել այցելել բոլոր տարիքի մարդիկ՝ թե երիտասարդներ, թե տարեցներ։ Այսօր Հունաստանում երկրի ապագայի համար կարևոր հարց է վճռվում՝ ընդունե՞լ վարկատուների պահանջներն ու շարունակել խստացված խնայողության քաղաքականությունը, թե՞ հրաժարվել «եռյակի» առաջարկներից։ Կառավարությունը հույս ունի, որ ժողովուրդը «ոչ» կասի։ Քաղաքական գործիչների մի մասը՝ հիմնականում նախկին և վարկատուների հետ նախորդ երկու հուշագրերը ստորագրածները կոչ են անում ասել «այո», հայտարարելով, որ խոսքը Հունաստանի՝ Եվրոպայում և եվրագոտում մնալուն է վերաբերում։
Հունաստանում անցկացվող հանրաքվեի վրա է սևեռվել ողջ աշխարհի ուշադրությունը, արդյունքներից է կախված Եվրոպայի քաղաքական ու տնտեսական զարգացման հեռանկարը։ Աթենքում են հարյուրավոր լրագրողներ։ Քաղաքի կենտրոնի հյուրանոցներում ազատ համարներ չեն մնացել։