«Այս գիրքը նրանց համար է, ովքեր ձգտում են ինքնակատարելագործվել, զբաղվում են ինքնակրթությամբ ու ինքնազարգացմամբ և պատրաստ են իրենց կյանքը բարեփոխել։ Իսկ դո՞ւք։ ՈՒզո՞ւմ եք լինել այնտեղ, որտեղ դեռ չեք եղել կամ ստանալ այն, ինչ երազել եք, բայց դեռ չեք ստացել։ ՈՒզո՞ւմ եք համոզվել, որ ձեր կյանքը ամբողջությամբ ձեր ձեռքում է և դառնալ ձեր սեփական կյանքի տերը։ Այո՞։ Այդ դեպքում ճիշտ ընտրություն եք կատարել, և ձեզ օգնող գիրքը ձեր ձեռքում է...»։
Այս «հավակնոտ» ծանոթագրությունը, անկեղծ ասած, սկզբում տարակուսանքով ընդունեցի, իսկ երբ գրքի առաջին իսկ էջերն ընթերցեցի, մտավախությունս փարատվեց և այնուհետ այլևս չկարողացա բաժանվել այն աշխարհից, ուր հեղինակն առաջնորդում էր... մտքի ուժով, այո՛, հենց ի՛ր մտքի ուժով՝ հընթացս ավանդելով յուրօրինակ «դասեր»՝ տարաբնույթ տեսական անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ մեր ներսում «թաքնված» հոգեմտավոր ներուժը հայտնաբերելու-գաղտնազերծելու ճանապարհով՝ Արարչի կողմից մեզ պարգևված կյանքը ավելի լիարժեք ապրելու համար։ Իսկ հետո վերադարձա գրքի ծանոթագրականի շարունակությանը՝ ընթերցողներիս հասցեագրված տողերին. «...Օգտվելով ձեր մտքի հրաշագործ ուժից, կկարողանաք հեշտությամբ լուծել կյանքում անլուծելի թվացող շատ խնդիրներ ու հարցեր։ Ամենակարևորը՝ կսովորեք ղեկավարել ձեր մտքերին։ Առաջադրված մեթոդներն ու խորհուրդները կօգնեն ձեզ բացասական մտքերը փոխել դրականի, իսկ ուսումնասիրելով և պրակտիկորեն ճիշտ կիրառելով Ցանկությունների Իրագործման Տեխնիկան (ՑԻՏ), ձեր ցանկացած երազանք կարող եք արագ և հեշտ իրագործել...»։
Ահա հեղինակի առաջարկած այսպիսի հրաշագործ խորհուրդ-«դեղատոմսեր»՝ ոչ ավելի, ոչ պակաս։ Եվ գրքի ծանոթագրականից այս երկար մեջբերումներն էլ, թվում է, ինձ ազատում են նրա բազմաշերտ բովանդակության հանգամանալի անդրադարձից։ Բայց՝ ոչ։ Այս ամենով հանդերձ՝ ինքս էլ, «Մտքի ուժը։ Ցանկությունների իրագործման տեխնիկան» գրքի ընթերցումից հետո չեմ կարող չհաստատագրել, որ, այո՛, մեր ձեռքում է մի ինքնատիպ հանրագիտակ, որ հավակնում է օժանդակ ուղեցույցի դեր կատարել՝ ապրելիք կյանքում մարդկային մտքի տիեզերական անպարագիծ գաղտնիքներին հաղորդակցվելու, դրանք հայտնաբերելու և հնարավորինս արդյունավետ ու ճիշտ օգտագործելու, մեր իսկ «ցանկությունների տեխնիկայի այբուբենին» տիրապետելու, ուղղորդող մի շարք այլ իմաստախոս խորհուրդների առաջնորդությամբ։ Հանրամատչելի հետաքրքրաշարժ արդյունքով տեղ-տեղ՝ նույնիսկ լեզվաոճական պատկերավոր հյուսվածքով ու ամենից ավելի՝ ջերմ, մտերմական խոսք ու խոհով ընթերցողներիս շահագրգիռ զրուցակից դարձնելու ունակությամբ հեղինակին հաջողվում է մինչև գրքի ավարտը մեզ պահել «մտքի ուժի» խորհրդավոր աշխարհում՝ նրանից այլևս դուրս չգալու հաստատ որոշումով։
Գրքի բաժինների խորագրերի թվարկումն իսկ արդեն որոշակի պատկերացում է տալիս նրա համապարփակ ընդգրկումների շրջանակների մասին. «Կյանքի մեծագույն գաղտնիքը», «Սեփական հաջողությունն ու երջանկությունը», «Կյանքի ստուգման գրքույկի ցուցանիշները», «Ինքնավստահության կախարդական ուժը», «Տիեզերքի գաղտնիքները», «Կյանքի հրաշագործ օրենքները», «Հավատը հրաշքներ է գործում», «Գանձերը մեր ներսում են», «Խորհուրդներ կյանքի «այբուբենից», «Մտքի ուժի մեծագույն գաղտնիքը», «Սովորենք մտածել», «Ինչպես հսկել մտքերին»... այսպես՝ էլի կանչող խորհրդավոր խորագրեր ու ենթախորագրեր, որոնցից յուրաքանչյուրը իմացության ու նոր գիտելիքների մի հետաքրքիր դաս է ընթերցողներիս համար։
Հեղինակը, ինչպես ասում են, իր գործն արել է, արդեն մեզ թողնելով մտորելու, եզրահանգումներ կատարելու, առաջադրված խորհուրդներից դասեր քաղելու և դրանք կյանքում նպատակամետ օգտագործելու դժվարին խնդիրները լուծելու առաքելությունը։ Բայց, սպասեք, դրվատանքի այս խոսքերից առաջ, ախր, ես պարտավոր էի ծանոթացնել «Մտքի ուժի» հեղինակի հետ։ Ինքս էլ պատահաբար ծանոթացա օրեր առաջ. Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողների և դասախոսների հետ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, գրողներ Ղուկաս Սիրունյանի, Պետրոս Դեմիրճյանի, Տիգրան Նիկողոսյանի հետ հանդիպման ժամանակ։ Քոլեջի տնօրեն Ավիկ Հակոբյանը ընթացքում ներկայացրեց հաճելի արտաքինով, մեղմաժպիտ մի տիկնոջ.
-Մենք էլ մեր գրողն ունենք, ոչ միայն գրող, այլև՝ մանկավարժ¬գիտնական, ծանոթացեք, Էմմա Տանանյան...
Պարզվեց, թեև մեզ անծանոթ, բայց ոչ միայն քոլեջում, այլև մանկավարժական հանրությունում հայտնի անուն է՝ ճանաչված տնտեսագետ-մաթեմատիկոս, ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի «Տնտեսագիտական կիբեռնետիկա» բաժինը և 1978-ից ի վեր աշխատում է նույն ֆինանսատնտեսագիտական քոլեջում՝ իբրև դասախոս և ամբոնի վարիչ, մշտապես մասնակցել է կրթության ոլորտում անցկացվող բարեփոխումների գործընթացին։ Վերջին տարիներին նա ղեկավարում է նաև կրթության ազգային ինստիտուտի կազմակերպած «Բանկային գործ» մասնագիտական պետական կրթական չափանիշների և մոդուլային ծրագրերի կազմման աշխատանքները։
-Սրանք նրա կյանքի ճանապարհի «չոր» թվերն ու փաստերն են,- ավելացրեց քոլեջի տնօրենը,- իսկ դրանց «ներսում» ուսանողական սերունդների կողմից սիրված, նվիրյալ մանկավարժն է, նրանց դաստիարակության անփոխարինելի մասնակիցը։ Մեր Տանանյանի հեղինակած գրքերն էլ դրանում մեծ դեր են կատարում։
Իր հետ զրուցելիս էլ տպավորությունը հրաշալի էր։ «ՈՒրիշներին ինքնակրթության խորհուրդներ տալու իրավունք ունենալու համար ինքդ պետք է դրանով լրջորեն զբաղվես,- ասաց ինքը՝ Էմմա Տանանյանը,- քո մասնագիտությունից զատ՝ լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերես նաև այլ կարևորագույն ոլորտներից՝ հոգեբանություն, տիեզերագիտություն, բնական գիտություններ, ամենադժվարը՝ մարդագիտություն, այո՛, հենց մարդագիտություն։ Անհավատալի է, բայց, իմ կարծիքով, մենք թերևս ամենից մակերեսային պատկերացումներ ունենք հենց մեր՝ մարդու տեսակի մասին, նրա հոգևոր ու մտավոր ներուժային դեռևս չբացահայտված մեծ հնարավորությունների մասին։ Իմ գրքերով փորձում եմ այդ խնդիրները բարձրաձայնել»։
Երեք գրքեր է հեղինակել՝ «Հարուստ և հաջողակ լինելու գաղտնիքները», «Հաղորդակցման հմտություններ։ Մարդճանաչողության արվեստը» և առայժմ այս վերջինը՝ «Մտքի ուժը», որ մատենաշար դառնալու հավակնություն ունի, քանզի արդեն պատրաստ է հաջորդ պրակը, որ վերաբերում է մտքի ուժի ներգործությանը սիրո, ամուսնության, ամուր ընտանիք կազմելու հարցերին։ Նրա գրքերը հենց «մարդագիտություն» կոչվող երևույթի ինչ-ինչ գաղտնիքներ են երևակում՝ այդ ճանապարհին խոսքն ու խոհը ամրագրելով մարդկային ուղեղի անսահմանափակ հնարավորությունների առեղծվածային գաղտնիքների բացահայտման, մարդու մտքի հոգու ներդաշնակության, կյանքի վրա դրանց հզոր ներգործության ուժի մասին համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակների՝ Ռոնդա Բեռնի, Ջո Վիտալի, Բրայան Տրեյսի, Ջոն Ասսադի և այլոց իմաստախոս մտքերով (ի դեպ, այս առումով՝ մի դիտարկում. հեղինակի ինքնուրույն խոսքն ավելի հիմնավոր կհնչեր, եթե հիշատակվեին օգտագործված բոլոր աղբյուրները՝ դրանց հղումներով հանդերձ)։
Գիրքն ավարտվում է «Կյանքի «այբուբենի» ամփոփիչ խորհուրդներով» և մաղթանքով, որ Արարչի կողմից պարգևված կյանքը մարդը պետք է ապրի արժանավայել՝ առաջնորդ ունենալով մտքի ուժը ու նրա ճշմարիտ գործադրմամբ քայլ առ քայլ իրականացնելով իր առջև դրված նպատակներն ու երազանքները։ Իսկ առջևում մեզ սպասում են նոր հանդիպումներ Էմմա Տանանյան երևելի մանկավարժի մտքի ուժով արարված գրքերի հետ։
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր