Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ջրաչափային ոդիսական

Ջրաչափային ոդիսական
17.07.2015 | 01:40

Սարի թաղում կա մի ասֆալտապատ փողոց, փողոցի համարն է 26։ Հիշյալ պատվարժան փողոցում մի ջրաչափ «խումար» վիճակում է հայտնվել։ Եվ ահա ջրաչափի կապարակնիքը ինչ-որ չար ձեռքով վնասվում է։ Թե ո՞վ է վնասել, պատմությանը անհայտ է։ Հնարավոր է, որ խիստ հետաքրքրասեր մի անցորդ վնասել է այն, կամ պատանի մի հրոսակ ինչ-ինչ նպատակներով պոկել է սույն աչալուրջ վերահսկիչ սարքը, այսինքն` կապարակնիքը։ Անշուշտ, ջրաչափի սեփականատեր թիվ 34 տան բնակչուհի, «Իրատես» թերթի աշխատակցուհի Գոհար Սարգսյանը այս ամենին անտեղյակ է, քանի որ նա հրացանն ուսին դժվար թե գիշեր ու ցերեկ հսկի ջրաչափի կուսական անաղարտությունը։ Մի խոսքով, տիկին Գոհարը դիմում է «Երևանջուր» ընկերությանը և խնդրում վերականգնել վնասված կապարակնիքը։ Ի պատասխան նրա տագնապալից հեռախոսազանգի, ընկերությունից տեղեկացնում են, որ ջրաչափի վնասը վերականգնելու համար տանտերը պետք է մուծի 4000 դրամ, որից հետո, իհարկե, հանդիսավոր պայմաններում կապարակնիքը կվերականգնվի։ Շատ հետաքրքիր է «Երևանջուր» ընկերության այս մոտեցումը։ Չէ՞ որ մեկ շաբաթ անց ինչ-որ մեկը միտումնավոր կամ պատահաբար դարձյալ կարող է վնասել ջրաչափը։ Ի՞նչ է, կրկին բնակի՞չը պետք է այս ամենի «ջառման քաշի»։ Ինչո՞ւ և ի՞նչ տրամաբանությամբ։ Մի խոսքով, սպասում ենք, որ «Երևանջուր» ընկերությունը կգտնվի արժանի բարձրության վրա և իր սեփական ուժերով կվերականգնի «հաշմանդամ» կապարակնիքը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ