Գերմանիան փախստականների հարցում շրջադարձ է կատարում և սահմանային վերահսկողություն է մտցնում։ Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը դեմ է առել սեփական ինքնավստահության և Եվրոպայի տեղից չշարժվելու քարին՝ Süddeutsche Zeitung-ում գրում է քաղաքագետ Շտեֆան Կոռնելիուսը։
«Երկու շաբաթ առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օրեցօր ավելացող փախստականների դեմ դրեց բարեհոգի և սրտաբաց Գերմանիային՝ հայտարարելով, թե «մենք կարող ենք անել դա»։ Կիրակի դաշնային կառավարությունը տպավորիչ շրջադարձ կատարեց՝ հայտարարությունը վերաձևակերպելով. «Մենք ամեն դեպքում չենք կարող անել դա»։ Կանցլերի համար սա նշանակում է ընդունել քաղաքական սխալ հաշվարկը, ինչը նրա ղեկավարության 10 տարիների ընթացքում երբեք չէր պատահել։ Գերմանացի ազգը կանգնած է բարդ քաղաքական բանավեճի առջև։ Իսկ Եվրոպայի համար սա հստակ մեսիջ է՝ Գերմանիան հասկացել է, որ չի կարող ԵՄ միգրացիոն քաղաքականության մեջ միայնակ հեղափոխություն կատարել»,- գրում է Կոռնելիուսը։ Նա անդրադառնում է հանգստյան օրերին Գերմանիա հասած փախստականների հոսքին և նշում, որ հազարավոր ներգաղթյալների հոսքը կաթվածահար է արել Մյունխենը և սասանել անգամ դաշնային հողերի համերաշխությունը։ Եվրոպայում արդեն վաղուց նշմարվող երկակի չափանիշները հասան նաև Գերմանիա, որն իր «բարի գալուստի» քաղաքականությամբ հրապուրիչ կերպար է ստեղծել շատ փախստականների համար՝ Սիրիայից սկսած մինչև Պակիստան։ «Ոչ, Գերմանիան չի կարող բաց լինել բոլորի համար, քանի որ երկիր ներգաղթած մարդկանց հսկայական քանակը եթե ոչ ֆինանսապես,ապա սոցիալապես ծանրաբեռնում է երկիրը»,- բարձրաձայնում է քաղաքագետը։
Նա նշում է, որ Գերմանիայի վարած քաղաքականությունը ձախողվել է բարոյական պարտքի բեռի տակ կքելու պատճառով, պարտք, որը պարտադրում է ապաստան տրամադրել պատերազմից փախած ցանկացած քաղաքացու։ «Այդ քաղաքականությունը դեմ է առել սեփական ինքնավստահության և Եվրոպայի անշարժունակության քարին։ Եվրոպան վտանգավոր դիսբալանսի մեջ է։
Հունգարիայի և նրա հարևանների, Դանիայի և Գերմանիայի միջև լարված իրավիճակը վտանգի տակ են դնում ազատ տեղաշարժի իրավունքը և Եվրոպայի իրավական դաշտը։ Կարելի է դատապարտել ԵՄ անդամ երկրների տեղից չշարժվելու ցանկությունը, սակայն համերաշխությունը երկսայր թուր է, որը հավասար է բոլորի համար, այդ թվում՝ նրանց, ովքեր իրենց հալածյալ են համարում։ Նրանք այս անգամ ակնհայտորեն մեծամասնություն են կազմում»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ համերաշխությունը ենթադրում է ԵՄ բոլոր անդամների համար հավասարապես կիսել փախստականների բեռը։ «Սահմանների վերահսկողությունը վերականգնելն ու Բալկաններից եկած փախստականներին հետ դարձնելը սկզբում հնարավոր է չնչին ազդեցություն ունենան մարդկանց քանակի վրա։ Այդ պատճառով սահմանային վերահսկողությունը խորհրդանշական է։ Սա ընդամենը գերմանական տարբերակն է այն ճչացող մեսիջի, որն այսպես թե այնպես կոպիտ է հնչում. «Մենք չենք կարող և չենք ուզում բոլորին ընդունել»,- եզրափակում է հեղինակը։