ԵՄ երկրների ներքին գործերի նախարարները Բրյուսելում քննարկել են՝ ինչպես և ուր տեղավորել 120 հազար միգրանտներին: Հանդիպումից առաջ Չեխիան հայտարարել է, թե չի ընդունելու միգրանտների տեղաբաշխման համակարգը: Նույն դիրքորոշումն ունեն նաև Կենտրոնական Եվրոպայի մի քանի երկրներ: Միգրանտների ճգնաժամի հարցով ԵՄ ղեկավարները արտահերթ գագաթնաժողով են անցկացնելու այսօր: Հորվաթիայում ոստիկանների և միգրանտների միջև ծեծկռտուք է բռնկվել: Օպատովաչ գյուղում տեղակայված տարանցիկ ճամբարի բնակիչները սկսել են մոտենալ դարպասներին՝ պահանջելով իրենց ազատ արձակել, քանի որ իշխանությունները խոստացել են, որ ճամբարում կմնան 24 ժամ, հետո կարող են շարունակել ճանապարհը: Ի պատասխան, ոստիկանությունը դարպասներից հետ է հրել միգրանտներին: Երբ օրերս Հունգարիան փակեց Սերբիայի հետ իր սահմանը, Սերբիայի միջոցով ԵՄ հարուստ երկրներ անցնել ձգտող միգրանտները շարժվեցին դեպի Հորվաթիա, որ այնտեղից հասնեն Գերմանիա և Հորվաթիան փակեց Սերբիայի հետ սահմանի ութ անցակետերից յոթը: