Երեկ ուշ երեկոյան Բրյուսելում կայացել է ԵՄ երկրների ղեկավարների արտահերթ հավաքը, որի հիմնական թեման միգրացիոն ճգնաժամն էր։ Նախապես հաղորդվում էր, որ արտահերթ գագաթնաժողովում նրանք վերջնական որոշումներ չեն ընդունելու՝ հաշվի առնելով խնդիրների բարդությունը։ Խոսքը ճգնաժամի լուծման հիմնական ուղիները հստակեցնելու մասին է։ Քննարկումներն այս անգամ ևս ուղեկցվեցին լուրջ տարաձայնություններով։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի քանի երկրների ղեկավարներ համաձայն չեն փախստականների պարտադիր տեղաբաշխման սահմանմանը։
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ պետք է անհապաղ հստակ պլան մշակել ճգնաժամը հաղթահարելու և քաոսին վերջ դնելու, սահմանային պատշաճ վերահսկողություն սահմանելու համար, հակառակ դեպքում, ինչպես ընդգծել է Տուսկը, Շենգենյան գոտին փակելու վտանգը կմեծանա։
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն լրագրողների հետ զրույցում նշել է, որ թեև ուշացումով են փորձում խնդրին լուծում տալ, ուղիներ պետք է փնտրել։ «Կարծում եմ, որ դա խոսում է ոչ թե եվրոպական միասնականության, այլ եվրոպական միասնության բացակայության մասին, հատկապես, որ հարցը չենք քննարկել գարնանը, երբ իրավիճակը վատթարանում էր»,- ասել է Լիտվայի նախագահը։ Հորվաթիան, որ վերջին օրերին փոխարինում էր Սերբիայի հետ սահմանները փակած Հունգարիային, փորձում է առաջնային դարձնել Հունաստանի և Թուրքիայի սահմանների վերահսկողության հարցը, որտեղից էլ դեպի Հորվաթիա էին հասնում օրական հազարավոր փախստականներ։ «Տեղաբաշխումն ինձ համար ամենակարևոր հարցը չէ, կարևորն այն է, թե ինչպես կանգնեցնել մարդկանցով լի այդ նավակը։ Պետք է Հունաստանին համոզել, խնդրել, պարտադրել, որպես Շենգենյան գոտու երկրի, որ սկսի վերահսկել արտաքին սահմանները»,- ասել է Հորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչը՝ հավելելով. «Եթե Եվրամիությունը ի վիճակի չէ սա անել, մնացյալ քննարկումներն անիմաստ են և ոչնչի չեն հանգեցնի»։
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը կարծում է, որ արտաքին սահմանների վերահսկողությունից առավել կարևոր է ակտիվություն դրսևորել այն հարցերում, որոնք փախստականների հոսք են առաջացնում՝ օրինակ՝ Սիրիայի պատերազմը:
Միայն այս տարի Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից Եվրամիության տարածք է մտել կես միլիոն միգրանտ։ Առայժմ Եվրամիությունը համաձայնության է եկել 120 հազարի տեղաբաշխման շուրջ, ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ հաջորդ տարի ապաստան խնդրողների թիվը կարող է հասնել կես միլիոնի։