Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը կարծում է, որ Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը լուրջ վտանգ է ԵՄ-ի համար՝ ընդհուպ փլուզման: Kronen Zeitung-ին հոկտեմբերի 24-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ԵՄ ղեկավարները ընտրության առաջ են՝ կամ միասնական Եվրոպա, կամ խաղաղ փլուզում: «Առաջին ճանապարհը բավականին բարդ է, հնարավոր է՝ երկարատև, երկրորդը հանգեցնելու է քաոսի»՝ ասել է Վերներ Ֆայմանը: Նա ընդգծել է, որ ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությունը կարևոր է, սակայն միգրանտների հոսքը կասեցնելու այդ միջոցը չպետք է հանգեցնի ԵՄ յուրաքանչյուր պետության պարիսպներ կառուցելուն: Ավստրիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միկլ-Լյայտները նախօրեին ասել էր, որ «միգրանտների վարքագիծը օրեցօր էմոցիոնալ է դառնում, նրանք խուճապի մեջ են»: Նախարարը զգուշացրել է, որ անկարգությունների դեպքում իրավապահները անհրաժեշտ միջոցներ ձեռք կառնեն: Ամեն օր Ավստրիա են մտնում 6,5 հազար փախստականներ, նրանցից 4,5 հազարը ուղղվում են Գերմանիա: