Հյուսիսային պողոտայում բացվել է արդեն ավանդական դարձած «Սուրբ ծննդյան տոնավաճառը»: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Տոնավաճառը կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ: 32 ինքնատիպ տաղավար-տնակներում ներկայացված են Ամանորի և Սուրբ ծննդյան խորհրդանիշներ, տոնական զարդեր և հուշանվերներ, քաղցրավենիքի մեծ տեսականի՝ հրուշակեղեն, շոկոլադ, մրգերից պատրաստված անուշահամ չրեր, նաև տաք գինի:
Տոնավաճառը կգործի դեկտեմբերի 5-ից մինչև հունվարի 6-ը, ամեն օր՝ ժ. 13։00- 22։00-ն: Տոնավաճառի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին և մանկական «Եվրատեսիլ» միջազգային երգի 2015 թ. մրցույթում երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրած փոքրիկ Միկային, ով ավելի ուշ նաև ելույթ է ունեցել եվրատեսիլյան իր երգով: Տոնավաճառի բացմանը ելույթ է ունեցել նաև «Երևանյան թմբուկներ» նվագախումբը: