ՄԱԿ-ը կոչ է արել Եվրոպա ժամանող փախստականներին վերաբերվել կարեկցանքով և հարգանքով: Մեկնաբանելով Դանիայի խորհրդարանի որոշումը, որը խստացրել է միգրացիայի մասին ազգային օրենքը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հիշեցրել է ապաստան փնտրող մարդկանց իրավունքների մասին: «Մարդկանց, ովքեր անհավանականորեն տառապել են, փախել պատերազմից և հակամարտություններից, ուղիղ իմաստով անցել հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր կիլոմետրեր, վտանգի են դիմել՝ հատելով Միջերկրական ծովը, անհրաժեշտ է վերաբերվել կարեկցանքով և հարգանքով՝ համապատասխան նրանց իրավունքների՝ որպես փախստական, համաձայն 1951 կոնվենցիայի»,- ասել է Դյուժարիկը: Դանիայի խորհրդարանում մեծամասնությունը պաշտպանել է միգրացիայի և ապաստանի տրամադրման օրենքում փոփոխությունների փաթեթը: Խորհրդարանի հաստատմանն է առաջարկվել 10 կետ: Ոստիկանությանը հնարավորություն է տրվում փախստականներից բռնագանձել 10 հազար դանիական կրոնը գերազանցող գումարներն ու արժեքավոր իրերը՝ կեցության ու բուժսպասարկման վճարների համար: