«Լևադա»-ի հարցումը ցույց է տալիս, որ մեծանում է մտահոգությունը երկրի տնտեսական վիճակի առնչությամբ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը նվազել է՝ 82 տոկոս՝ նախկին 86-ի փոխարեն։ Պուտինը նման վարկանիշ է ունեցել 2014-ի մարտին՝ մինչև Ղրիմի անեքսիան։ Ղրիմի անեքսիայից հետո հարցմանը մասնակցած ռուսաստանցիների կեսից ավելին բացասական պատասխան է տվել հարցին՝ ճի՞շտ ուղղությամբ է շարժվում Ռուսաստանը, դրական է պատասխանել 45 տոկոսը։ «Վերջին կես տարում իր կարծիքը դրականից բացասականի է փոխել 15 տոկոսը»,- ասված է «Լևադա»-ի զեկույցում։ Հարցին, թե զարգացումները երկրում տանում են դեպի փակուղի՞, դրական է պատասխանել 34 տոկոսը։ Նույն հարցին հունիսին դրական էր պատասխանել 22 տոկոսը։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի վարկանիշը նույնպես նվազել է՝ մինչև 56 տոկոս։ Նրա կառավարության գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 50 տոկոսը։ «Լևադայի» փորձագետները նկատում են, որ և Պուտինի, և կառավարության վարկանիշը Ռուսաստանում այսօր ավելի բարձր է, քան եղել է մինչև 2014-ի մարտը։ Հարցումները ցույց են տվել, որ երկրում մեծանում է մտահոգությունը տնտեսական վիճակի շուրջ։ Ռուսաստանցիների հայրենասիրական տրամադրությունները գերակշռում են տնտեսական ճգնաժամից դժգոհությանը։