Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Երիտասարդական նվագախմբի անսամբլներն ակտիվ գործունեություն են ծավալում

Երիտասարդական նվագախմբի անսամբլներն ակտիվ գործունեություն են ծավալում
26.02.2016 | 00:22

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կազմում գործող Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային կվարտետն այս տարվա մայիսին հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում՝ ունենալով ութ համերգ: Խումբը հանդես է գալու հատուկ այս կվարտետի համար փոխադրված ստեղծագործություններով։ Ներկայացվելու են Խաչատրյանի, Հարությունյանի, Չայկովսկու, Ռախմանինովի, Բիզեի, Բեռնստայնի, Բախի, Մոցարտի ստեղծագործությունները։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, ինչպես նաև Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային կվարտետի կլառնետահար ԴԱՎԻԹ ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆԸ, «Իրատեսի» հետ խոսելով մեծ նվագախմբերի կազմում անսամբլների գործունեության մասին, նշում է, որ պրոֆեսիոնալ նվագախմբերում ընդունված է տարբեր գործիքային անսամբլների առկայությունը։ «Մեծ երաժիշտ, դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանը ողջունում էր նվագախմբերում անսամբլային սկիզբը, քանի որ կարծում էր, որ կամերային մտածողությունը, այդ կազմով նվագելը զարգացնում են ավելի ճիշտ, դիպուկ ու զգայուն լսողություն։ Անսամբլով հանդես գալն ունի իր յուրահատուկ բարդությունը։ Այդ կազմում յուրաքանչյուր երաժիշտ հանդես է գալիս մենանվագ նվագամասով։ Այդտեղ մեխանիզմը մի փոքր այլ կերպ է աշխատում, քանի որ երաժիշտը պետք է հաշվի առնի անսամբլային իրավահավասարության օրենքները և ենթարկվի դրանց։ Որպես կանոն, անսամբլները կազմված են լինում նվագախմբի առաջատար երաժիշտներից, մենակատարներից և նվագախմբի համերգային գործունեությունից զատ, հանդես են գալիս առանձին երկացանկով, ծրագրով, ունենում են տարբեր համերգներ՝ ներկայացնելով նաև նվագախումբը»,- ասում է Դավիթ Գյուլամիրյանը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը նույնպես անմասն չի մնացել այս դարավոր ավանդույթներից։ Մեր զրուցակիցը հպարտությամբ նշում է, որ նվագախմբում ունեն տարբեր գործիքային անսամբլներ։ Նա նկատում է, որ այս հարցում ինքնատիպ են գտնվել, քանի որ այդ անսամբլները կրում են մեր մեծերի անունները՝ Ալեքսանդր Հարությունյան, Աբգար Մուրադյան (Դավիթ Գյուլամիրյանը, ի դեպ, վերջինիս աշակերտն է) և այլք՝ այդպիսով կարևոր առաքելություն կատարում՝ ևս մեկ քայլ անելով նրանց մեծարելու, հանդիսատեսին ներկայացնելու գործում։ Դավիթ Գյուլամիրյանը տեղեկացնում է, որ երիտասարդական նվագախմբի կազմում գործում են փայտափողային կվինտետը, Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային կվարտետը, Աբգար Մուրադյանի անվան դուետը, լարային քառյակը, պղնձափողային, փայտափողային կվինտետները: Այս բոլոր անսամբլները բուռն ու ակտիվ գործունեություն են ծավալում՝ ապացուցելով, որ երիտասարդական նվագախումբը բազմապրոֆիլ է։
Խոսելով Ալեքսանդր Հարությունյանի կվարտետի մասին՝ կլառնետահարը նշում է, որ անսամբլի անդրանիկ համերգը տեղի է ունեցել 2015-ին։ Այժմ ավարտում են առաջին ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքները։ Դավիթ Գյուլամիրյանն ընդգծում է, որ այս անսամբլի առաջիկա ելույթները Չինաստանում մեծ հաղթանակ են ոչ միայն իրենց՝ չորս երաժիշտների, այլև Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3468

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ