«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ՝ «Հայացք» հեռուստաստուդիայի տնօրեն Անի Հայրապետյանը և հեռուստաընկերության սան Ալվարդ Դավթյանը խոսեցին հայաստանյան լրագրության պատմության մեջ առաջին անգամ իրականացվող մեդիա արշավի մասին դեպի Չեխիայի Հանրապետություն, որի նպատակն է
պարզել չեխական լրատվության առանձնահատկությունները և զուգահեռներ տանել մեր երկրի լրատվական դաշտի հետ: Տասնօրյա լրատվական արշավի ընթացքում նախատեսված են այցելություն Չեխիայի Հանրային հեռուստաընկերություն, հանդիպումներ «Օրեր» հայկական պարբերականի անձնակազմի, հայ համայնքի և տեղի երիտասարդ լրագրողների հետ:
Հեռուստաստուդիայի տնօրեն Անի Հայրապետյանն իր խոսքը սկսեց, ասելով, որ «Հայացք» հեռուստաստուդիայի համագործակցությունը Չեխիայի Հանրային հեռուստաընկերության հետ և այցերի հիմնական նպատակը կրում են բազմակողմանի բնույթ, միջազգային փորձի ուսումնասիրումից և փոխանակումից մինչև միջազգային մեդիա ոլորտի ուսումնասիրում, սակայն կարևորագույն նպատակն է հեռուստաստուդիայի սաներին միջազգային լրատվության, միջազգային քաղաքականության և տուրիզմի հետ ծանոթացնելը:
Անի Հայրապետյանը նշեց, որ դպրոցում ուսանում են հիմնականում 12-17 տարեկան երեխաներ, ովքեր ապագայումցանկանում են դառնալ լրագրողներ: Դպրոցում սովորեցնում են լրագրություն և դրա համար տեղի բոլոր հեռուստաընկերություններում պրակտիկա անցնելուց հետո որոշվեց նաև գործնականում ուսումնասիրել միջազգային փորձը, և Չեխիայի Հանրային հեռուստաընկերության հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո որոշվեց լավագույն սաներից ինը, տասը երեխա տանել Չեխիա, որտեղ «Օրեր» պարբերականը սպասում է իրենց՝ համատեղ պրակտիկա անցկացնելու, Չեխիայի Հանրային հեռուստաընկերությունում սաները կծանոթանան տեղի երիտասարդ լրագրողների և հաղորդավարների հետ:
Լրագրողի հարցին ի պատասխան` Անի Հայրապետյանն ասաց, որ «Հայացք» հեռուստաստուդիան գործում է հինգ տարուց ավելի, իսկ «Երիտասարդ լրագրողների դպրոցը» մեկնարկել է 2015-ին և դպրոցում սաների հետ աշխատում են այնպիսի հայտնի ու լավագույն մասնագետներ, լրագրողներ, ինչպիսիք են Արտակ Ալեքսանյանը, Գնել Նալբանդյանը, Նազենի Հովհաննիսյանը և այլք, իսկ ներկայումս դպրոցում վարպետության դասեր է տալիս հայտնի լրագրող Ալեքսանդր Սայադյանը:
Լրագրողի այն հարցին՝ թե ինչպիսի հիմնական ուղղվածություն և շեշտադրումներ կան դպրոցում՝ Անի Հայրապետյանը պատասխանեց.
- Ավելի շատ այս պահին մենք հիմնական շեշտը դնում ենք մաքուր հայերենի վրա, որովհետև ցավով եմ նշում այն, որ մեզ մոտ երեխաները գալիս են դրսից և դպրոցից առանց գրելու և գրագետ խոսելու ունակության:
Իսկ «Երիտասարդ լրագրողների դպրոցի» սան Ալվարդ Դավթյանը լրագրողների հարցին պատասխանեց.
- Այստեղ սովորում եմ արդեն մեկ տարի, «Հայացք» հեռուստաստուդիան մի դպրոց է, որտեղ գտնում ես քո աշխարհը, որտեղ ամեն ինչ քեզ համար հետաքրքիր է, սակայն ավելի շատ ինձ հոգեհարազատ է քաղաքական լրագրությունը, ինձ թվում է` դա իմ ներաշխարհն է, և այնտեղ ես ինձ լիարժեք եմ զգում:
Էմիլ ՄԱՐԿՈՍՅԱՆ