«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ստամբուլի հայերը պահանջում են հայկական նախակրթարաններ ստեղծել՝ երեխաներին մանկուց հայախոս միջավայրում մեծացնելու համար

Ստամբուլի հայերը պահանջում են հայկական նախակրթարաններ ստեղծել՝ երեխաներին մանկուց հայախոս միջավայրում մեծացնելու համար
12.10.2016 | 14:55

Ստամբուլի հայ համայնքի մի շարք ընտանիքներ և հատկապես երիտասարդ մայրերն ահազանգում են, որ համայնքը հայեցի կրթություն տվող նախակրթարանների կարիք ունի, գրում է «Ակօսը»: Չնայած Ստամբուլում գործում են հայկական վարժարաններ, որոնց թվում կան տարրական, միջին և ավագ դպրոցներ, հայ մայրիկները համայնքից խնդրում և պահանջում են, որ ստեղծվեն հայկական նախակրթարաններ, որոնց շնորհիվ հայ ընտանիքի երեխան կկարողանա հայախոս միջավայրում ձևավորվել հենց այն ժամանակաշրջանում, երբ սկսում է խոսել: Ռեժիսոր և երիտասարդ մայրիկ Լուսին Դինքը (Հրանտ Դինքի եղբոր՝ Խոսրով Դինքի դուստրը) «Ակօս»-ի էջերում կիսվել է խնդրի վերաբերյալ իր մտահոգություններով և առաջարկներով:

«Աղջիկս 1,5 տարեկան է: Ցանկացա նրան այս տարի շաբաթական գոնե մի քանի ժամով հայկական կրթարան տանել: Մեր կրթարանները երեխաներին ընդունում են 3 տարեկանից: Այս իրավիճակը դրդում է շատ ընտանիքների իրենց երեխաներին ստիպված պետական թուրքական մանկապարտեզներ ուղարկել: Երբ զանգահարեցի մեր կրթարաններից մեկը, ինձ ասացին. «Ախր գոնե խոսել իմանար ամբողջովին»: Ըստ իս՝ հենց խոսել սովորելու շրջանում երեխայիս հայկական միջավայրում լինելն է կարևոր: Ես հայերեն եմ խոսում, բայց, օրինակ, գնում ենք այգի, երեխան կողքի մարդկանցից այս կամ այն բառերն է սերտում, թուրքական միջավայրի դիմաց քոնը մնում է անբավարար: Բայց չէ՞ որ կարող են ստեղծվել 0-3 տարեկան երեխաների համար խաղային խմբեր: Դադյան հայկական դպրոցի շենքը դատարկ կանգնած է: Եթե օգտագործվի այդ նպատակով, ապա ես կտանեմ իմ երեխային այնտեղ՝ Բաքըրքյոյ (Ստամբուլի եվրոպական մասում գտնվող հայաշատ թաղամաս), թեկուզև ապրում եմ Քադըքյոյում (Քադըքյոյը Բոսֆորի մյուս ափին գտնվող հին հայկական-հունական թաղամասն է, որը համարվում է Ստամբուլի ասիական հատվածի երկու մեծ շրջաններից մեկը): Ինչո՞ւ մենք պետք է երեխային կրթության տանք հայ համայնքից դուրս, հենց այն շրջանում, երբ ձևավորվում է նրա բնավորությունը: Սա հիմքերը դնելու խնդիրն է: Լեզու կոչվածը միայն հայերեն սովորելը չէ, լեզուն նաև մեր մշակույթն է: Ես չեմ կարծում, որ մեր համայնքն ի վիճակի չէ կազմակերպելու այս ամենը: Պլազաների բարձրահարկ շենքեր կառուցել կարողացող համայնքը մանկապարտեզ էլ կկառուցի»,- նշել է Լուսին Դինքը:


Ստամբուլում գործում է 16 հայկական վարժարան, որոնցից 13-ը մասնավոր են, 3-ն էլ՝ համայնքի ընդհանուր սեփականությունը (Լոզանի պայմանագրի 3-րդ բաժնի 40-րդ կետի համաձայն՝ Թուրքիայի կրոնական փոքրամասնություններն իրավունք ունեն իրենց հաշվին ստեղծել համայնքային դպրոցներ, բարեգործական հիմնադրամներ և այլ հաստատություններ): Այս դպրոցներում կարող են սովորել 6 տարեկանը բոլորած հայ քրիստոնյա ընտանիքի զավակները: Դպրոցներն ունեն նաև նախակրթական որոշ ծրագրեր՝ սկսած 3 տարեկանից: Թուրքիայի հայկական վարժարանների մեծ մասը գոյատևում է համայնքի բարերարների նվիրատվությունների հաշվին, դրա հետ զուգահեռ՝ դպրոցներ հաճախող հայ աշակերտների թիվն ամեն տարի նվազում է: Դա կապված է թե Կ. Պոլսի հայ համայնքի արտագաղթի, թե վարժարանների ուսման բարձր վարձավճարների հետ (Ստամբուլի հայկական վարժարանների ուսման վարձերը կազմում են տարեկան միջինը 3000 դոլար):

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ