«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ծուղակ

Ծուղակ
25.11.2016 | 10:52

Մի հաղորդում կա Հ2 հեռուստաալիքով` «Օդից փող»: Հայտնվում է ցուցանակ, վրան գրեր, ցուցանակի ներքևում գրված է.
-Գտնել այսքան տառից բաղկացած բառը, գտնել …,- մի խոսքով` գտնել ճիշտը:
Հիմնականում պարզունակ` պրիմիտիվ առաջադրանքներ են: Հեռուստադիտողս (մեկը՝ ես), զարմանալով, «Զանգահարե՛ք, արագ հավաքեք նշված հեռախոսահամարը և տվեք ճիշտ պատասխան: Եվ կստանաք 30 հազար դրամ» տենդագին հորդորին և պահանջին անսալով, իրոք հավաքում եմ այդ տարօրինակ համարը և սպասում եմ «Ալո՞»-ին: Բայց սկսվում է ինչ-որ ձայնագրություն` երկար, հատուկ ոճով, կիսա կամ անըմբռնելի բովանդակությամբ (խաղի տրամադրությանը և էկրանի տենդախոս ու քաղցրաժպիտ հաղորդավարի ոճին անհարիր): Լսափողի մեջ միաժամանակ անընդհատ կրկնում են, որ գտնվում ես խաղի մեջ:

Սա է որսում ականջդ: Ակնդետ հետևում ես էկրանին, երիտասարդը շարունակ հորդորում է զանգել, դու դեռ գծի մեջ ես և սպասում ես միացմանը: Այդ ընթացքում զանգ է հնչում էկրանին, և տրվում է սխալ, նույնիսկ անհեթեթ պատասխան: Համբերությամբ սպասում ես, որ վերջապես գծում գտնվող քո զանգը կհնչի, կտաս ճիշտ պատասխանը և հեռանկարում կստանաս մրցանակային գումարը: Հնչում է ուրիշ մի զանգ, այնտեղ` էկրանին, և տրվում է ճիշտ կամ սխալ պատասխան: Եթե` ճիշտ, հեռախոսակապդ ընդհատվում է, եթե սխալ, մնում ես կապի մեջ: Սա իրադրությունն է: Հետո է գալիս իրական փաստը, որ ավելի ուշ գիտակցության է փոխարկվում: Պարզվում է, որ դու` այդքան կարոտ այդ 30 հազարին, ոչ միայն չես վաստակել այն (երբ իրականում, ըստ քեզ, դրան ավելի քան մոտ էիր), այլև կորցրել ես քո ստանալիք թոշակի կեսը` զանգելու և հեռախոսագծում մնալու պատճառով (որովհետև դա հատուկ հեռախոսակապ է): Այդպես, դառն ու գեշ խորհուրդ ունի այս խաղը: Անունն էլ պատահական չէ: Ծաղր ու ծանակ է թշվառության մեջ հածող հայաստանցիների այս մեծաթիվ խմբի, ժողովրդի հանդեպ: Այնինչ այս հաղորդումը եթերում է արդեն քանի ամիս:


«Օդից փող» է կոչվում, և թվում է, թե խաղացող հեռուստադիտողն է վաստակելու փող օդից: Այնինչ խաղացնող թիմն է սարքում փող օդից:
Եթեր է հեռարձակվում միջօրեին, երբ ովքե՞ր են տանը... չաշխատող զանգվածը: Իսկ ովքե՞ր են այդ հեռուստադիտողները... թոշակառուները, գործազուրկները, բարեկեցության կարոտյալները: Ճանաչածս տուժածների մեջ կան դպրոցականներ (ովքեր հավաքել են հեռախոսահամարը անմիջականորեն կամ պատահականորեն), ծերունիներ, թշվառներ: Սա խաղ չէ, սա ծուղակ է:
Իհարկե, խաղը, ուզած խաղ, միշտ էլ ունի իր կանոնները, իր խորամանկությունները, կառուցվածքը: Այն ինքնին գայթելու, սխալի ու ճշտի, փորձելու ու փորձվելու դրվագներ է ներառում: Բայց սա այլ բան է:


Այդ գայթակղությունն ուղղված է խոցելի զանգվածին: Հիմնականում նա խաղահրավերի` «հորդորի» հասցեատեր է դարձրել խեղճերին, փողազուրկներին: Ծուղակի տարր է, բնականաբար, հաղորդավարի տենդաշունչ խոսքը: Ծուղակի տարրերից է նաև ցուցանակի ներքևում մանրատառ առաջադրանքի մի մասը: Առաջադրանքի մյուս մասը եռանդուն անլուռ երիտասարդի շուտասելուկում է: Կոնկրետ առաջադրանքը, անշուշտ դիտավորյալ, շատ ուշ-ուշ է ներկայացվում:
Ի դեպ, հաղորդավարը զարմանալիորեն տեր է գրագետ խոսքի:
Ամեն դեպքում, այս խաղի հեղինակները և տեղական-պետական եթերով սփռողները պիտի ինչ-ինչ բաներ վերանայեն և այդքան չցավեցնեն խեղճուկրակ հայ մարդուն:


Լաուրա ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ