Դադիվանք այցելելը նշանակում է բացահայտել Կովկասի սիրտը, գրել է Սիմոնե Ձոպելարոն իտալական Treccani պարբերականում՝ Լեռնային Ղարաբաղ այցի տպավորություններով։ «Ճանապարհին, որով վանք ես գնում Ստեփանակերտից, մի լքված տանկ կա։ Այստեղ նույնիսկ պատերազմն ասես մի ակնթարթ լռում է։
Դադիվանքը ապշեցնում է կուսական բնության կատարյալ լռության մեջ իր ընկղմվածությամբ։ Եկեղեցու պատմությունը սկիզբ է առնում քրիստոնեության առաջին դարերից։ Եկեղեցին Լեռնային Ղարաբաղում է։ Պատերազմն այստեղ մնում է «սառած»՝ ասես անեծքով, որ քառորդ դարից երկար է տևում։ Դեպի Դադիվանք ճանապարհը դժվարանցանելի է ու երկար։ Երկու ժամում, որ ես այստեղ անցկացրեցի, ես միայն տասնյակ այցելուների նկատեցի։ Եվ նրանց մեջ ես ճանաչեցի մի հայ եպիսկոպոսի՝ Սպահանից, որտեղ ես մի տարի ապրել եմ ու դասավանդել համալսարանում։ Ասես երեկ լիներ, որ նա մոտեցավ ինձ ու խիստ ձայնով դիտողություն արեց, որ եկեղեցում ոտքս ոտքիս գցած եմ նստել։ Պատկառելի, խստապահանջ, հնչեղ բարիտոնով: Դադիվանքն այսպես է կոչվել Դադիի անունով, որ Թադեոս առաքյալի աշակերտն է եղել ու քրիստոնեության արշալույսին հավատ է բերել այստեղ ու այստեղ էլ նահատակվել։ Հենց նրա աճյունի վրա է կառուցվել եկեղեցին։ Իր ներկա տեսքը ստացել է 13-րդ դարում՝ միավորելով հայկական միջնադարյան ճարտարապետության լավագույն ավանդույթները ՝ խոշոր շինություններ, զուսպ ուրվագծեր, որոնցում խաղում են լույսն ու ստվերը, նրբագեղ խաչքարեր, մեծ, արտահայտիչ որմնանկարներ։ Եվ իհարկե ճարտարապետության ու շրջակա բնապատկերի ներդաշնակություն։
Դադիվանք այցելելը նշանակում է բացահայտել Կովկասի սիրտը։ Մշակութային ու կրոնական դարավոր ավանդությունների կենտրոնակետ։ Նաև անվերջանալի տառապանքների ու պատերազմների կենտրոնակետ։ Խաղաղություն այդտեղ առայսօր չկա»։