ԱՄՆ-ից քաղաքական ապաստան խնդրող ռուսաստանցիների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի վերջին 20 տարվա մեջ: Սեպտեմբերի դրությամբ՝ ԱՄՆ-ում քաղաքական ապաստանի հայց է ներկայացրել 2 հազար ռուսաստանցի, որ 30 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, փաստում են ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալները:
Պաշտոնական աղբյուրները չեն բացահայտում, թե կոնկրետ ի՞նչ խնդիրներով են ռուսները հայրենիքից հեռանում։ Ներգաղթյալների հարցերով զբաղվող փաստաբանները աճը կապում են սեռական փոքրամասնությունների նկատմամբ Ռուսաստանի իշխանությունների խտրական քաղաքականության, քաղաքական դաշտում ընդդիմախոսներին լռեցնելու և համատարած կոռուպցիայի հետ: «Մեր հաճախորդները բողոքում են բռնության աճից։ Շատերը մեզ են դիմում, քանի որ ֆիզիկական հարձակման զոհ են դարձել Ռուսաստանում»,- «Ազատության» ռուսական ծառայությանն ասել է Immigration Equality փաստաբանական գրասենյակի ներկայացուցիչ Պամելա Դենզերը:
Նյու Յորքում աշխատող փաստաբան Ելենա Շևցովան պատմել է, որ վերջին շրջանում իրեն հաճախ են դիմում վարչարարությունից ու կաշառակերությունից հոգնած գործարարները: «Իմ հաճախորդներից մեկի դեպքում կառավարությունը սկսել էր մոր նկատմամբ ճնշում գործադրել, որ որդին սովորում է ԱՄՆ-ում», - պատմել է փաստաբանը՝ մանրամասնելով. «Մայրն աշխատում էր «Ռոսատոմ» պետական կորպորացիայում, ղեկավարությունից հետաքրքրվել են, թե ինչո՞վ է զբաղվում նրա որդին Ամերիկայում, իսկ հետո կանգնեցրել են երկընտրանքի առաջ՝ կամ ազատման դիմում է գրում, կամ որդին պետք է վերադառնա»։
Վիճակագրությունը փաստում է, որ տարեցտարի ավելանում է նաև ԵՄ-ից ապաստան խնդրող ռուսաստանցիների թիվը։ Եթե անցած տարի հայրենիքը լքելու և Եվրոպա տեղափոխվելու ցանկություն էր հայտնել 18 հազար ռուսաստանցի, այս տարվա 6 ամիսներին միայն Գերմանիան 10 հազար հայտ է ստացել Ռուսաստանից: Վիճակագրությունը վերաբերում է միայն քաղաքական ապաստան խնդրողներին, իսկ թե որքա՞ն ռուսաստանցի է գաղթել երկրից այլ ճանապարհներով, հստակ չէ:
Ռուսաստանյան միգրացիայի մասին հետազոտության համահեղինակ Ալեքսանդր Գրեբենյուկի հաշվարկներով՝ իրական պատկերը մի քանի անգամ գերազանցում է պաշտոնական վիճակագրությունը: Փորձագետի զեկույցի համաձայն, միայն վերջին հինգ տարիներին Ռուսաստանից արտերկիր մշտական բնակության է մեկնել 500-ից 600 հազար մարդ: Հեռացողների մեջ մեծ թիվ են կազմում բարձրագույն կրթություն ունեցողները՝ գիտությունների դոկտորներն ու թեկնածուները: