Հունվարի 1-ից 12-ը ընկած ժամանակահատվածում «Սանիթեք» ընկերությունը շարունակել է արտակարգ ռեժիմով արձագանքել ձնամաքրման թեմայով քաղաքացիների բարձրացրած բոլոր հարցերին: Ընկերությունը, մասնավորապես, դիմումներ ու նամակներ է ստացել շուրջօրյա գործող թեժ գծի, ինչպես նաև Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջի միջոցով: Քաղաքացիների դիմումների բացարձակ մեծամասնությանը, որոնք ներառել են տարբեր բակային տարածքների հասցեներ, առաջնահերթ կերպով ընթացք է տրվել, և սառցակալած հատվածների սառցամաքրման աշխատանքներ են իրականացվել:
Ընկերությունը տեղեկացնում է, որ եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ որոշ տարածքներ կրկնակի մաքրման են ենթարկվում, և մշտապես ուշադրության տակ են պահվում մայրաքաղաքի գլխավոր և երկրորդային կարևորության ճանապարհները, հանրային նշանակության տարածքները, ներառյալ հիվանդանոցներ, ուսումնական հաստատություններ, ինչպես նաև այն բակային տարածքները, որտեղ աստիճանավանդակ, զառիթա կամ որևէ այլ դժվարանցանելի հատված է առկա: Երևանի բնակիչների անվտնանգ տեղաշարժը ապահովելու համար կրկնակի մաքրվում են բանուկ մայթեզերը և կանգառների հատվածները:
«Սանիթեք» ընկերությունը հորդորում է Երևանի բնակիչներին համագործակցային լինել և դժվարնանցանելի հետիոտնային տարածքներ նկատելու դեպքում հասցեն հայտնել ընկերության թեժ գծի 80-90 հեռախոսահամարով կամ ուղարկել ընկերության ֆեյսբուքյան էջին: