Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի մշտական բնակչությունն այս տարեսկզբին, 2016-ի հունվարի 1-ի համեմատ, նվազել է 12 100-ով: ԱԱԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքով՝ բնակչության թվաքանակի նվազումը պայմանավորված է ծնելության նվազմամբ և միգրացիայի աճով:
Պարզելու համար, թե որքան է կազմում միգրանտների թիվը, տնային տնտեսություններում անցկացրել են հետազոտություն. «Գնահատել ենք միգրացիայի ցուցանիշը. 24 հազար 600 մարդ՝ մինուս նշանով: 2015-ին ցուցանիշը եղել է մինուս 25 հազար 900, դրա նախորդ տարին եղել է մինուս 21 հազար 800: Այսինքն որոշակի աճ կա»:
2016-ի հունվար-դեկտեմբերին ավելացել են սահմանահատումների դեպքերը: Երկիր մուտք է գործել 769019 ՀՀ քաղաքացի, երկրից դուրս է եկել 820398 հայաստանցի: Ստացվում է, որ մեկ տարում չի վերադարձել նրանցից 51079-ը:
Վիճակագրական տվյալները վկայում են, որ նվազել է ծնունդների թիվը: Եթե 2014-ին գրանցվել է 43301 ծնունդ, 2015-ին՝ 41763, նախորդ տարի լույս աշխարհ է եկել 40638 նորածին: Մարդահամարի բաժնի պետը ընդհանուր տվյալների մեջ սա համարում է ամենամտահոգիչը՝ պայմանավորելով թե միգրացիայիով, թե ընդհանուր ժողովրդագրական պատկերով. «Եթե բնակչության թվաքանակը նվազում է, բնականաբար ավելի քիչ ամուսնական զույգեր են գրանցվում, բնականաբար ավելի քիչ երեխաներ են ծնվում: Բայց էն մի գործոնի մասին էլ ես ասեցի, որ տարիներ ունեցանք, երբ քիչ երեխաներ ծնվեցին: Հիմա նրանք ինչ-որ չափով արդեն մտնում են վերարտադրողական տարիք»: