«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Իսկ ինչի՞ համար են անվանակոչությունները

Իսկ ինչի՞ համար են անվանակոչությունները
17.02.2017 | 09:23

Մեկնարկող տարին հոբելյանական է հայազգի նշանավոր պետական, կուսակցական գործիչ, ԽՍՀՄ սև մետալուրգիայի նախարար, սոցիալիստական աշխատանքի հերոս, Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպան Հովհաննես (Իվան) Թևատրոսի Թևոսյանի համար (ծնվել է Շուշիում 1902 թ. հուլիսի 4-ին): Տարիներ առաջ նրա մահվան 50-րդ տարելիցի կապակցությամբ նրան նվիրված իմ հրապարակումը («Նրա կյանքի դասերը») ավարտել էի վերոհիշյալ հարցադրումով: Մտորումներիս առիթն այն էր, որ նրա անվան` Թումանյանի հրակայուն նյութերի գործարանից մնացել են միայն բարի հիշողություններ, իսկ անվանակոչման մասին շատ քչերն են հիշում անգամ Թումանյան քաղաքում:


Ինչպես հաճախ է պատահում, նման հանգամանքներում արձագանքները մեկ-երկու օր տևած խոսակցություններից այն կողմ չանցան: Հիմնավորված արձագանքներ չեղան: Իսկ անվանակոչություններ լինում են, հավատացած եմ, երկար ժամանակ դեռ լինելու են:
«Անվանակոչություն» բառը Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում» ներկայացվում է այսպես. «Անուն դնելը, անվանելը, անունը կոչելը, անունով կանչելը, անուն դնելու՝ մկրտելու, տարեդարձի հանդես»:
Մեր քաղաքի դպրոցները (մեկ-երկու բացառությամբ) տարիների ընթացքում անվանակոչվել են: Անվանակոչության հանդեսներ եղել են, իսկ մկրտելու տարեդարձի հանդեսներ դժվարանում եմ հիշել…
Սուրեն Սպանդարյան, Հովհաննես Թումանյան, Ստեփան Շահումյան, Եղիշե Չարենց, Արտեմ Միկոյան, Սայաթ-Նովա, Ալեքսանդր Մյասնիկյան…


Երևելի այս այրերի անունները, անշո՛ւշտ, դեռ արծարծվում են դպրոցների անվանակոչության հետ կապված: «Արծարծվել» բառը ես պատահական չընտրեցի: Դրանից այն կողմ անվանակոչության գաղափարը այսօր չի անցնում: Անգամ դպրոցների կնիքներից ջնջվել են այդ անունները: Այս մարդկանց նվիրված միջոցառումներ դպրոցներում եղել ու անշուշտ լինելու են, բայց դեպքից դեպք անցկացվող միջոցառումները չեն կարող պահպանել անվանակոչության ողջ ուժը և ոգին:


«Ո՞Ւմ անունով է ձեր դպրոցը» հարցմանը քաղաքի ոչ մի թաղամասում ուրախացնող ու հիմնավորված պատասխաններ չկարողացա լսել: Համեմատաբար տարեցները հստակ ասում էին անուն-ազգանունը` չկարողանալով դրանից այն կողմ անցնել: Համեմատաբար երիտասարդները կա՛մ լռում էին, կա՛մ խուսափում էին հարցադրումներից, հաճախ նույնիսկ շփոթում էին այս կամ այն գործչի անուն-ազգանվանը մոտ մեկ ուրիշի հետ: Լսել եմ նաև զավեշտալի պատասխաններ՝ գրողը կոչվել է կոնստրուկտոր, պետական գործիչը՝ նկարիչ… Երեխան մանկապարտեզից գնում է դպրոց, «Ո՞Ւմ անվամբ է դպրոցը» հարցը կարծես չի հետաքրքրում ո՛չ դաստիարակներին, ո՛չ էլ ծնողներին: Կարծում եմ` հպարտության զգացողության դաստիարակման այս յուրատիպ աղբյուրի արժեքը պետք չէ թերագնահատել: Քաղաքի փողոցները ունեն իրենց անվանումները, շատ փողոցներ` համարներ, կան նաև անվանված-համարակալված նրբանցքներ, բայց շենք-շինությունները հասցեավորվում են նախկին իներցիայով: Անվանակոչությունների մեծ մասը դեռ չի հայտնվում ցուցատախտակներին, փոստային ծրարներին, քաղաքացուն տրվող անձնագրերում և այլ փաստաթղթերում: Հիմնախնդիրը մեր քաղաքինը չէ միայն: «Այս տանը ապրել է հայ բեմի երախտավոր Վահրամ Փափազյանը»,- կարդացի Երևանում ու շենքի բակում հանդիպած 7-8 մարդուց միայն մեկից լսեցի քիչ թե շատ արժանահավատ նկարագիրը մեր մեծ հայրենակցի: Երևանի կենրոնում Մխիթար Հերացու փողոցի 13 անցորդներից 11-ը գիտեին, որ իրենք Մխիթար Հերացու փողոցում են, բայց նրանցից միայն 4-ը կարողացան ասել, թե ով է Մխիթար Հերացին: Այն էլ պարզվեց, որ նրանցից 3-ը Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանող են: ՈՒրեմն, այս խնդիրը համընդհանուր հնչեղություն ունի: Եկեք մեկ անգամ ևս խորհենք միասին. ո՞ւմ համար են, ինչի՞ համար են անվանակոչությունները: Ականջալուր մնանք հռչակավոր ամերիկացուն՝ Էմերսոնին. «Ոմանք մեզ համար խոշորացնող ապակիներ են, որոնց միջոցով կարդում ենք սեփական հոգիները»: Այո, ոգեղեն արժեքներ, անավարտ դասեր են մեր մեծերի կյանքի դասերը:

Արժե՞, ուրեմն, շարունակել անվանակոչել դպրոցներ, փողոցներ, գրադարաններ, թանգարաններ, անգամ շեներ նրանց անուններով, բայց մոռանալով անուն դնելու, մկրտելու տարեդարձի հանդեսները: Հակառակ դեպքում ինչի՞ համար են շարունակվում անվանակոչությունները, երբ կատարվածի իմաստը մնում է միայն տերմինաբանական ու բացատրական բառարաններում: Ամենևին խոսքս ընդարձակելու մտադրություն չունենալով, չմտածելով նաև թեմայից շեղվելու մասին, ուզում եմ հայտնել մի կարծիք ևս. «Բարձրաձայնում եմ, որ ամենևին մեծ ծախսերի հետ կապված չէ, որպեսզի ամեն մի շեն իր դպրոցում կամ թե մշակույթի օջախում ունենա իր պատմության գրանցամատյան, որում կհիշատակվեն տարվա ձեռքբերումները, հատկապես ուշագրավ դրվագները: Գուցե արդարացված կլինի նաև հուշամատյանի էլեկտրոնային տարբերակը»:
Գուցե այս ամենը թվա մանրուք ու անիմաստ, բայց, կարծում եմ, ամենևին էլ այդպես չէ:


Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 704

Մեկնաբանություններ