«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Կանաչապատ թաղամասի աղքատ ու պարապ մարդիկ

Կանաչապատ թաղամասի աղքատ ու պարապ մարդիկ
05.05.2017 | 11:42

Եթե շարքային քաղաքացուն հարցնես, թե երջանիկ ապրելու համար իրեն ինչ է հարկավոր, հավանաբար կասի՝ աշխատանք, փող ու… արդարություն: Այդ ամենի կարիքը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի բնակիչը նույնպես ունի, սակայն այսօր նրա համար դպրոցի, մանկապարտեզի ու փոստատան գոյությունն ավելի կարևոր է:

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ԵԹԵ ՉՈՒՆԻ ԱՅՆ, ԻՆՉ ԱՅՍՕՐ Է ՊԵՏՔ, ՎԱՂՆ ԱՅՍ ՀՈՂԻ ՎՐԱ ՆՐԱՆ ՊԱՀԵԼ ՉԻ ԼԻՆԻ


21-րդ դարում 5000 բնակիչ, 2200 տնտեսություն, 500-ից ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող բնակավայրը չունի ոչ դպրոց, ոչ մանկապարտեզ և ոչ էլ փոստատուն: Փոխարենը պատկան մարմիններից լսում է խոստումներ պարունակող բառեր, բառեր, բառեր: Մինչդեռ ժամանակը չի սպասում: Նոր սերունդը եթե չունի այն, ինչ այսօր է պետք, վաղն այս հողի վրա նրան պահել չի լինի, հետո արտագաղթ, անգործությունից ծնված հանցագործություն, հիասթափություն երկրից ու նրա օրենքներից: Եվ այս ամենը մեկ անգամ ապրվող կյանքի ընթացքում: Նոր Խարբերդի բնակիչների փոխանցմամբ՝ իրենց երեխաները մանկապարտեզ հաճախելու մասին երազանքով են ապրում: Այդ հարցով բազմիցս դիմել են թաղապետարան ու քաղաքապետարան, պատասխանել են, թե մանկապարտեզի համար տարածք չկա, նույն պատասխանը հնչել է նաև դպրոցի դեպքում: Փառահեղ ավտոմեքենայով ու թիկնապահներով իր երեխային դպրոց ուղարկող պաշտոնյան տեղյա՞կ է, թե ինչպես են Նոր Խարբերդի երեխաները հաճախում Կայարանի և Արարատի մարզի Այնթապ գյուղի դպրոցները: Զավեշտ է, երբ Երևանի բնակիչը հարկադրված հաճախում է 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղի դպրոցը:

-Թաղամասում միակ տրանսպորտային միջոցը թիվ 33 ավտոբուսն է: Կարճ ժամանակով մի տրանսպորտ բերեցին, որը գերեզմանոցի կողմից մեկ այլ ուղղությամբ պետք է աշխատեր, բայց այնպես արեցին, որ սա թողեց գնաց: Հիմա թիվ 33 ավտոբուսով երեխաների մեծ մասը գնում է Կայարանի տարածքում գտնվող դպրոցը, հաճախ ուշանում են դասերից, քանի որ առավոտյան մեկ-երկու խցկված ավտոբուս բաց են թողնում, երկու ժամն էլ կորցնում են միայն ճանապարհի՝ գնալ-գալու վրա, տուն են գալիս հոգնած, սովորելու ցանկություն չեն ունենում, արդյունքում տուժում է ուսման որակը: Իսկ եթե մի քանիսն էլ ցանկանում են մասնակցել այս կամ այն խմբակի պարապմունքներին, երեկոյան յոթին կամ ութին նոր տուն են գալիս,- դժգոհում է 3 երեխաների մայրը:
Մեկ այլ բնակչի դժգոհության պատճառը «ջրի տեսուչի» կողմից ոռոգման ջրի համար որպես անդամավճար գանձվող 1000-ական դրամն է, որն իբր թե պետական վճար է, որի դիմաց նա բնակչին տալիս է կասկածելի բովանդակությամբ ու տեսքով «կտրոն»: Յուրաքանչյուր ամիս 1500 բաժանորդից գանձած անդամավճարի ճակատագիրը բնակչի համար մնում է անհայտ, մինչդեռ նա օգտագործած ջրի համար պետք է վճարի ամսական ևս 2400 դրամ:

ԴԻՄԵԼ ԵՆ, ԱՍԵԼ ԵՆ՝ ՉԻՔ


Բնակիչների խոսքով՝ բնակավայրի մի հատվածում գտնվող Դաբաղի գիտահետազոտական ինստիտուտի պարապուրդի մատնված շենքը կարելի է տրամադրել դպրոցի, մանկապարտեզի ու մշակութային օջախի համար: Դիմել են համապատասխան մարմիններին, անգամ նամակով դիմել են մշակույթի նախարարություն, ասել են՝ չիք, շենքն իրենց իրավասության շրջանակներից դուրս է: Դե ինչ, պատասխանատվությունից ազատվելու լավագույն պատրվակ է: Քրոնիկական հիվանդության վերածված փողոցների ասֆալտապատման թեման չի շրջանցել այս թաղամասը: Երևանի քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասում, որտեղ ճանապարհները հիմնականում հողային ¥գրունտային¤ են, 2015-2016 թթ. փողոցներում իրականացվել են շուրջ 17000 քմ ծավալի ասֆալտ-բետոնե ծածկի հիմնանորոգման և մոտ 6000 քմ ընթացիկ նորոգման աշխատանքներ, այնուհանդերձ լուսանկարներում պատկերված վթարային ջրագծերի պատճառով ջրով ողողված ու տեղ-տեղ քանդված ճանապարհները փաստում են, որ վերանորոգումը, այն էլ ընտրությունների շրջանում, ցանկալի է ու անհրաժեշտ թե բնակիչների, թե ավագանու, առավել ևս՝ քաղաքապետի թեկնածուի համար: Նոր Խարբերդի բնակիչների համար գլխացավանք են թույլատրված արագությունը գերազանցող վարորդները, որոնց սխալի պատճառով գրանցվել են վթարներ և անգամ մահացու դեպքեր: Ոստիկանությանն ու թաղապետարանին ուղղված՝ գծանշանների, լուսացույցների և մեքենայի արագությունը թուլացնող թեքությունների ¥որոնք ժողովուրդը «պառկած ոստիկան» է կոչում¤ մասին նամակները մնացել են անպատասխան: «Մենք չգիտենք՝ գյուղո՞ւմ ենք ապրում, թե՞ քաղաքում»,- ասում են բնակիչները: Նոր Խարբերդում, ինչպես մայրաքաղաքի բոլոր թաղամասերում, աղբահանության հավիտենական թեման չի լուծվում: Ո՞Ւմ մեղադրես՝ «Սանիթեքի՞ն», բնակչի՞ն, թե՞ թափառող շներին: Վերջիններիս գործը չէր հասնի, եթե աղբահանությունը կատարվեր ժամանակին:


ԳԻՏԵՆ, ՈՐ ԿԴԻՄԱՆԱՆՔ


Նորխարբերդցու ամենացավոտ խնդիրը աշխատատեղի բացակայությունն է: Մի քանի խանութ, մեկ-երկու սպասարկման կետ, լավագույն դեպքում թող լինի 20-30 աշխատատեղ, իսկ մյուսնե՞րը: Երիտասարդ կին, թե տղամարդ անգործ են: Բազմաթիվ ընտանիքներ ապրում են 20-25 հազար դրամով վարձակալած բնակարաններում: Եթե սննդի ու հագուստի համար նախատեսված գումարից կարելի է խնայել, ապա կոմունալ վարձավճարներն անողոք են, առանց հոսանքի, ջրի ու ջեռուցման անհնար է ապրել: Իսկ թոշակը, նպաստը կամ թե դրսից ուղարկած՝ շագրենի կաշվի նման փոքրացող գումարները չեն բավարարում նախատեսված ու անհրաժեշտ ծախսերի համար: Զարմանալի ժողովուրդ ենք, շատ ազգեր կնախանձեին չնչին գումարով կամ առանց դրա գոյատևելու մեր ունակությանը: Իսկ մենք ապրում ենք՝ լացի վրա ծիծաղելով:
Նորխարբերդցիների գերակշռող մասը գրանցված է «նիսյայով ցուցակում», անհրաժեշտ մթերքն ու հագուստն այդ պայմանով են գնում, ու դեռ գոհ են, որ վաճառողն ըմբռնումով է մոտենում իրենց ցավին, որը նաև իր ցավն է: Խարբերդցին դժգոհում է, որ պետությունը տարվա մեջ 2-3 անգամ մթերք ու այլ օգնություն բաժանելով ժողովրդին դարձրեց «փայ հավաքող»:
-Ավելի լավ է բրնձի, ձեթի ու շաքարավազի փոխարեն աշխատատեղեր բացի, մարդիկ աշխատանք ունենան, իրենց քրտինքով վաստակեն ու ապրեն արժանավայել կյանքով,- ասում է նորխարբերդցին:

ՄԻ ՔԻՉ ԼԱՎԻ ՄԱՍԻՆ


Տարեցներն ասում են՝ գիշեր չի եղել, որ չի լուսացել: «Իրատեսի» հետ զրույցում, այնուհանդերձ, կանայք սիրով ու հարգանքով արտահայտվեցին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջության և ծրագրերի բաժնի պետ Գայանե Ստեփանյանի մասին:
-Չենք կարող լավի մասին չխոսել: Տասնամյակ առաջ, երբ Նոր Խարբերդը մարդաշատ չէր, երբ ամառանոցները նոր էին կառուցվում, չկար ոչ լուսավոր ու ասֆալտապատ փողոց, ոչ կարգին խմելու և ոռոգման ջուր: Այսօր ունենք բուժկետ, ատամնաբուժարան, ոստիկանության նոր շենք: Աստիճանաբար կարգավորվեց թաղամասը, թեև խնդիրներ էլի կան: Երբ Նոր Խարբերդն ընդգրկվեց Շենգավիթ վարչական շրջանի մեջ, հատկապես անապահով ընտանիքներն ու նրանց երեխաները հայտնվեցին տիկին Գայանեի հոգածության և ուշադրության կենտրոնում: Ամեն տարի սեպտեմբերին դպրոցահասակ երեխաները որպես նվեր ստանում են գրենական պիտույքներով լի դպրոցական պայուսակներ, ամառվա ամիսներին երեխաներն անվճար հանգստանում են Հանքավանի և Ծաղկաձորի ճամբարներում, տոնական առիթներով անապահով ընտանիքներին բաժանվում են մթերք և կենցաղային իրեր,- ասում է տիկին Սոնան:

ՈՐՏԵ՞Ղ ԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ


Թեև ընթանում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, սակայն առայսօր Նոր Խարբերդում ավագանու որևէ թեկնածու չի երևացել: «Եթե որևէ մեկը գար, անպայման կիմանայինք, որովհետև մարդահավաք կանեին, չէ՞ որ իրենց լսարան է պետք: Մենք Նոր Վասյուկի չենք ուզում, մենք մի դպրոց, մի մանկապարտեզ ու մեկ էլ փոստատուն ենք ուզում, որ թոշակի հույսին ապրող խարբերդցին թոշակն ու նպաստը ժամանակին ստանա, չմնա քաղցած, որովհետև տնամերձում աշխատելու համար գոնե կիսակուշտ ստամոքս ու չմեռնող հույս է պետք»:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1549

Մեկնաբանություններ