Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի մեկնարկից (ապրիլի 21) մինչև լռության օրը տևած ժամանակահատվածում մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի տարածքում գտնվող Կորեայի ձոր թաղամասի բնակիչների հետ թեկնածուներից որևէ մեկը չհանդիպեց: Անտեղյա՞կ էին, թե՞ չցանկացան առնչվել նրանց խնդիրներին:
Մինչդեռ Կորեայի ձորը Երևանի ամենահին թաղամասերից է: Այն իր անվանումը ստացել է ի հիշատակ 1936 թվականին այնտեղ կառուցված մանկատան, որտեղ, ոմանց կարծիքով, պետք է ապրեին Կորեայից բերված որբ երեխաներ: Իրականում մանկատանն ապրել են հայազգի երեխաներ: Թաղամասի տարեց բնակիչներն առայսօր հիշում են մանկատան առաջին տնօրեն Խուժան Արշոյին:
Քաղաքային իշխանությունների ուշադրության կարոտ արտառոց անունով և իր փողոցների նույնքան արտառոց անուններով ¥Շրջանցիկ թունել, Շոշի շուրջ, Հրազդանի ձախափնյա կիրճ¤ հայտնի թաղամասում կյանքի լույսն ու ստվերը քայլում են համընթաց: Թեև նորակառույց առանձնատների քանակը ժամանակի ընթացքում ավելացավ, սակայն կան չլուծված խնդիրներ:
Այս օրերին կանաչապատ տնամերձերում և հողամասերում նկատելի է հոգատար ձեռքերի աշխատանքի արդյունքը: Բնական գազը, խմելու և ոռոգման ջուրն այլևս օրախնդիր չեն, սակայն թաղամասի բնակչության հիմնական մտահոգությունը, որքան էլ արտառոց թվա, կոյուղու իսպառ բացակայությունն է: Թեև քաղաքային ծրագրերում խոստանում են իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան մաքրության և աղբահանության համալիր ծրագիր, այնուհանդերձ 21-րդ դարում միջազգային սուբյեկտ դարձած Երևանի բնակիչն առայսօր զրկված է հիգիենայի տարրական պայմաններից:
-Մարդիկ իրենց հողամասերում հոր են փորում, մեկի փոխարեն 2-ը, 3-ը, 4-ը, սակայն դրանով հարցը չի լուծվում: Իսկ երբ դրանք լցվում են, կեղտաջրերն անցնում են հարևանի բակը կամ պարզապես դուրս են գալիս փողոց: Հորերը մաքրելու համար 25-35, 40 հազար դրամ են ուզում: Շատերը հարկադրված վճարում են, դե պատկերացրեք, թե որքան գումար է հարկավոր հորերն ամեն անգամ մաքրելու համար: Հատկապես ամռան տապին կոյուղաջրերի հոտն անտանելի է դառնում, հարկադրված դուռ ու պատուհան փակում ենք, ամաչում ենք հյուր ընդունել,- ասաց «Իրատեսի» հետ զրուցող բնակիչներից մեկը:
Դեռևս 1936 թ. Կորեայի ձորի մանկատան շինարարության ընթացքում կառուցվեց 100 մմ տրամագծով կոյուղու խողովակաշար, որն այսօր ի վիճակի չէ տեղափոխելու ողջ թաղամասի կոյուղաջրերը: Բացի դրանից, այդ ընթացքում բնակավայրի ընդլայնում չէր նախատեսված, եղածը բավարար էր մանկատան համար: Տարիներ առաջ բնակիչների բողոքին ի պատասխան Արաբկիրի թաղապետարանից պատասխանեցին, որ այդ թաղամասում կոյուղագիծ կառուցելն ինքնին դժվար է, ավելին, Թբիլիսյան խճուղում կառուցված կոյուղուն միանալն անհավանական է, քանի որ, ծախսատար լինելուց բացի, աշխարհագրական դիրքի պատճառով հնարավոր չէ կեղտաջրերը ներքևից վերև մղել: Կոյուղու բացակայությունը հակասանիտարական վիճակ է ստեղծում ոչ միայն բնակիչների, այլև կենտրոնով հոսող Հրազդան գետի համար:
-Չգիտենք, թե այսպես որքան ժամանակ ենք ապրելու: Բնակավայրում տարիներ շարունակ բնապահպանական և առողջապահական խնդիրներ են առաջացել: Մենք պատրաստ ենք կոյուղագծի կառուցման համար կատարելու անհրաժեշտ ֆինանսական ծախսերի մի մասը, միայն թե մարդավայել ապրենք,- ասում է թաղամասի երիտասարդ բնակիչը:
Տարիները հաջորդում են միմյանց, սակայն կոյուղու հարցն այդպես էլ չի լուծվում: 800-1000 բնակիչ ունեցող թաղամասում մարդիկ արդեն դադարել են հուսալ ու պայքարել իրենց պայմանների բարելավման համար: Բազմաթիվ բողոք-խնդրանքների արդյունքում լուծվել են միայն տրանսպորտի, լուսավորության և աղբահանության հարցերը:
Կորեայի ձորի հաջորդ խնդիրը ճանապարհների ասֆալտապատումն է: Անցյալ տարի կատարվել են փոսալցման աշխատանքներ, սակայն անորակ արված աշխատանքի հետևանքներն իրենց զգացնում են ձնհալի և անձրևաջրերի ժամանակ: Եղածին գալիս են լրացնելու թաղամասի Շրջանցիկ թունել կոչվող գլխավոր փողոցով անընդմեջ երթևեկող բեռնատար մեքենաները, որոնք Կանազի կողմից շինարարական աղբ են բերում ձորում թափելու: Բնականաբար, «թքած-կպցրած» ասֆալտը չի դիմանա 30 տոննա տարողությամբ բեռնատարների ծանրությանը: Թե որքան են վնասվում մարդատար ավտոմեքենաների և թաղամասի միակ՝ թիվ 39 երթուղայինի անվադողերը, կիմանան միայն ձմռանը սառցակալած, գարնանից աշուն քանդված փողոցների վարորդները:
Բնակիչներին մտահոգում են նաև իրենց փողոցների անունները: «Մի՞թե չի կարելի փողոցներն անվանակոչել մեր հերոս տղաների կամ թե մտավորականների անուններով: Անկախացման տարիներից ի վեր բազմաթիվ փողոցներ նոր անուններ ունեցան, մինչդեռ 80 տարի առաջ շինարարների «կպցրած» Շրջանցիկ թունել անունն առայսօր մնացել է: Բացի այդ, հասցեներ կան, որոնք կրկնվում են, խառնաշփոթություն ստեղծելով հատկապես պետական վճարների դեպքում»,- ասում են բնակիչները:
Բնակիչների փոխանցմամբ, Կորեայի ձորի սոցիալական վիճակին քաջատեղյակ են թե քաղաքապետարանում, թե Արաբկիր վարչական շրջանում, կարծում էին, թե ավագանու նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց խնդիրներին քաջատեղյակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը (կամ թեկնածուներից մեկնումեկը) կայցելի իրենց, սակայն օրերն անցան սպասումով ու հույսով, և Կորեայի ձորն այդպես էլ մնաց «Ավելի լավ Երևան» կարգախոսից դուրս:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ