Մենք նման չենք տափաստանային այն բույսին, որ քամուց տեղից տեղ է քշվում հենց այն պատճառով, որ թույլ արմատներ ունի: Մեր արմատները թերևս խորն են ավելի, քան բարձր է մեր սաղարթը:
Պարույր ՍԵՎԱԿ
ՄՇՈՒՇԱՊԱՏ ԱՊԱԳԱՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԽԻՍՏ ՄԱՌԱԽԼԱՊԱՏ
Մեր երկիրը վաղուց պետք է ունենար կառավարման որոշակի ընդգծված ուղի: Եթե մենք արտագաղթող, մեր ինտելեկտուալ ուժը այլ երկրներին մատակարարող դոնոր երկիր ենք, ուրեմն այս պետությունը չի նպաստում ոչ ազգային գաղափարախոսության իրականացմանը և ոչ էլ ժողովրդի կյանքի պայմանների բարելավմանը: ՈՒրեմն չկան հստակ ուղիներ: Իսկ եթե որդեգրել են կառավարման ներկայիս ուղին, եթե առաջընթաց ապահովող քայլերի հաջորդականությունը չի նպաստում երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ապա մշուշապատ ապագան դառնում է խիստ մառախլապատ, իսկ այդպիսի ապագա ունեցող պետության վրա դրսից, ինչպես ասում են՝ «շունն էլ կհաչի, կատուն էլ»: Վերջապես, ինչի՞ համար է պետությունը: Այն պարտավոր է կարգավորել իր քաղաքացիների ու նաև երկրի գլոբալ խնդիրների հարաբերությունները արտաքին աշխարհի հետ: Եթե քաղաքացին պատրաստ է իր ներուժով նպաստելու երկրի զարգացմանը, պետությունը պետք է ապահովի նրան աշխատատեղով և արժանավայել աշխատավարձով: Մինչդեռ, իշխանական լծակներից չստանալով աջակցություն, նա իր ակտիվությամբ փորձում է ելք փնտրել: Երբեմն դա նրան հաջողվում է, երբեմն էլ հայտնվելով փակուղում և չունենալով այլ ընտրություն, նա լքում է երկիրը: Արտագաղթը կարծես չի մտահոգում իշխանություններին, այսինքն, նրանք լիովին համամիտ են Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ երկրից արտագաղթողների մասին արտահայտած ոչ պետականամետ մտածելակերպին. «Թող գնան, մնան, որ հեղափոխություն անե՞ն»: Ասում են, թե Հայաստանը ժողովրդավար երկիր է: Ժողովրդավարությունը բուրգ է, որի վերևում կանգնած է մարդը, քիչ ներքև` քաղաքացիական հասարակությունն է, իսկ ամենացածրում` կառավարությունն է: Սա «դեմոկրատիա» հասկացության աշխարհում ընդունված սահմանումն է, որին քաջատեղյակ նախկին և ներկա իշխանությունները «կարևորելով» հանրության դերն առհասարակ, հայտարարում են, թե հանրությունը պետք է հնարավորություն ունենա վերահսկելու կառավարության գործունեությունն ըստ նախարարությունների և գերատեսչությունների: Սակայն այդ հնարավորությունն այդպես էլ չի տրվում հանրությանը: Եթե տրվի, ապա հանրության մշտադիտարկման արդյունքում կառավարությունից ու նրա նախարարություն-գերատեսչություններից քարը քարին չի մնա, քանի որ դրանք առանց հարկատուների հաշվին կատարվող չարթերային թռիչքների, թանկարժեք ավտոմեքենաների, խմիչքների, վարագույրների, գրենական պիտույքների ու էլի հազար ու մի մանրուքների համար արվող անհարկի գնումների մեկ օր էլ չեն դիմանա:
ԲԻԶՆԵՍ, ՄԻԱՅՆ ԲԻԶՆԵՍ
Հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, թե վարչապետի պաշտոնում իր հիմնական նպատակն է ստեղծել անվտանգ, անկախ, արդար և ինտելեկտուալ Հայաստան։ «Գլխավոր շեշտը հիմա դնում ենք տնտեսության վրա և ձգտում ենք ստեղծել արդար ու հավասար պայմաններ բիզնեսի և ներդրողների համար։ Հինգ տարի հետո Հայաստանում շատ բան պետք է փոխվի` որոշումներ կայացնելու ընթացակարգը, հասարակության և էլիտայի հարաբերությունները, հասարակական կյանքում էլիտայի տեղի ընկալումը, մեր քաղաքացիների կրթության մակարդակը, բիզնեսի վարման պայմանները»: Բազմիցս խոսվել է բիզնեսի և իշխանությունների տարանջատման, օլիգոպոլիաների դեմ պայքարի մասին, սակայն, միայն խոսվել է: Վարչապետի հնչեցրած երեք բառից երկուսը վերաբերում է բիզնեսին, ստացվում է, որ կարևորը բիզնեսն ու նրանում կատարվող ներդրումներն են: ՈՒ քանի դեռ վերևներում ավելի շատ մտահոգված են օլիգոպոլիաների հարատևությամբ, այլ ոչ թե դրանց հարստացնող հիմնական աշխատուժի՝ շարքային քաղաքացու կյանքի որակի բարելավմամբ, ապա Հայաստանի տնտեսությունը կշարունակի գտնվել օլիգոպոլիաների վերահսկողության ներքո, իսկ փոքր ու միջին բիզնեսով զբաղվելու համարձակություն ունեցող շարքային քաղաքացին կմնա վարկերի ծանրության տակ ու այդ պատճառով վաղ թե ուշ ունեցվածքը կորցնելու տխուր իրողության դեմ հանդիման:
ՉԿԱ ՄԱՐԴԸ, ՉԿԱ ՊՐՈԲԼԵՄԸ
Լատիներեն «minister» բառը ստուգաբանորեն նշանակում է ժողովրդի ծառա: Իսկ «նախարար» բառը վաղ միջնադարում նշանակում էր տեր: Այսինքն՝ մենք նախարար նշանակում ենք ոչ որպես ծառա, այլ որպես տեր: Իսկ որպես կանոն տերը ծառային դիտարկում է միայն իր և իր ընտանիքի բարեկեցությունն ապահովող աշխատուժի: Մեր երկրի «տերերը» երբևէ միայնակ` առանց թիկնապահների ու «սնայպերների», կքայլե՞ն քաղաքի փողոցներով, կզրուցե՞ն մարդկանց հետ, շատ թե քիչ կպատասխանե՞ն նրանց հարցերին, կհետաքրքրվե՞ն նրանց հոգսերով, կկարեկցե՞ն «բարձր տնտեսական աճ» ապահոված երկրի, սակայն աղբարկղը քչփորող քաղաքացուն: Դե, իհարկե, պետբյուջեի գումարները փոշիացնողների ինչի՞ն է պետք հանդիպել նրանց: Փոխարենը շարքային քաղաքացիների համար նրանք պայմաններ են ստեղծում կյանքից ու երկրից հիասթափվելու համար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, 2016 թվականին Հայաստանից գնացած և Հայաստան մուտք գործած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը 54 հազար 31 մարդ է: 2015 թվականին արտագաղթի ցուցանիշը եղել է 47 հազար 676 մարդ, իսկ 2014-ին` 47 հազար 74 մարդ: Այսպիսով, միայն վերջին երեք տարիներին Հայաստանից արտագաղթել է մոտ 150 հազար մարդ կամ ՀՀ բնակչության 5 տոկոսը: Արտագաղթողների թվում շատ են երիտասարդ, բարձրագույն կրթությամբ մասնագետները, հիանալի արհեստավորներն ու արվեստագետները, ովքեր հեռացել են հեռանկարի բացակայության, ապագայի նկատմամբ որևէ ծրագիր կազմելու անհնարինությունից դրդված: Այսինքն, երկրից հեռացել և շարունակում է հեռանալ երկրի լոկոմոտիվը՝ ուղեղը: Իսկ որքա՞ն ուղեղներ են հեռացել Հայաստանից, ովքեր կարող էին իրականացնել Հայաստանը ինտելեկտուալ երկիր դարձնելու վարչապետ Կարեն Կարապետյանի երազանքը: Մինչդեռ ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, դպրոցների և այլ կազմակերպություններում իրականացվող օպտիմալացման ծրագիրը 2017 թվականի արտագաղթողների քանակը կավելացնի ևս մի քանի հազարով: Իսկ աշխատուժի պակաս ունեցող երկրում այդ ո՞ր խելոքը ներդրումներ կանի: Գուցե հայաստանյան բիզնեսի խաղի կանոններին անտեղյակ մե՞կը, քանի դեռ չի համոզվել սեփական սխալի մեջ: Եվ արդյո՞ք ներդրողին կմտահոգի Հայաստանի տնտեսական զարգացումը, իհարկե ոչ, նրան կմտահոգի միայն իր շահը: Մինչդեռ պետությունը պետք է պարտադրի հայրենի օլիգարխներին ներդրումներն ուղղել Հայաստանի երբեմնի հզոր գործարանների վերանորոգմանն ու վերագործարկմանը, որ փառահեղ ճանապարհ անցած Երևանի ֆիզիկայի ինստիտուտը հարկադրված իր հատվածներից մեկը վարձակալության չտա կոշկակարին, որ «Երազ» գործարանի հսկայական տարածքի մի մասն ի շահ սեփական գրպանի չվերածեն սուպերմարկետի ու բնակելի թաղամասի, իսկ գործարանի մի հատվածի կմախքը չհիշեցնի իր փառահեղ անցյալը (նույնը` մյուս գործարանների դեպքում): Միայն այս դեպքում գիտնականը, մանկավարժը, արհեստավորն ու արվեստագետը կմնան երկրում, կապրեն ու կարարեն հանուն երկրի զարգացման ու արժանապատիվ կյանքի և չեն մտածի հեղափոխության մասին:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ