Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում իշխանությունների կարգադրությամբ մի քանի փողոցներ փակվել են, երբ երեկ հնդիկ և ղազախ շինարարների վեճի հետևանքով սկսվել են զանգվածային անկարգություններ: Ծեծկռտուքը սկսվել է երեկոյան՝ Abu Dhabi Plaza հյուրանոցի կառուցման շրջանում, որի հարևանությամբ գտնվում են կառավարական մի շարք շենքեր: Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ զանգվածային անկարգությունները հրահրել է մի գինովցած հնդիկ բանվոր, ով վեճի է բռնվել շինհրապարակը պահպանող անվտանգության ծառայողների հետ՝ հնդիկ բանվորն օգնության է կանչել իր հայրենակից-բանվորներին, նրանք ծեծել են պահակներին:
Վերջիններիս էլ օգնության են եկել ղազախ բանվորները, և սկսվել է զանգվածային տուրուդմբոց մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ: Կրքերը հանդարտեցնելու համար շինհրապարակ են ժամանել ոստիկանության հատուկ ջոկատը, Ղազախստանում Հնդկաստանի դեպսպանը և ղազախ պաշտոնյաներ: Զանգվածային անկարգության մասնակիցներից մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել: Իշխանությունները բոլոր շինարարներին և շրջանի բնակիչներին դիմել են զսպվածություն դրսևորելու կոչով: