Այս տարի լրացավ ճանաչված ռադիոլրագրող ԼԱՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ծննդյան 75-ամյակը։ Վեց տարի է, ինչ նա մեզ հետ չէ։ Ապրեց գեղեցիկ, վառ կյանքով։ Մոտ 40 տարի աշխատեց Հայաստանի ռադիոյում։ Աշխատեց անձնվիրաբար, ապրեց իմաստալից կյանքով` լուսավոր հետք թողնելով ռադիոյի պատմության մեջ, հարազատների, ընկերների սրտերում։
Լաուրան ծնվել էր ծառայողի ընտանիքում։ Նրա հայրը` Արշավիրը, «Արարատտրեստի» առաջատար մասնագետներից էր, իսկ մայրը` Գալյան, տնային տնտեսուհի։
Լաուրան ռադիո եկավ Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո (սովորում էր բանասիրական ֆակուլտետում)։
Սկզբում նա հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահի քարտուղարն էր։ Այդ ժամանակ կոմիտեի նախագահն էր մեծ գիտնական և հայրենասեր Ջոն Կիրակոսյանը։ Մեծ դպրոց էր Լաուրայի համար շփումն այդ տաղանդավոր անհատականության հետ։
Այդ տարիներին կոմիտեն ուներ հարուստ գրադարան, և մի կարճ ժամանակահատված Լաուրան աշխատեց գրադարանավար։
1974 թվականից Լաուրան ռադիոյի` սփյուռքի համար հաղորդումներ պատրաստող խմբագրությունում էր։
Աշխատելով հասարակական-քաղաքական բաժնում որպես խմբագիր, նա Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում ապրող մեր ռադիոլսող հայրենակիցներին պատմում էր Խորհրդային Հայաստանի հաջողությունների, արդյունաբերական ու գյուղատնտեսական ձեռնարկությունների, գիտության և արվեստի նշանավոր գործիչների մասին։
Երիտասարդ լրագրողը հաճախ էր մեկնում գործուղումների, լինում էր հանրապետության տարբեր շրջաններում։
«Սփյուռքահայերը հայրենիքում». այսպես էր կոչվում Լաուրա Բաղդասարյանի շարքը, որը մեծ արձագանք էր գտնում ոչ միայն սփյուռքում, այլև հայրենիքում։ Սփյուռքից ստացվող նամակների հիման վրա Լաուրան պատրաստում էր «Նամականի» շարքը, ինքն էլ ձայնագրվում էր որպես հաղորդավար։
Այդ ժամանակ Լաուրան արդեն ավագ խմբագիր էր, իսկ երբ սփյուռքի խմբագրությունը կոչվեց «Արաքս» գործակալություն (հետագայում վերանվանվեց «Հայաստանի ձայն»), Լաուրա Բաղդասարյանը նշանակվեց այդ կառույցի գլխավոր խմբագրի տեղակալ։ Բազմաթիվ ռադիոշարքերը, ակնարկները, ռեպորտաժները մեծ ճանաչում բերեցին ժուռնալիստին սփյուռքում ու Հայաստանում։ Նրա հաղորդումները սպասված ու սիրված էին։
Չնայած Լաուրան անդրադառնում էր տարբեր թեմաների, այնուամենայնիվ, նախապատվությունը տալիս էր արվեստին։ Եվ պատահական չէր, որ նա ստեղծեց «Հայ արվեստագետներ» հեղինակային շարքը։ Հաճախ էր հիշում Լաուրան իր հանդիպումները հայ արվեստի մեծերի հետ` Գոհար Գասպարյան, Լուսին Ամարա, Լիլիթ Չուգասզյան, Առնո Բաբաջանյան, Հովհաննես Շիրազ, Ալեքսեյ Հեքիմյան... Համով-հոտով, իրեն բնորոշ նուրբ հումորով նա դրվագներ էր պատմում այդ հանդիպումներից։ Լաուրայի նուրբ ու սուր հումորը հայտնի էր բոլորին։ Արամայիս Սահակյանն էլ էր աշխատում Սփյուռքի խմբագրությունում։ Երբ նա նշանակվեց «Ոզնու» գլխավոր խմբագիր, Լաուրային առաջարկեց տեղափոխվել «Ոզնի», սակայն Լաուրան մնաց ռադիոյում։
Նոր էր աշխատում ռադիոյում։ Ջոն Կիրակոսյանի մոտ հյուր կար։ Հյուրի խնդրանքով Լաուրան ջուր տվեց նրան։ Վերջինս հաճույքով խմեց սառը ջուրը, ժպտաց, շնորհակալություն հայտնեց։ Կիրակոսյանի առանձնասենյակից դուրս գալով, հյուրը ժպտալով հրաժեշտ տվեց նաև Լաուրային։ Կիրակոսյանը, նկատելով Լաուրայի անտարբերությունը, ասաց. «Լաուրա, Պարույր Սևակն էր, մի՞թե չճանաչեցիր»։ Լաուրան վեր թռավ տեղից . «Ինչու՞ շուտ չասացիք, ախր ես նրան երբեք չէի տեսել»... Տարիներ անց Լաուրան հաղորդում պատրաստեց մեծ բանաստեղծի մասին։
Երբ եթեր գնաց Լաուրայի հաղորդումը Հովհաննես Շիրազի մասին, բանաստեղծը շատ գոհ մնաց։ Ամեն անգամ տեսնելով Լաուրային, նա ասում էր. «Ի՞նչխ ես, խալաշատ գեղեցկուհի։ Էլի Տատուրյանի մոտ կաշխատե՞ս»։ Հմուտ ու բազմափորձ լրագրող Շահե Տատուրյանը երկար տարիներ ղեկավարում էր արտասահմանի համար տրվող հաղորդումների գլխավոր խմբագրությունը։
Ռադիոտանը Լաուրայի աշխատասենյակը միշտ լիքն էր մարդկանցով։ Գործընկերները գալիս էին խորհուրդ հարցնելու, պարզապես զրուցելու, սուրճ խմելու։ Լաուրան շատ բարի էր, անկեղծ, հասնող։ Եթե որևէ մեկը նեղության մեջ էր լինում, իսկույն հիշում էր Լաուրային` Լաուրան խորհուրդ կտա, Լաուրան կօգնի...
Սփյուռքի խմբագրության արհմիության նախագահն էր։ Հաճախ էր կազմակերպում էքսկուրսիաներ քաղաքից դուրս։ Գեղեցիկ ժամանակ էին անցկացնում, ուրախ պատմություններ պատմում, երգում ու պարում։ Այդ հավաքույթները մտերմացնում էին խմբագրության աշխատակիցներին, բարի մթնոլորտ ստեղծում։ Եվ այդ բոլորի կենտրոնում Լաուրան էր` իր մեղմ և միաժամանակ սկզբունքային բնավորությամբ։
Լաուրան շատ հյուրասեր էր։ Նրանց տան դուռը բաց էր բոլորի համար։ Համեղ ուտեստներ էր պատրաստում, խմորեղեն թխում։ Մինչ այսօր հիշում ենք նրա թոնրի գաթայի համը։ ՈՒ միշտ Լաուրայի կողքին էին ամուսինը` ճանաչված լուսանկարիչ Պետրոս Պետրոսյանը, որի հետ ապրեց 50 տարի, և դուստրը` Վարդուհին։ Երբ 2003-ին լուծարվեց Սփյուռքի խմբագրությունը, Լաուրան դուրս եկավ աշխատանքից։ Չնայած կարող էր մնալ, բայց չցանկացավ խնդրել ռադիոյի անդեմ, անսկզբունքային ղեկավարներին. շատ հպարտ էր ու արժանապատիվ։ Լաուրան զբաղվեց իր թոռնիկների` Լաուրայի և Դավթի դաստիարակության հարցերով։ Գերազանց տատիկ էր։
Լաուրան նաև ակտիվ քաղաքացի էր, իսկական հայրենասեր։ Երբ սկսվեց Արցախյան շարժումը, նա պայքարողների առաջին շարքերում էր։ Առաջին լրագրողներից էր, որ եթերում մեկնաբանում էր այդ տարիների իրադարձությունները, պայքարը։
Ամեն տարի օգոստոսի 13-ին` Լաուրայի ծննդյան օրը, Պետրոսյանների Նորագավթի տանը հավաքվում են Լաուրայի ընտանիքի անդամները, բարեկամները, հարազատները, ընկերները... Նրանք հիշում են տաղանդավոր լրագրողին, մարդուն` Լաուրա Բաղդասարյանին։ Միշտ են հիշում...
Գագիկ ՂԱԶԱՐՅԱՆ