«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

«Ժողովուրդը պետք է պահանջատեր լինի այն առաջնորդների նկատմամբ, որոնք վերցրել են այս պատասխանատվությունը»

«Ժողովուրդը պետք է պահանջատեր լինի այն առաջնորդների նկատմամբ, որոնք վերցրել են այս պատասխանատվությունը»
04.05.2018 | 01:28

Վերջին շրջանում հուզական ալիքը, որ բարձրացել է Հայաստանում, ըստ հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ, տարիների ընթացքում կուտակված դժգոհության պոռթկում էր։ «Ամեն ինչ ունի իր տրամաբանական ավարտը։ Այն վիրավորանքը, դժգոհությունը, ես չեմ վարանի ասել՝ ատելությունը, որ տարիների ընթացքում կուտակվել էին, միանգամից պոռթկացին։ Ես չեմ ցանկանում լրիվ սևացնել այն, ինչ արվել է վերջին 10 և ավելի տարիների ընթացքում, ինչ-որ դրական բաներ արվել են, բայց իշխանություններն այնքան ապաշնորհ են եղել կառավարման հարցերում, որ խզվել էր կապը ժողովրդի հետ, որ անդունդ էր գոյացել իշխանության ու ժողովրդի միջև։ Այդ անդունդի մեջ հավաքվել էր բացասական մի այնպիսի լիցք, որը եթե այսօր չպոռթկար, ապա ամեն պատեհ առիթով դուրս էր գալու»։


Ի՞նչը կարող է հայ մարդուն այսպես միահամուռ ոտքի հանել։ Կարինե Նալչաջյանը նշում է երկու կարևոր գործոն. նախ և առաջ՝ հայրենիքին սպառնացող վտանգը. «Որքան էլ մարդիկ իրենց առօրյա կյանքով, դժգոհություններով ապրում են, բայց հենց հայրենիքին վտանգ է սպառնում, հայությունը միանգամից ոտքի է կանգնում։ Վկա՝ 2016 թ. ապրիլը։ Եվ երկրորդը, որ կարող է հայ մարդուն հրապարակ դուրս բերել, արժանապատվությանը հասցված հարվածն է։ Այսօր մեր ժողովուրդը ոտքի է կանգնել, որովհետև իր խմբային արժանապատվությանը, հավաքական ես-ին հարված է հասցվել։ Ընդ որում, հայրենասիրությունը և արժանապատվությունը միմյանց հետ խորապես փոխկապակցված են։ Որպես մասնագետ կարող եմ ասել, որ հայրենասիրությունը արժանապատվության դրսևորումներից մեկն է։ Այնպես որ, մարդկանց այսօրվա հուզական վիճակը շատ հասկանալի է»։


Ըստ հոգեբանի՝ նախ մարդկանց ոտքի հանեց ատելությունը ժողովրդին անհաղորդ իշխանության հանդեպ. «Ատելությունը՝ որպես հույզ, ներքին բաղադրիչներ ունի, այն կոմպլեքսային է, ունի երեք տարր՝ զայրույթ, զզվանք, արհամարհանք։ Այս «խառնուրդը» մոտիվացիոն հզոր ներուժ ունի և չի կարող շատ երկար անթեղված մնալ մարդկանց ներաշխարհում։ Վերջին փոթորկահույզ օրերին մենք վկան էինք ատելության բռնկման՝ իր բոլոր բաղադրիչներով։ Բայց, բարեբախտաբար, ատելության պայթյունից ծնված հզոր էներգիան դրվեց խելամիտ ու կառուցողական հունի մեջ ու վերածվեց քաղաքացիական արթնացման։ Ատելության փոխարեն մարդկանց սկսեց առաջնորդել սեփական հայրենիքի տերը լինելու կառուցողական զգացումը։ Ես շատ բարձր եմ գնահատում այս արթնացումը։ Ինքս էլ հույսեր եմ կապում մարդկանց զարթոնքի, սեփական ուժերի վրա վստահ լինելու զգացողության հետ։ Ինչ վերաբերում է հասարակության ներկա հուզական վիճակին, հարկ է նշել, որ, որպես օրենք, նման հուզականությամբ հագեցած հոգեվիճակները, նույնիսկ եթե մենք դրանցով հիանում ենք, պարունակում են թաքնված վտանգներ։ Էյֆորիկ վիճակները կարճատև են։ Մի օր էյֆորիան կավարտվի, և կսկսվի առօրյա կյանքը։ Հիմա շատ կարևոր է այն, թե շարժման առաջին շարքում կանգնածները ¥ես նույնիսկ մեկ մարդու անուն տալ չեմ ուզում¤ ինչպես իրենց կդրսևորեն այսուհետ։ Իհարկե, շարժման ընդգծված առաջնորդը մեկն է, ընդ որում՝ ես հետևում եմ նրա խոսքին, հարցուպատասխանի ընթացքում իրեն դրսևորելու ունակություններին, և պետք է ասեմ՝ շատ ու շատ դրական բաներ եմ տեսնում. քաղաքականության մեջ թրծված է, ճկուն միտք ունի, շարժումը բացառիկ գրագիտությամբ առաջ տարավ։ Դա և՛ անձնական հատկանիշների, և՛ որոշակի պատրաստվածության շնորհիվ է։ Փաստն այն է, որ մենք վաղուց ի վեր լեգիտիմության այսպիսի պաշարով զինված առաջնորդ չէինք ունեցել»։


Տիկին Նալչաջյանը շատ կարևորում է հեղափոխության վաղվա օրը։ Ի՞նչ է լինելու հետո, ու՞ր են տանելու առաջնորդները։ Հուզական այս ալիքի վրա սթափ որոշումներ կկայացվե՞ն։ Մեր այս հարցադրմանը հոգեբանը պատասխանեց, որ մտածողությունն ու հույզերը փոխկապակցված են. «Ցանկացած միտք, տրամաբանություն, մտքի աշխատանք ունի իր հուզական գունավորումը, բայց երբ հույզերի մակարդակը շատ բարձր է լինում, մարդը կարող է վրիպումներ, մեծ կամ փոքր սխալներ թույլ տալ։ Որքան էլ հիանում ենք այս զարթոնքով, այնուամենայնիվ, մտածելու տեղիք են տալիս, օրինակ, սոցցանցերում առկա ատելությունը, անհանդուրժողականությունն ու ագրեսիան։ Ասում ենք՝ սիրո հեղափոխություն, այո, բայց միաժամանակ տեսանելի տիրույթից մի շերտ ներքև՝ մարդկանց վիրտուալ շփումներում, հաճախ հանդիպում ենք, մեղմ ասած, սիրո պակասի։ Թեև ես դա բնական ու բացատրելի եմ համարում այս էյֆորիկ պահի համար, այնուամենայնիվ դա կարող է ստվեր նետել այն ազգային միասնականության վրա, որը մեր օրերի անգնահատելի ձեռքբերումն է»։
Կարինե Նալչաջյանը նկատում է, որ այս պահին շատ դժվար է ինչ-որ կոչեր անելը, սակայն, որպես հոգեբան, ի՞նչ խորհուրդ կտա հրապարակում կանգնած մարդկանց։ Տիկին Նալչաջյանը նշեց, որ շատ ուրախալի է, որ մարդիկ տեր են կանգնում իրենց երկրին, շատ լավ է, որ հասարակության մեջ բարձրանում է քաղաքացիական գիտակցությունը. «Բոլոր դեպքերում, ես շատ կցանկանայի, որ մարդիկ չկորցնեն աչալրջությունը, թշնամիներ ու վհուկներ չորոնեն այն մարդկանց մեջ, որոնք իրենց հետ համաձայն չեն։ Շատ կարևոր եմ համարում այն ազդակները, որոնք ստանում ենք մարդկանցից, մեր շուրջ ծավալվող խոսակցությունների նրբերանգներից։ Օրինակ, ես մարդկանց կողմից հաճախ լսում եմ «վերջը լավ լինի» արտահայտությունը։ Հասկանալի մտահոգություն է։ Ես նկատում եմ նաև, որ մարդկանց մեջ վստահություն է ի հայտ եկել առ այն, որ եթե հաջորդ ղեկավարը, ձևավորվելիք իշխանությունը ևս չարդարացնեն իրենց, նրանց հեռացնելու ձևն իրենք արդեն գիտեն։

Այսինքն, ժողովուրդն իր ուժը զգացել է, բարձրացել է հայի հանիրավի ցածրացված ինքնագնահատականը։ Սա արդեն ձեռքբերում է, և այս առումով պետք է ըստ արժանվույն գնահատել շարժման առաջնորդի կատարած գործը։ Սակայն շատ բան դեռ առջևում է։ Ժողովրդին առաջնորդողները հսկայական պատասխանատվություն են ստանձնել՝ լավագույն ապագայի հանդեպ հույսեր ներշնչելով մարդկանց։ Իշխանության ղեկին կանգնելով, իսկ դա արդեն ավելի քան ակնհայտ է, նրանք պետք է աշխատեն ոսկերչական ճշգրտությամբ՝ բացառելով այնպիսի վրիպումները, որոնք կհիասթափեցնեն հայ մարդուն։ Այս իմաստով ես ժողովրդին կհորդորեի ¥եթե, իհարկե, ունեմ այդ իրավունքը, և եթե իմ ձայնը լսելի լինի), որ հիմա, միշտ և անընդհատ պահանջկոտ լինեն առաջնորդների նկատմամբ, որ հանկարծ նրանք ևս չկորցնեն երկրի զարկերակը զգալու ունակությունը, հանկարծ չտարվեն անձնական ամբիցիաներով, չմտածեն, թե գերմարդիկ են։ Առաջնորդների ազնվությունն ու հայրենիքին նվիրվածությունը երբ զուգորդվեն մեր քաղաքացիների պահանջկոտ զգոնությանը, Հայաստանը (մեր երկու պետություններն իմ մտապատկերում միաձույլ են) կարող է անկասելի առաջընթաց ունենալ»:


Լիլիթ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1917

Մեկնաբանություններ