«Տառապանքի մեջ ամենազզվելի բանը ոչ թե տառապանքն է, այլ դրա անիմաստությունը»։
Նիցշե
Չկա ավելի զզվելի ու դաժան զգացում, քան երբ խաբված լինելու կասկածը կրծում է հոգիդ ու սիրտդ, երբ մտածում ես, որ կարող է քեզ 35 տարի խաբել են թե՛ դրսից, թե՛ ներսից, խաղալով քո նուրբ ու անկեղծ ազգային իղձերի ու ազատատենչ զգացմունքների վրա, հանուն ոչնչի դարձնելով 1988թ․ ազգիդ ապրած զարթոնքը, պայքարն ազատության ու անկախության համար և հանուն այդ գերագույն արժեքների ու Արցախի` ցուրտ ու մութ տարիներին ապրած տառապանքը, ազգի նվիրյալ ու լավագուն հատվածի հազարավոր հերոս֊զոհերի կյանքը, հայրենիքի կորուստն ու այսքան զրկանքները։
Սարսափում ես, երբ մտքիդ ծայրով անգամ անցնում է, թե 90֊ականներին Հայաստանի անկախության ու արցախյան շարժումներն ընդամենը դրսից հրահրված ու խրախուսված ավանտյուրա է եղել ԽՍՀՄ֊ը քայքայելու համար, օգտագործելով հայ ժողովրդի ազատատենչությունն ու ազգային զարթոնքը։ Երբ մտածում ես, թե անկախության տարիների երկրիդ բոլոր ղեկավարները կարող է ուղղակի կամ անուղղակի ինչ֊որ տեղ մաս են կազմել Հայաստանում դրսից ներդրված կործանման ու այլասերման անգլոսաքսոնաթրքական համակարգի, որ իմիտացիա են եղել անկախությանն ու պետականաշինությանն ուղղված իրականացվող քայլերը, կեղծված են եղել գրեթե բոլոր ընտրությունները և հետևապես` ոչ լեգիտիմ նախագահները, համայնքի ղեկավարներն ու պատգամավորները և նրանց կայացրած որոշումները։
Որ կեղծ էր 2018 թ ավանտյուրա կոչված հեղափոխությունը։
Կեղծ են եղել դրսից քեզ պարտադրված ժողովրդավարությունն ու եվրոպական արժեքներ կոչված այլասերվածությունը։
Որ անկեղծ չեն եղել ոչ իշխանությունները ոչ ընդդիմադիրները։
Ներկայումս էլ անկեղծ չի ոչ իշխանություը ոչ ընդդիմությունը, ժողովուրդը չգիտի ում հավատա, ինչ անի, ում հետևից գնա, ում վստահի։ Իսկ ամենասարսափելին այն է, որ իշխանություններդ ընդհանուր ոչինչ չունեն ազգիդ ու նրա շահերի հետ։
Ընդդիմադիրներն էլ ձմեռանը ժողովրդին հուսադրում են թեժ գարնանով, իսկ ամռանը` թեժ աշնանով և այդպես շարունակ հինգ տարի անընդմեջ։
Ամեն Աստծո օր արդեն վեց տարի ժողովուրդն ապրում է վաղվա փոփոխության ու առաջընթացի հույսով, գաղջ ներկան անիմաստ ու աննպատակ կորցնելով։ Խոստանում են պայքար, իշխանափոխություն, սակայն որևէ արմատական փոփոխության ենթադրող քայլ չեն անում, ընդամենը զբաղեցնելով ժողովրդին քաղաքական դաշտում գոյատևելու և յուրայինների համար ԱԺ ֊ում հարմար հանգրվանելու համար մի քանի մանդատի հարց են լուծում։ Փող ունեցող քաղաքական գործիչները իշխանությունների հետ համագործակցում են ունեցածը չկորցնելու, իսկ չունեցողները մտածում են շահավետ գործարք կնքելու մասին։ Եվ այս ամենը մարդկանց մեջ ծնում է անկարողության, անելանելիության, անօգնականության ու անլիարժեքության զգացում, որն էլ հանգեցնում է հուսահահատության ու ազգին կարող է տանել ինքնաոչնչացման։ Մոլորություն է շատերի մոտ կարծրացած այմ միտքը, թե քաղաքականությունն անբարոյականություն է, անբարոյականություն է, երբ դրանով զբաղվում են թույլերն ու անբարոյականները գորշ միջակություններն ու փողոցից եկած պատահական մարդիկ։։
«Քաղաքականության մեջ ազնվությունը ուժի արդյունք է, իսկ կեղծավորությունը՝ թուլության»,- գրել է Վլադիմիր Իլյիչ Լենինը։
Ւսկ (հայր) Ալեքսանդր Դյուման էլ համոզված էր, որ
«Քաղաքական գործչի ամենամեծ առաքինությունը նրա ազնվությունն է»։
Աղետ է լինում երկրներում, որտեղ առաջին դեմքերն առաջինը չեն լինում իրենց հպատակների մեջ, որտեղ ժողովուրդը չի գնահատում իր մեծերին ու երևելիներին, այլ ընդհակառակը` պաշտում է գորշությունը։
Կարծես այդօրվա համար հարյուր տարի առաջ իր «Անկեղծ չենք» հոդվածում գրած լինի․
«Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր: Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:
Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից. և ահա– ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են»։
Այս վիճակից դուրս գալու ելքը մեզանից սկսելն է սիրելի հայրենակիցներ։ Ինչպես Թումանյանը կասեր «մեր մեջից է լինելու փրկությունը»։
Հիշենք նաև մեր մյուս հանճարի` Եղիշե Չարենցի պատգամը.
«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» և առաջնորդվենք մեր մեծերի հորդորով։ Ինչպես նաև Ամենայն հայոց կաթողիկոսի` Գարեգին երկրորդի ազգին ուղղված կիրակնօրյա իմաստուն ու խոհեմ աղոթք֊ուղերձով։
Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու