ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Աշխարհի շատ քիչ թվով ազգերից ենք, որ ոչ միայն պատմական հայրենիք ունենք, այլև բնիկ ենք ու մի քանի հազարամյակ անընդհատ ապրել ենք այդ պատմական տարածքում

Աշխարհի շատ քիչ թվով ազգերից ենք, որ ոչ միայն պատմական հայրենիք ունենք, այլև բնիկ ենք ու մի քանի հազարամյակ անընդհատ ապրել ենք այդ պատմական տարածքում
04.08.2026 | 12:52

Անկեղծ ասած՝ սրա մասին ուզում էի դեռ երեկ գրել և երկար ժամանակ մտածում էի՝ անդրադառնա՞լ, թե՞ ուղղակի անտեսել ԱԺ-ում հնչած բավական վտանգավոր պնդումները։

Եվ այսպես, նախօրեին Արման Եղոյանը խորհրդարանում փորձում էր հայ ժողովրդի ինքնության ու էության խորքային «վերլուծություններ» անել, սակայն, ինչպես և սպասելի էր, հերթական հակահայկական թեզերի պորցիան նետեց հանրային դաշտ։ Եղոյանը հերթական անգամ կասկածի տակ դրեց հայ ժողովրդի Հայկական լեռնաշխարհի բնիկ, էթնիկ լինելու հանգամանքը։ Այլապես ինչպե՞ս կարելի է ընդունել, երբ հայ պատգամավորն ԱԺ ամբիոնից հայտարարում է. «Ձեզ թվում է՝ միայն մենք պատմական հայրենիք ունե՞նք»։

Իհարկե՝ ոչ։ Բայց աշխարհի շատ քիչ թվով ազգերից ենք, որ ոչ միայն պատմական հայրենիք ունենք, այլև բնիկ ենք ու մի քանի հազարամյակ անընդհատ ապրել ենք այդ պատմական տարածքում։ Եվ անթույլատրելի է զուգահեռ անցկացնել տարածաշրջան եկած քոչվոր-եկվորների հետ. սա ցույց է տալիս, թե դու իրականում ում շահերի ու նարատիվի քարոզիչն ես։

Հայ ժողովրդի համար Կիլիկիան, Արևմտյան Հայաստանը կամ Ադանան զուտ ոչ միայն միջնադարյան քարտեզի վրա նշված հատվածներ են, այլ տարածքներ, որտեղ դարեր շարունակ ձևավորվել է հայկական պետականությունը, մշակույթը, եկեղեցին, կրթությունը և ազգային կյանքը, իսկ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքով այդ տարածքների բնիկ հայ բնակչությունը ոչ միայն բնաջնջվեց, այլև զրկվեց սեփական հայրենիքից։ Այս հանգամանքը հայ-թուրքական հարաբերությունները դարձնում է էապես տարբեր ցանկացած սովորական պատմական սահմանային վեճից։

Հենց այդ պատճառով էլ անհամեմատելի են այն օրինակները, որոնք Եղոյանը բերում է Իրանի, Վրաստանի կամ Հունաստանի հետ։ Երբ հայը խոսում է Խոյի, Սպահանի կամ Պարսկահայքի մասին, նա դա անում է պատմական ներկայության և մշակութային ժառանգության համատեքստում։ Նույնը վերաբերում է Հայաստանի և Վրաստանի պատմական առնչություններին։ Այո՛, եղել են ժամանակաշրջաններ, երբ Տաշիրը կամ Լոռին հայտնվել են վրացական թագավորության իշխանության ներքո, ինչպես եղել են նաև ժամանակներ, երբ վրացական իշխաններն ընդունել են հայկական Բագրատունիների գերիշխանությունը։ Սակայն այդ հարաբերությունները չեն ուղեկցվել հայ ժողովրդի ծրագրավորված բնաջնջմամբ, հայրենազրկմամբ և ազգային հիշողության համակարգված ոչնչացմամբ։ Ասեմ, որ նույն Իվանեն ու Զաքարեն, որոնց մասին դու երեկ փորձեցիր մանիպուլացնել, ճիշտ է, ծառայել են վրաց արքունիքին՝ Թամար թագուհուն, բայց դա օգտագործել են ի նպաստ հային ու հայությանը՝ ձևավորելով Բագրատունյաց Հայաստանից երկու անգամ մեծ իշխանություն (սրա մասին շատ եմ խոսել)։

Ավելին, այսօր ո՛չ Վրաստանի, ո՛չ Հունաստանի, ո՛չ Իրանի պետական կրթական համակարգերում երեխաներին չեն դաստիարակում հակահայկական թեզերով, չեն ներկայացնում Հայաստանը որպես պատմականորեն գոյություն չունեցող կազմավորում և չեն կառուցում պետական ինքնություն հայության ժխտման վրա։ Այդ երկրների հետ Հայաստանի հարաբերություններում կարող են լինել քաղաքական կամ պատմական տարաձայնություններ, սակայն դրանք չեն կրում այն բնույթը, որը տասնամյակներ շարունակ ձևավորվել է Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական քաղաքականության մեջ։

Չմոռանանք, որ մինչ օրս Թուրքիայի Հանրապետությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ պաշտոնական պատմագրությունը շարունակում է մերժողականության քաղաքականությունը։ Ադրբեջանում հակահայկականությունը պետական գաղափարախոսության բաղկացուցիչ մասն է, ինչը բազմիցս արձանագրվել է միջազգային կազմակերպությունների զեկույցներում։ Այդ պայմաններում Ադանայի կամ Կիլիկիայի մասին խոսելը չի կարելի ներկայացնել որպես սովորական պատմական նոստալգիա կամ տարածքային վեճի փորձ։

Եղոյանի ելույթում կա նաև մեկ այլ կարևոր հակասություն։ Նա փաստացի առաջարկում է պատմական հիշողությունը գնահատել բացառապես գործող պետական սահմանի չափանիշով։ Սակայն, եթե այդ տրամաբանությունն ընդունենք որպես համընդհանուր սկզբունք, ապա աշխարհի բազմաթիվ ժողովուրդներ պետք է հրաժարվեն իրենց պատմական ինքնությունից։ Հրեաները չպետք է հիշատակեն Երուսաղեմի հազարամյակների պատմությունը, լեհերը՝ Լվովը, հույները՝ Զմյուռնիան, սակայն պատմական հիշողությունը միջազգային իրավունքում կամ քաղաքական մշակույթում երբեք չի նույնացվել տարածքային պահանջի հետ։

Հայ ժողովուրդը պատմական հիշողություն ունի, և այդ հիշողությունը չի վերանում միայն այն պատճառով, որ փոխվել են պետական սահմանները։ Պատմական հայրենիքի մասին խոսելը դեռևս չի նշանակում սահմանների վերանայում պահանջել, դա նախ և առաջ սեփական անցյալը հիշելու, մշակութային ժառանգությունը պահպանելու և ցեղասպանության հետևանքով կորցրած հայրենիքի մասին պատմական ճշմարտությունը չուրանալու իրավունք է։

Հ.Գ. Ի դեպ, եթե չեք հիշում՝ ասեմ. մոտ 4 դար նույն Կիլիկիայում էր գտնվում Հայոց Կաթողիկոսարանը, և միայն 1441-ին Սսից այն տեղափոխվեց Էջմիածին:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 197

Մեկնաբանություններ