ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հնարավորությունն այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկրի միջուկային ծրագրի ու բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման վերաբերյալ նախնական բանակցությունները արդյունք չեն տվել: «Հուսանք, որ Իրանը արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի արդար ու իրավահավասար համաձայնագիր՝ առանց միջուկային զենքի, որը շահեկան կլինի բոլոր կողմերին»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։               
 

Եռաբլուր

Եռաբլուր
30.01.2026 | 12:15

Լռություն է, հոգեհանգիստ։

Եռաբլուրն է լուռ խոկում։

Մայրամուտի ցոլքերը պաղ

Նշույլ-նշույլ իջնում են վար,

Իջնում ամեն շիրմաքարի,

Եվ բեկբեկուն լույսերը վառ

Ասես խռով ու վիրավոր

Նահատակված մարտիկների

Հոգիներն են ելած կոչի...

Մթնշաղի գորշ կապույտում

Զորավարի ձայնը խրոխտ

Զորահավաք է կատարում.

Զորահավաք՝ Կամքի, Ոգու,

Զորահավաք՝ Արդարության,

Զորահավաք՝ Ազատ Մտքի,

Զորահավաք՝ Ազնիվ Գործի,

Զորահավաք՝ Հայրենիքի Պաշտպանների։

Զորահավա՜ք, զորահավա՜ք...

Իսկ մեր քնատ միտքն ու հոգին

Մոլորվել են խրախճանքի բավիղներում։

0՜, երիցս ճշմարիտ էր իմաստունն այն,

Որ հայրենյաց ազատության սուրբ խորանին`

Որպես մատաղ և նահատակ, որպես պարգև

Աստվածներին Հայոց ազգի, Հայոց հողին,

Պիտի խիզախ մարտիրոսվեն ընտրյալ հոգիք։

*

ՈՒ ելան կռվի Հայկա զավակներն,

Ելան՝ անսալով կանչին սուրբ Հողի.

Ոսոխն էր կանգնած դարավոր ու նենգ։

ՈՒ վրեժ ուներ զինվորն հայկազուն,

Եվ հաշիվ ուներ ախոյանից բիրտ.

ժամն էր կորցրած հողին տիրելու։

ՈՒ եղավ կռիվ, եղավ պատերազմ.

Եվ Հայի արդար, ազնիվ կռվի դեմ

Թշնամին՝ վախկոտ, բայց ամբարտավան,

Ոհմակներ հանեց վարձու և օտար։

Եվ զինեց նրանց զենքով մարդասպան,

ՈՒ խրախճանք էր արյան ու մահվան։

Բայց խրախճանքը երկար չտևեց.

Ոսոխը տկար ապավինել էր

Օտարի զենքին և «քաջությանը»։

Իսկ Հող Հայրենին, ինչպես մարդն Աստծո,

Դարերով ապրում է հին հիշողությամբ

Եվ կարոտում է ի՛ր զավակներին։

Եվ հայորդիք էլ՝ Մայր Հողի զավակ,

Զինվեցին Ոգով և մեծ Հավատով.

Զենքը միջոց էր լոկ նրանց ձեռքին.

Կռվում էր Ոգին, հաղթում էր Կամքը։

Իսկ հաղթանակը՝ այդ խենթ Դիցուհին,

Զոհեր է ուզում անհամար,անթիվ։

Զոհեր է ուզում շիտակ ու ազնիվ ,

Զոհեր է ուզում անվարան ու քաջ,

Որոնք սխրանքի սահմանն են հատում՝

Ո´չ շահ փնտրելով, ո´չ պատիվ ու փառք:

Եվ եղան զոհեր՝ անթիվ, անհամար,

Եվ եղան զոհեր՝ ազնիվ ու շիտակ,

Եվ եղան զոհեր՝ քաջ ու անվարան,

Եվ հողը Հայոց՝ ոտնակոխ ու խեղճ ,

Զորացավ հայի արյունով թափված

Եվ հավատ ու հույս հային պարգևեց։

Արյունը Ոգու հիշողությունն է,

Ոգին է տերը հաղթանակների։

Եվ հաղթանակը բերեցի՛ն նրանք՝

Շատերը՝ խեղված, մարմնով վիրավոր,

Բայց Հոգիները՝ Ոգեղեն, անպարտ,

Չխոնարհվեցին ոսոխի առաջ:

Շատերը իրենց կյանքը զոհեցին,

Որ Հող Հայրենին չմնա գերի։

Եվ շիրիմները՝ պատյան սխրանքի,

Լուռ ամփոփում են սերուցքը Ազգի:

*

Եռաբլուրում ցուրտ լռություն է,

Եռաբլուրն է խորհրդածում լուռ՝

Հաղթանակ բերած շիրիմնե՞րն են թանկ

Եվ խնկարկելի դարերի համար,

Թե վայելքներում հոգնած ու սպառված

Փող, իշխանություն ունեցող մարդիկ...

Պատասխան կտա Լուսաբացն Հայոց...

09.01.2009թ.

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Այս բանաստեղծությունը գրվել է Եռաբլուր այցելելու հաջորդ օրը: Իմ լավ բարեկամ-ընկեր Մարինե Վահրադյանի նախաձեռնությամբ բարձրացանք ԵՌԱԲԼՈՒՐ, կաթիլ-կաթիլ գինին ցողեցինք մեր հերոսների սրբացած շիրիմներին, ոգեկոչեցինք նրանց հոգիներին ու մեր Հաղթանակը փառաբանեցինք։

Հ․Գ․

Ավա՜ղ, սեպտեմբերյան դաժան պատերազմը և պայմանավորված «պարտությունը» փոշիացրեց մեր քաջ զինվորների ու զորավարների փառահեղ հաղթանակը։

Դա մեր զինվորների և Զորավարների պարտությունը չէր, դա քաղաքական ստոր հրամանի կատարում էր։

Բայց մենք Ոգով պարտվող Ազգ չենք, քանզի գալիք Հաղթանակը մեր Ոոգու մեջ է։

Պատժելու ենք մեր թշնամիներին մեր անխոցելի Հաղթանակով և ազատագրելու ենք մեր հայրենիքի որբացած Հողը։

15.12.2020թ.

Դիտվել է՝ 269

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ