Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Հայ համայնքը՝ բնավորությունների, բարոյական սկզբունքների ու չծախսված էներգիայի իսկական խառնուրդ

Հայ համայնքը՝ բնավորությունների, բարոյական սկզբունքների ու չծախսված էներգիայի իսկական խառնուրդ
13.09.2026 | 11:12

Հունական գավառական քաղաքում ժամանակը դանդաղ է հոսում՝ թանձր ձիթայուղի պես։ Հույները թե՛ սիրում են հայերին, թե՛ հարգում՝ տեսնելով նրանց մեջ երկար զրույցների, թունդ սուրճի ու անհոգ հանգստի նույնպիսի սիրահարների։ Բայց եթե հույներն այստեղ բաժանվում են պարզապես հոգնածների և շատ հոգնածների,ապա տեղի հայ համայնքը բնավորությունների, բարոյական սկզբունքների ու չծախսված էներգիայի իսկական մի խառնուրդ է։

Առավոտյան արևը նոր էր սկսում տաքացնել ասֆալտը վարպետ Գևորգի հացատան մոտ։ Սեղանից այն կողմ նստած էր տիկին Նինան։ Նինան անբասիր հեղինակությամբ կին էր՝ երեք երեխաների մայր, հարգված ամուսնու կին և մի լեզվի տեր, որն այնքան սուր էր, որ դրանով կարելի էր մետաքս կտրել։ Նինան ուներ ընդամենը մեկ թուլություն, որը լիովին ներելի էր գավառական կյանքում․ նա սիրում էր սուրճ խմել ու լուռ ծխախոտի ծուխն արձակել։ Բոլորս էլ անմեղ մեղքեր ունենք, իսկ գավառում մեղքերն ընդհանրապես սիրուն ավանդույթներ են թվում։

Այդ պահին հացատանն էր մոտենում քեռի Արշակը՝ վաթսունհինգ տարեկան մի տղամարդ։ Արշակն անսասան սկզբունքների տեր մարդ էր և անկեղծորեն հավատում էր, որ Տիեզերքը պահպանվում է բացառապես իր հսկողության շնորհիվ։ Լսելով, թե ինչպես է Նինան հեռախոսով մաքուր հայերենով մի քանի բառ ասում, Արշակը աշխուժացավ։

- Բարև ձեզ,- քաղաքավարի ասաց նա՝ կանգ առնելով։- Հա՞յ եք։

- Հայ եմ,- պատասխանեց Նինան՝ ծխի բարակ շիթ բաց թողնելով։

Սա նրա սխալն էր։ Քեռի Արշակի մեջ իսկույն արթնացավ նախնիների ոգին։ Հինգ րոպեի ընթացքում վաթսունհինգամյա բարոյախոսը ներշնչված բացատրում էր Նինային, որ հայ կինը սրբության սիմվոլ է, օջախի պահապանն ու ազգի մայրը, իսկ ծխախոտը նրա ձեռքում՝ ազգային բոլոր ավանդույթների կործանումը։

Ամենազարմանալին տեղի ունեցավ հետո․ Նինան լռում էր։ Մի մարդ, որն իր մեկ ֆրազայով կարող էր նոկաուտի ենթարկել տեղի շուկայի ցանկացած առևտրականի, պարզապես խոնարհ ուշադրությամբ նայում էր Արշակին։ Արշակը, իր պարտքը կատարած համարելով, մտավ խանութ, գնեց իր հացը, չոր հրաժեշտ տվեց ու արժանապատիվ հեռացավ փողոցով։

Նինան երկար նայեց նրա կորացած մեջքին։ Հետո մի լավ ծուխ քաշեց, մոխիրը թափ տվեց ու դառնալով մեզ՝ ասաց․

- Ինձ թվաց՝ էս մարդը ինձ բօզի տեղ դրեց․․․

Փողոցը տասը րոպե պայթում էր ծիծաղից։ Ծիծաղում էր քեռի Գևորգը, ծիծաղում էինք մենք, ծիծաղում էին անգամ պատահական անցնող հույները, թեև ոչ մի բառ չէին հասկացել։

Մի՛ փորձիր փողոցում դաստիարակել անծանոթ մարդկանց։ Ծխախոտի ծխի հետևում կարող է թաքնված լինել երեք երեխաների անբասիր մայրը, իսկ բարոյականության մասին քո կրակոտ քարոզը՝ ուրիշի հոգին փրկելու փոխարեն, պարզապես կդառնա այս առավոտվա լավագույն անեկդոտը։

Էմին Մարտունի

Դիտվել է՝ 272

Մեկնաբանություններ