Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Խաղաղություն հաստատողնե՞ր, թե՞…

Խաղաղություն հաստատողնե՞ր, թե՞…
30.04.2026 | 12:11

«Եթե ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի»

Կորնելիուս Նեփոս

ՈՒզում եմ մի փոքրիկ պատմական վերլուծություն անել և փորձել հասկանալ, հիմա մեր փառապանծ հերոսները ովքե՞ր էին, խաղաղասեր մարդիկ, ազգի նվիրյալներ, թե՞ երկրի գլխին պատերազմ բերող կռվարարներ։

Ոչ, խնայելով ձեր և իմ ժամանակը շատ դարերի խորքերը չեմ գնա, այլ վերջին 300 տարվա մեր պատմական իրադարձությունները կհիշեցնեմ, իսկ հետո դուք հետևություններ կանեք և շնորհակալ կլինեմ, եթե գրեք ձեր կարծիքը։

Ուրեմն այսպես.

Հիշենք XVIII դարի 2-րդ կեսի և XVIII դարի ազատագրական պայքարի կազմակերպիչներին.

Հովսեփ Էմինը. Հայ ազատագրական շարժման ամենանշանավոր գործիչներից, ով փորձում էր կազմակերպել պայքարը Ռուսաստանի և Վրաստանի աջակցությամբ։

* Իսրայել Օրին, 17-18-րդ դարերի սահմանագծի գործիչ, ով ծավալել է դիվանագիտական ակտիվ գործունեություն եվրոպական և ռուսական պետությունների հետ:

* Եսայի Հասան-Ջալալյանը, Գանձասարի կաթողիկոս, Արցախի ազատագրական պայքարի հոգևոր և քաղաքական առաջնորդներից:

* Մովսես Սարաֆյանը, Հ. Արղության, Հովհաննես Լազարյան, Շահամիր Շահամիրյան. Ազատագրական գաղափարախոսության և ծրագրերի հեղինակներ:

Լավ այս մարդիկ ինչու՞ էին պատերազմներ հրահրում, թող խաղաղ ապրեին էլի, թեկուզ և թուրք ու պարսից լծի տակ, կարևորը պատերազմ չկար։ Ինչու՞ էին ախր ապստամբում, մտածե՞լ եք երբևէ այս մասին։

Բա Արցախի ու Սյունքի ազատագրական պայքարի կազմակերպիչները։ Օրինակ, ինչո՞ւ Ստեփանոս Շահումյանը, ով հայտնի հայ առևտրական էր, մեկնում է Վրաստան և Վախթանգ 6-րդ-ին դիմում է, որ հայ զինվորականներին տեղափոխի, ուղարկի Սյունիք, որպեսզի սկսեն Սյունիքում հակապարսկական ապստամբություն։

Եվ ինչպես գիտենք Դավիթ Բեկն իր զինվորներով գալիս է Հայաստան և ստեղծում Շինուհայր ավանում ստացած ռազմական խորհուրդը։ Մխիթար Սպարապետին նշանակում է զորքերի հրամանատար, իսկ առանձին ջոկատների հրամանատարներ են դառնում Տեր Ավետիսը, Փարսադանը և Թորոսը։ Առաջին հաղթական կռիվը եղավ «Ջևանշիր» կոչվող ցեղի դեմ, և Դավիթ Բեկը այստեղ լուրջ հաղթանակ տարավ։ Հայ իշխանները, մելիքները սկսեցին միավորվել Դավիթ Բեկի շուրջը։

Իսկ այդ նույն ժամանակահատվածում խաղաղասեր մելիք Ֆրանգյուլը խաղաղություն էր տենչում և լավ բանակցում էր թուրք ու պարսից ղեկավարների հետ և պատրաստ էր ամեն ինչ հանձնել, միայն թե խաղաղություն լինի։

Հալիձորի բերդը, երբ Դավիթ բեկը վերածեց պայքարի գլխավոր ամրոցի և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը դարձրեց, խաղաղատենչ Ֆրանգյուլը թշնամիներին հայտնեց գետնի տակով անցնող ջրի ճանապարհը, որպեսզի ոչնչացնի ազատատենչներին, միայն թե խաղաղություն բերի երկրին։

Օսմանյան զորքերը պաշարեցին Հալիձորի բերդը, սակայն անառիկ դիրքի շնորհիվ Դավիթ Բեկը դիմակայեց և Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի հետ միասին, ձեռնարկեց անսպասելի գրոհ, որի արդյունքում թուրքական բազմաքանակ զորքը սկսեց նահանջել։

Հալիձորում տարած հայերի այս հաղթանակն ամենախոշորն էր օսմանյան բանակի դեմ տարված հերոսամարտերում։ Հայերի այս հաղթանակը փոխել է ռազմական գործողությունների ընթացքը

Հիմա հարց եմ տալիս ձեզ՝ ովքե՞ր էին խաղաղություն բերողները և ինչու՞ ենք հերոսացնում Դավիթ Բեկին, Մխիթար Սպարապետին և այլ նվիրյալների, և դավաճան համարում խաղաղատենք Ֆրանգյուլին, որին թաղեցին գերազմանատնից դուրս և մինչ օրս անցնող դառնողը թքում է նրա գերզմանին ու անիծում նրան։ Ախր նա էլ այժմյան խաղատենչների նման՝ խաղաղություն էր ուզում։

Հիմա գանք թրքահայաստան ու հիշենք մեր փառապանծ հերոսներին, որոնցից յուրաքանչյուրի անունը դաջված է մեր սրտերում։

Օրինակ ո՞վ չի սիրում Անդրանիկ Փաշային։ Կա՞ արդյոք մի հայ, որ Անդրանիկի անունը լսելիս սրտի պոռթկում չզգա։ Բայց չէ՞ որ նա և բոլոր հայդուկները՝ Արաբոն, Սերոբ Աղբյուրը, Քեռին, Գևորգ Չաուշը, Հրայր Դժոխքը և այլոք՝ պատերազմ հրահրողներ էին։ Մեր օրերում նմաններին կձերբակալեին և կմեղադրեին «խաղաղությանը խոչնդոտող գործունեություն կատրելու մեջ»։ Դե եկ ու բան հասկացիր…

Հիմա հիշենք՝ Հայ ազգային-ազատագրական շարժման ամենանշանավոր գործիչներից ևս մեկին՝ Նժդեհին, որը փորձառու զորավար էր, մտածող և փիլիսոփա։ Նա հայտնի է նաև որպես ցեղակրոն գաղափարախոսության հիմնադիր, որի նպատակն էր ոգեշնչել հայությանը և կերտել հզոր, ազգային գիտակցություն ունեցող սերունդ։

Նժդեհը հայությանը կոչ է արել լինել «հրաշունչ զինվոր»՝ ոչ միայն սիրել հայրենիքը, այլև պաշտպանել այն։ Պաշտպանել զենքը ձեռքին և պատվով՝ պատրաստ լինելու անգամ կյանքը տալու հանուն հայրենիքի։ Նա կարող էր համաձայնել զիջել Զանգեզուրը Ադրբեջանին և երկար սպասված խաղաղությունը բերել, բայց արեց ճիշտ հակառակը։ Նժդեհը ղեկավարել է Զանգեզուրի ինքնապաշտպանությունը՝ կանխելով այն Ադրբեջանին բռնակցելու ծրագիրը։ Ինչպես տեսնում ենք Նժդեհը ևս խաղաղության մասին այլ տեսակետ ուներ, խիստ տարբերվող մերօրյա խաղարարներից։

Հիմա հիշենք մի այլ դրվագ մեր պատմությունից, Սարդարապատի ճակատամարտի փառահեղ հաղթանակի դրվագը, որի գլխավոր հերոսներից է Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը։

Նա 1918 թվականի մայիսին զգալի դեր է խաղացել թուրքական զավթիչների դեմ հայ ժողովրդի մղած հերոսամարտերի կազմակերպման գործում։

Այն ժամանակ էլ իշխանությունների մեջ կային կամազուրկ, վախկոտ, պարտվողական տրամադրություններով անձինք, որոնք ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակում որոշել էին առանց դիմադրության հայրենիքը հանձնել թշնամուն, պատրաստ էին Երևանի բնակչությանը տարհանել ու դիրքավորվել Քանաքեռի բարձունքում։

Սակայն Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը հրաժարվեց լքել Էջմիածինը, երբ թուրքական զորքերը մոտենում էին Մայր Աթոռին։ Նա հայտարարեց, որ չի լքի Էջմիածինը և թող իր դիակը գտնեն սուրբ Իջման տեղում։ Նա ոչ միայն մնաց, այլև կոչով դիմեց ժողովրդին՝ զենք վերցնել և անվախ ելնել թշնամու դեմ՝ Էջմիածինը բնորոշելով որպես «հայ ժողովրդի վերջին կտորը»։

Գևորգ Ե-ի այս քայլը մեծապես բարձրացրեց հայ մարտիկների ոգին և նպաստեց Սարդարապատում հաղթանակի կերտմանը։

Պայքարելու և ոչ մի դեպքում չհանձնվելու կոչ էին անում նաև մայիսյան հերոսամարտերի մեր մյուս քաջորդիները՝ Երևանի զորամասի հրամանատար, գեներալ Մովսես Սիլիկյանը, Սարդարապատի

ճակատամարտի հերոսներ Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյանները, հրետանու կապիտան Մոսեսովը (Գուրգեն Տեր-Մովսիսյանցը), որը երբ լսում է, որ հրամայված է առանց պայքարի հանձնելվել առարկում է և ասում.

«Ես չե՛մ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանություն է։ Ո՛չ ոք իրավունք ունի այդպէս վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արյուն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետեւից գա»:

«Սպաները գնում են անձնատուր լինելու: Թող գնա՜ն: Իսկ ես գնում եմ մեռնելու: Ով դեռ իրեն բարոյապես մեռած չի համարում, թող հետևի ինձ»,– նույն այդ օրերին Դիլիջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հավաքված հազարավոր հուսահատված մարդկանց ու թշնամուն սպիտակ դրոշ պարզած դասալիքներին աննահանջ պայքարի էր մղում և սեփական օրինակով քաջալերում մեր նշանավոր հերոսներից ևս մեկը՝ Գարեգին Նժդեհը:

Եվ այսպիսով հերոսների ու վախկոտ կապիտուլյանտների, ազգի նվիրյալների ու ապազգային տեսակի այդ պայքարում հաղթեց հայոց ազատասեր և հերոսական ոգին:

Եվ ի վերջո հիշենք արցախյան շարժումը․ մեր ազատամարտիկների անձնուրաց նվիրումը, պայքարը, Արցախի ազատագրում և արժանապատիվ խաղթանակ տանելը։ Մեր բոլոր հերոսներին անուն առ անուն գիտենք, հիշում և հիշելու ենք, բայց դարձյալ նույն հարցն եմ ուզում տալ ձեզ, ովքե՞ր էին նրանք, ովքե՞ր էին բոլորը վերնշյալ մեր նվիրյալ հայորդիները՝ պատերազմ բերողներ, թե՞ ապագա կերտողներ։

Այս հայորդիներն ինձ համար միանշանակ հերոսներ են, նվիրյալներ, որոնց հանդեպ իմ սերը և հարգանքը սահման չունի, նրանք մեր ազգի ոգին ու շունչն են, առանց նրանց մենք այսօր հայրենիք չէին ունենա, գուցե և մենք էլ չլինեինք։ Եվ ես դարձյալ ուզում եմ հարցնել ձեզ՝ խաղաղություն մուրացողներին, հողեր հանձնողներին հավատացող հայեր, ձեզ համար ովքե՞ր են այս հերոսները՝ խաղաղություն կերտողներ, թե խաղաղությանը խոչընդոտող գործողություն կատարողներ, որոնց նմաններին այսօր ձեռբակալում են ու ներկայացնում, որպես կռվարարներ, ռևանշիստներ։

Խնդրում եմ՝ հարցրեք ինքներդ ձեզ, խորհեք այս մասին և հաստատ ճիշտ պատասխանը կգնեք։

Եվ հասկացեք վերջապես՝ Խաղաղություն չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են իսկ խաղաղությունը պարտադրելու և երկրում կայունություն, անվտանգություն ունենալու համար պետք է ունենաս ադեկվատ ղեկավարություն, որը ծնկի չի եկել թշնամու առաջ, պետք է վերակազմակերպես բանակը, և կարողանաս պաշտպանել քո հայրենիքը, այլ տարբերակ պարզապես չկա:

Ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց զիջելու, մուրալու դեպքում այն ավելի խայտառակ ու ցավալի է լինելու…

Այս մասին թերևս լավագույն ձևակերպումը Չերչիլինն է․ «եթե որևէ երկիր նվաստացման և պատերազմի միջև ընտրում է նվաստացումը՝ կստանա և՛ նվաստացում, և՛ պատերազմ»։ Այլ կերպ ասած՝ նվաստացումն անխուսափելիորեն հանգեցնում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի։

Այնպես որ, պատերազմից խուսափելու լավագույն տարբերակը պատերազմին պատրաստ լինելն է։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 178

Մեկնաբանություններ