Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Օրհնված ջուրը կախարդական թուրմ չէ

Օրհնված ջուրը կախարդական թուրմ չէ
01.09.2026 | 10:51

Շատ֊շատերը սխալ են ընկալում օրհնած ջրի նշանակությունը։ Տեսնում ենք, որ անգամ Եկեղեցուց հեռու մարդիկ, ովքեր չեն մասնակցում Սուրբ Պատարագներին և հեռու են Եկեղեցական կյանքից, գալիս են Եկեղեցի և օրհնած ջուր են ուզում։ Տեսել եմ անգամ, որ հենց շշից խմում են, գետինին թափելով լվացվում, բայց չեն էլ հասկանում, թե այդ ջրի օրհնությունը ինչ նշանակություն ունի։ Շատերը մոգական ինչ֊որ հատկություններ են վերագրում օրհնված ջրին` չհասկանալով, որ այդ ջուրը կախարդական թուրմ չէ։ Բանն այն է, որ կարող են խմել ջրից և 5 րոպե հետո` հայհոյել, բամբասել, չարախոսել կամ ուղղակի դատարկախոսել և անգամ չհիշել, որ քիչ առաջ սուրբ ջուր են խմել։ Մարդիկ մտածում են, որ ջուրը խմելով պիտի առողջանան, հարստանան կամ մեծ հաջողությունների հասնեն և Աստծու բարեհաճությունն ունենան, սակայն այս ամենը սխալ մոտեցում է։ Ջուրը չեն օրհնում նրա համար, որ Եկեղեցի չհաճախող մարդիկ գան ջուր տանեն և մտածեն, որ ամեն բան արել են և մնում է դրախտ մտնեն։
Պիտի հասկանանք, որ Եկեղեցու բարիքները նրանց համար են, ովքեր այդ Եկեղեցու իրական զավակներն են։ Մի՞թե Եկեղեցու սրբությունները նրանց համար են, ովքեր կարող են գալ մոմ վառել, ջուր խմել և հետո` հայհոյել, չարախոսել, բամբասել և պատվիրանները խախտել կամ անգամ անբարո կյանքով ապրել։ Սուրբ Պատարագներին չմասնակցող և Պատարգը չսիրող մարդը, ով ընդհանրապես կապ չունի Եկեղեցական կյանքի հետ, ինչպե՞ս կարող է ճիշտ օգտվել հոգևոր բարիքներից։
Սուրբ ջուրը կախարդական թուրմ չէ և ոչ էլ զուտ ֆիզիկական առողջության համար նախատեսված միջոց է։ Առաջին հերթին այն հենց հոգևոր իմաստ ունի։ Քանի որ մարդը ոչ միայն հոգի է, այլ նաև մարմին, այդ պատճառով էլ Աստված իր Շնորհները բաշխում է նաև նյութի միջոցով, որպեսզի մարմինն ու հոգին սնվեն Աստվածային Շնորհով և չար ուժերը հալածվեն։ Չարը կարողանում է ազդել մարդու վրա տարբեր միջոցներով։ Դևերը կարող են ազդել մարդու նյարդային համակարգի վրա, մտածելակերպի վրա և անգամ կարող են հասցնել նրան, որ մարդը խորը դեպրեսիայի մեջ ընկնի։ Անշուշտ, օրհնած ջուրը կարող է բուժել անգամ անբուժելի հիվանդությունները, սակայն դա էլ նպատակ ունի և այդ նպատակն այն է, որ մարդը Աստծուն մոտենա և հասկանա, որ Աստուծո Եկեղեցուց ստացած բարիքով է բուժվել, ուրեմն Աստված դրանով ցույց է տալիս, թե որտեղ մարդը կարող է փրկվել։
Աստված Եկեղեցու զավակներին տվել է բազում օրհնություններ, որոնցով մարդիկ հաղորդակցվում են սրբության հետ և դրանով սրբում իրենց մեղավոր մարմինն ու հոգին։ Եկեղեցու սրբերի մասունքները, օրհնած ջուրը, օրհնած յուղը, աղը և մնացած բարիքները նախատեսված են նրա համար, որպեսզի մարդը հավատով մոտենա սրբություններին կամ օգտվի դրանցից և լինի Եկեղեցու հավատվոր զավակը։ Եթե դուք Եկեղեցի եք գալիս աղ օրհնելու և կապ չունեք Եկեղեցու ոչ մի բանի հետ, ուրեմն ո՞ւմ է պետք այդ աղը կամ ջուրը։ Մի՞թե Եկեղեցին այս ժամանակավոր կյանքի համար է բաշխում Աստծուց տրված բարիքները։ Մի՞թե Եկեղեցու դերն ու նշանակությունը նրա մեջ է, որ ուղղակի մի բան ստանանք Եկեղեցուց ու մոռանանք Եկեղեցու գոյության մասին և դրա հետ նաև` հոգու փրկության մասին։ Այսօր օրհնված աղով կերակուր եք ուտում և մտածում, որ ամեն բան արել եք հոգևոր կյանքի համար, իսկ այս կյանքից հետո պիտի տեսնեք, որ ընդամենը ստամոքսն եք լցրել, իսկ հոգին մերկ է ու խեղճ։ Այսօր օրհնած ջուր եք խմում և մտածում, որ առողջ ու հաջողակ կլինեք, իսկ այս կյանքից հետո պիտի իմանաք, որ անարժանաբար եք մոտեցել սրբությանը և հետո անգամ անարգել այդ սրբությունը` հայհոյելով ու մնացած բաներով։
Աստված չի կամենում, որպեսզի տարին մի քանի անգամ գաք Եկեղեցի` խաղող ու ջուր փախցնելու համար։ Սրբությունները օժանդակ միջոցներ են մեր հոգևոր պատերազմի համար և ոչ թե նրա համար, որ մարմինը ծաղկեցնենք կամ հաջողակ լինենք այս կյանքում։ Հարկավոր է լինել Եկեղեցու լիարժեք զավակը, հարկավոր է փորձել ապրել հոգևոր կյանքով, հարկավոր է հասկանալ սրբության իրական դերն ու արժեքը և հետո նոր օգտվել այդ սրբությունից, քանզի սրբությունը կարող է նաև «վառել»...
Հռմ. 8:5-8: «Նրանք, որ ըստ մարմնի են ապրում, մտածում են մարմնական բաների մասին, իսկ նրանք, որ ըստ Հոգու են ապրում, մտածում են հոգևոր բաների մասին։ Մարմնականը խորհելը մահ է, իսկ հոգևորը խորհելը՝ կյանք և խաղաղություն։ Մարմնականը խորհելը թշնամություն է Աստծու հանդեպ, որովհետև չի հնազանդվում Աստծու օրենքին, ոչ էլ կարող է հնազանդվել։ Ուստի ովքեր մարմնին են հետևում, Աստծուն հաճելի չեն կարող լինել»։
Եկեղեցու բարիքները զուտ մարմնավորի համար չեն։ Սա չեմ գրում նախատելու կամ մեղադրելու համար, այլ որպեսզի չվնասվեք և դատապարտության մեջ չընկնեք։ Շատերը պատուհասվել են, երբ անհարգալից ձևով են հաղորդվել սրբությունների հետ։ Հարկ է հասկանալ, որ Աստուծո Եկեղեցու մեջ չկան բաներ, որոնք ուղղակի այս կյանքի կարիքները հոգալու համար են և վերջ։ Անշուշտ, Աստված հոգում է ամեն բան, սակայն եթե մարդը Եկեղեցու բարքիներն օգտագործում է միայն այս կյանքի համար և չի մտածում իր հավիտենական կյանքի համար, ապա այդ բարիքը կարող է հետո վկայել այդ մարդու դեմ։
Բ Կրնթ. 2:15-16: «Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ՝ թե՛ փրկության ճամփին գտնվողների մեջ, թե՛ կորստյան ճամփին գտնվողների մեջ. ոմանց համար՝ մահվան հոտ, որ տանում է դեպի մահ, և ոմանց համար՝ կենդանության բույր, որ տանում է դեպի կյանք։ Եվ ո՞վ կարող է այս ամենին հասու լինել...»։
Սրբությունը ոմնաց համար կյանքի բույր է դառնում, ոմնաց համար էլ` մահվան, եթե սխալ նպատակով են օգտվում ու անարգում սրբությունը։
Օգտվեք Մայր Եկեղեցու բարիքներից` լինելով այդ Եկեղեցու հնազանդ ու հավատավոր զավակը։ Սրբություններն անգամ անհավատներին են օգնել, բայց եթե անհավատը կամ «կիսաքրիստոնյա» մարդը չի ուղղվում և չի դառնում Աստծուն, ապա այդ ամենը նրա դեմ է վկայելու Դատաստանի օրը։
Ավելի խիստ է պահանջվելու մեզանից` Եկեղեցու զավակներից, քանզի մենք Մայր Եկեղեցու հովանու տակ ենք և չենք կարող արդարանալ` ասելով, որ չենք հասկացել այս ամենը։

Հովհաննես դպիր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դիտվել է՝ 473

Մեկնաբանություններ