Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել դաշինքի սանձազերծած պատերազմից անցել է մոտ երեք շաբաթից էլ ավելի, և արդեն երևում են ակնհայտ իրողություններ, որոնք ամերիկյան ստրատեգները չկանխատեսեցին: Առաջին՝ տապալվեց Մերձավոր Արևելքում նախկինում փորձված և հաջողությամբ ավարտված սցենարը: Եկանք, հրթիռակոծեցինք, ղեկավարությանը ոչնչացրինք, երկրում ոտքի հանեցինք հակաիշխանական-կրոնական-էթնիկ-սեպարատիստական ուժերին, կազմավորեցինք լոյալ-հնազանդ իշխանություն և փառքով ավարտեցինք: Այս սցենարը իրագործվեց Իրաքում, Լիբիայում, կարելի է ասել՝ ավելի մեծ ժամանակահատվածում նաև Սիրիայում: Երկրորդ՝ Իրանը հրթիռակոծվեց, կորցրեց իր առաջնորդներին, բայց ցույց տվեց պետական կառավարման չտեսնված ճկունություն: Սպանված ռազմաքաղաքական ղեկավարները փոխարինվում են նորերով վայրկյանների ընթացքում: Նույնիսկ դժվար է ասել, թե հիմա ով է Իրանի կառավարման բուրգի գլուխը: Երրորդ՝ տարածաշրջանի բոլոր պետությունները բացահայտ կամ թաքուն դժկամությամբ են վերաբերվում ահռելի կորուստների հանգեցնող պատերազմին: Չորրորդ՝ Իրանի դեմ հաղթանակով Թրամփը հավանաբար ցանկանում էր նաև հարվածել Ռուսաստանի և Չինաստանի դիրքերին, կրճատել նրանց ազդեցության և շահերի գոտիները: Սա նույնպես չի ստացվում: Հինգերորդ՝ Իրանի դեմ պատերազմում են երկու միջուկային պետություն: Նրանց ռազմական կարողությունները հարյուրապատիկ անգամ ավելին են: Պակաս է ցամաքային գործողության հնարավորությունը, Իրաքի սցենարը Բաղդադի գրավման նմանությամբ անհավանական է: Այս հանգամանքը մեծացնում է միջուկային հարվածների հավանականությունը, որը հուժկու հակաամերիկյան տրամադրություններ է գեներացնում ամբողջ աշխարհում, նաև՝ ԱՄՆ-ի դաշնակիցների շրջանում: Վեցերորդ՝ Իրանը հսկայական կորուստներ է կրում՝ մարդկային, նյութական և այլն: Դրան հակառակ՝ շատ արդյունավետ օգտագործում է հակառակորդին խեղճացնելու հզոր լծակը՝ Հորմուզի նեղուցը: Վաշինգտոնում չգիտեն այս հարցի լուծման տարբերակները: Օգտվում են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, որոնց նավերը անխոչընդոտ երթևեկում են նեղուցով: Եվ վերջինը. Յոթերորդ՝ ԱՄՆ-ի ռազմավարական երկու գլխավոր դաշնակիցները՝ Թուրքիան և Սաուդյան Արաբիան, բավականին պասիվ, սպասողական և իներտ դիրքորոշում են որդեգրել. Իրանի անկումը կարող է իսրայելական հեգեմոնիայի հիմք ստեղծել, որն անցանկալի իրողություն կլինի նրանց համար: Բոլոր առումներով Հարավային Կովկասի պետությունները նույնպես հնարավոր զարգացումների հետևանքների կրողներ են:
Գարիկ Քեռյան