ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Նոր թատրոն կառուցելը շինարարություն է, հին թատրոն կորցնելը՝ խաթարված պատմություն

Նոր թատրոն կառուցելը շինարարություն է, հին թատրոն կորցնելը՝ խաթարված պատմություն
25.08.2026 | 14:03

Որոշված է՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի հին շենքը կքանդվի, կկառուցվի նոր թատրոն: Վանաձորցիները հասկանում են՝ նոր թատրոն կառուցելը շինարարություն է, հին թատրոն կորցնելը՝ պատմություն։ Աբելյանի թատրոնը ևս մեկ օրինակ է, թե ինչպես են երկրում որոշվում պատմական շենքերի, հանրային տարածքների ու մշակութային կառույցների ճակատագրերը։
Վանաձորում վերջին ամիսներին մի հարց ավելի մտահոգիչ է հնչում՝ ինչո՞ւ պետք է քանդվի Աբելյանի անվան թատրոնի շենքը։ Տարածում են գտել նոր շենքի ռենդերները (նոր շենքի համակարգչային պատկերը, որը ցույց է տալիս, թե ինչ տեսք կունենա կառուցումից հետո): Կան մարդիկ, որ կատակում են՝ «Վանաձորը մտնում է համաշխարհային ճարտարապետության նոր փուլ»։ Քաղաքացի Արեգ Շեկոյանը հրապարակային մտահոգություն է հայտնում. «Ո՞րն է ճարտարապետական գաղափարը, որը արժեք է ունենալու։ Վանաձորը կարող էր թատրոն հիմնանորոգել, որն էլի մնար քաղաքի այցեքարտը, բայց փոխարենը ստացվել է էն տիպի շենք, որը նույն հաջողությամբ կարող ես պատկերացնել որպես բիզնես կենտրոն, հյուրանոց կամ սուպերմարկետ»։
Ո՞վ է որոշել, ե՞րբ, ինչո՞ւ են նման բան որոշել, արդյո՞ք հնարավոր չէր պատմական շենքի հիմնանորոգումը, որի դեպքում էլ կարող էին ունենալ այն բարելավումները, որոնք ակնկալվում են նորի կառուցման դեպքում: Պետական մարմինների ներկայացրած հիմնավորումը հայտնի է՝ գործող շենքի վերակառուցումը սեյսմիկ և տնտեսական առումով նպատակահարմար չէ։ Բայց որքանո՞վ է այս որոշումը փաստաթղթավորված, ի՞նչ այլընտրանքներ են ուսումնասիրվել, և արդյո՞ք Վանաձորի բնակիչը հնարավորություն է ունեցել քննարկելու ոչ միայն նոր թատրոնի տեսքը, այլև ամենակարևոր հարցը՝ իսկապե՞ս պետք էր քանդել հինը։ Հարցերը հստակ պարզաբանված չեն, և հիմա այդ շենքի ապագան արդեն որոշված գործընթացի մեջ է։ Նոր թատրոն է նախագծվել։ Նախագծի պատվիրատու պետական մարմինը՝ Քաղաքաշինության կոմիտեն, 2024 թ. մրցույթ է անցկացրել, որի հաղթող է ճանաչվել «Արմստրոյ» ընկերությունը։ Նախագծման արժեքը՝39 միլիոն դրամ։ Այն կունենա մեծ և փոքր դահլիճներ, ժամանակակից բեմական հնարավորություններ, գրիմանոցներ, հանդերձարաններ, անհրաժեշտ այլ տարածքներ։ Նոր կառույցի նախագծային պատկերներում նախատեսվում է պահպանել հին շենքի ճակատը՝ գլխավոր մուտքը, սյունաշարը, վերին եռանկյունաձև հատվածը, սակայն շենքի հիմնական կառուցվածքը լինելու է նոր։ Այսինքն՝ խոսքը սովորական վերանորոգման մասին չէ։ Խոսքը մի ամբողջ ճարտարապետական մարմնի փոխարինման մասին է։
Լոռու մայր թատրոնի պատմությունը սկսվում է 1931 թ.-ից, իսկ քաղաքի թատերական կյանքն ունի դրանից էլ ավելի վաղ պատմություն։ Տասնամյակների ընթացքում այն դարձել է ոչ միայն բեմ, դահլիճ, վարագույր ու ճեմասրահ, այլև քաղաքի մշակութային հիշողության մի մասը։ Այդ շենքում սերունդներ են ներկայացումներ դիտել, դերասաններ են առաջին անգամ բեմ բարձրացել, ընտանիքներ են երեխաներին թատրոն տարել, և քաղաքի բնակիչը սովորել է այդ շենքը ճանաչել որպես Վանաձորի մշակութային դիմագծերից մեկը։
«Հին շենքը չի կարելի պահել»․ բայց ինչո՞ւ. Ըստ Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցչի հրապարակային պարզաբանման Պետական մարմինների հիմնական բացատրությունը. գործող շենքը ենթարկվել է սեյսմիկ գնահատման, և, ըստ դրա, վերակառուցումն ավելի թանկ կարժենա, քան նոր շենքի կառուցումը։
Սա, եթե ամբողջությամբ հիմնավորված է մասնագիտական փաստաթղթերով, կարող է լինել լուրջ փաստարկ։Բայց այստեղ է սկսվում հանրության իրավացի հարցը՝ Որտե՞ղ է այդ փաստաթուղթը։ Ո՞վ է կատարել սեյսմիկ ուսումնասիրությունը։ Ե՞րբ։ Ի՞նչ մեթոդաբանությամբ։ Ի՞նչ վիճակում են գնահատվել շենքի հիմքերը, կրող պատերը, ծածկերը և մյուս կառուցվածքային տարրերը։ Արդյո՞ք ուսումնասիրվել է ոչ միայն «քանդել և նորը կառուցել» տարբերակը, այլև գործող շենքի ամրակայման և վերականգնման տարբերակը։ Որքա՞ն կարժենար այդ աշխատանքը։ Ի՞նչ ժամկետ կպահանջեր։ Մենք գտել ենք փաստաթղթային հետք, որ թատրոնի գնումների պլանում նախատեսված է եղել 300 հազար դրամի «սեյսմիկ ծառայություն»։ Սա կարևոր է, որովհետև ցույց է տալիս՝ առնվազն նման ուսումնասիրություն նախատեսված է եղել։ Բայց այդ հանգամանքը դեռ ինքնին չի պատասխանում գլխավոր հարցին՝ ո՞վ է կատարել ուսումնասիրությունը և ի՞նչ է գրված դրա ամբողջական եզրակացության մեջ։Հետևաբար, այսօր ճիշտ չէ հայտարարել, թե «ոչ մի ուսումնասիրություն չի արվել»։ Բայց նույնքան անընդունելի է հանրությունից պահանջել հավատալ միայն բանավոր բացատրությանը, երբ որոշման հիմքում դրված մասնագիտական եզրակացության ամբողջական տեքստը հանրային քննարկման առարկա չի դարձել։
ԿԳՄՍ նախարարության անհայտ մնացած գրությունը. Մյուս առանցքային հարցը մշակութային ժառանգության պահպանությունն է։ Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչ Մասիս Աղայանցը հրապարակայնորեն հայտնել է, որ ԿԳՄՍ նախարարությանը դիմել են հին շենքի հետ կապված և ստացել պատասխան, ըստ որի՝ շենքը կարող է քանդվել, սակայն ճակատը պետք է նույնությամբ վերականգնվի։
Սա շատ կարևոր տեղեկություն է։ Բայց հանրությունը կրկին ունի մեկ պարզ հարց.Որտե՞ղ է այդ գրությունը։ Ո՞ր ամսաթվով է այն։ Ո՞ր համարով։ Ո՞վ է ստորագրել։ Ի՞նչ մասնագիտական եզրակացությունների վրա է հիմնված։ Ի՞նչ է նշանակում «կարելի է քանդել»։ Ի՞նչ պահպանության պայմաններ են սահմանվել։ Ի՞նչ է համարվում հին շենքի պատմական արժեք՝ միայն ֆասա՞դը, թե՞ նաև ներքին տարածական կառուցվածքը։
Որովհետև պատմական ճակատը պահպանելը և պատմական շենքը պահպանելը նույն բանը չեն։
Ճակատը կարելի է վերարտադրել։ Բայց շենքի ներսում ձևավորված տարածական հիշողությունը, ակուստիկան, բեմի և դահլիճի հարաբերությունը, դերասանների աշխատանքային միջավայրը, հանդիսատեսի տասնամյակների հիշողությունը հնարավոր չէ վերականգնել նույն ճշգրտությամբ։ Չեմ խոսում միայն ճարտարապետական խնդրի մասին։Սա մշակութային ժառանգության մասին հարց է։
Հանրային լսումներ եղել են. բայց հանրային ազդեցությո՞ւն. ՇՄԱԳ-ի գործընթացում հանրային լսումներ նախատեսված և անցկացված են եղել։ 2025 թ. տեղի է ունեցել հանրային քննարկում Վանաձորում, իսկ ՇՄԱԳ-ի գործընթացի շրջանակում ևս հանրային լսումներ են կազմակերպվել։ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական հարթակում հրապարակված է նաև 2025 թ. կազմված ՇՄԱԳ հաշվետվությունը՝ Վանաձորի Թատերական փողոց 3ա հասցեում նախատեսվող նոր դրամատիկական թատրոնի կառուցման վերաբերյալ։
Օրենքն էլ հանրային լսումները ձևական արարողություն չի համարում։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը նախատեսում է շահագրգիռ հանրության մասնակցությունը ՇՄԱԳ-ի և փորձաքննության գործընթացներին, հանրային լսումների անցկացում, փաստաթղթերի հասանելիություն և առաջարկությունների ներկայացման հնարավորություն։ Ավելին՝ լիազոր մարմինը և նախաձեռնողը պարտավոր են քննարկել ներկայացված դիտողություններն ու առաջարկությունները, իսկ դրանք հաշվի չառնելու դեպքում պետք է պատճառաբանություն ներկայացնեն։Սա շատ կարևոր իրավական սկզբունք է։Հանրային լսումը միայն մարդկանց մի սենյակում հավաքելը չէ։ Հանրային մասնակցության իմաստն այն է, որ քաղաքացին կարողանա ոչ միայն լսել, թե ինչ է որոշվել, այլև իր հարցով, դիտողությամբ կամ այլընտրանքով ազդել որոշման որակի վրա։
ՈՒ այստեղ է, որ Աբելյանի թատրոնի պատմությունը պահանջում է ավելի մանրամասն պատասխաններ։
Եթե հանրային քննարկումների ժամանակ արդեն փաստացի որոշված էր, որ գործող շենքը քանդվելու է և միայն ճակատն է պահպանվելու, ապա քաղաքացին պետք է իմանա՝ ո՞ր փուլում էր ինքը հնարավորություն ունենալու քննարկել հենց այդ հիմնարար որոշումը։Նոր շենքի գույնը, ապակու ծավալը կամ ճակատի դետալները քննարկելը մի հարց է։Իսկ «պահպանե՞լ, թե՞ քանդել» հարցը՝ բոլորովին ուրիշ։
Վանաձորցու դժգոհությունը միայն գեղեցկության մասին չէ. Նոր նախագծի վերաբերյալ դժգոհությունները նույնպես պետք չէ ներկայացնել որպես պարզապես «մեկին դուր է գալիս, մյուսին՝ ոչ» ճարտարապետական վեճ։ Հանրային քննարկումներում թատրոնի աշխատակիցներն ու քաղաքացիները մտահոգություններ են հայտնել նախագծի վերաբերյալ։ Թատրոնի ներկայացուցիչներն էլ նախկինում խոսել են նոր շենքի ակուստիկայի, թատերական առանձնահատկությունների և այն մտահոգության մասին, թե որքանով նոր կառույցը կպահպանի թատրոնի ձևավորված միջավայրը(թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյան, դերասան Էլֆիկ Զոհրաբյան)։Եվ այստեղ հարցերը շատ կոնկրետ են.Նոր թատրոնի դահլիճների ակուստիկ հաշվարկները անկախ մասնագետների կողմից ստուգվե՞լ են։Հանդիսատեսի բոլոր հատվածներից բեմի տեսանելիությունը հաշվարկվա՞ծ է։ Բեմի չափերը և խորությունը համապատասխանո՞ւմ են ոչ միայն այսօրվա, այլև ապագա բեմադրությունների պահանջներին։Տեղադրվող մեխանիզմները, պտտվող բեմը, լուսային և ձայնային համակարգերը համապատասխանո՞ւմ են ժամանակակից թատրոնի պահանջներին։ Ինչպե՞ս են իրականացվելու բեմական ծանրաբեռնվածության, հրդեհային անվտանգության, տարհանման, ձայնամեկուսացման և դերասանների աշխատանքի հետ կապված լուծումները։Սրանք արդեն «գեղեցիկ է, թե տգեղ» հարցեր չեն։Սրանք թատրոն կառուցելու մասնագիտական հարցեր են։
Իսկ նոր շենքը ի՞նչ է լինելու Վանաձորի համար. Այս հարցն էլ չի կարելի շրջանցել։
Ճարտարապետական նախագծի շուրջ կարելի է ունենալ տարբեր ճաշակներ։ Ոչ ոք պարտավոր չէ նոր շենքը գեղեցիկ համարել։ Բայց Վանաձորի նման քաղաքում, որն ունի իր ճարտարապետական պատմությունը, նոր հասարակական շենքը կարող էր դառնալ ոչ միայն ֆունկցիոնալ տարածք, այլև քաղաքի նոր մշակութային խորհրդանիշ։ Հենց այդ պատճառով քաղաքացիների մի մասի քննադատությունն այն մասին, որ ներկայացված լուծումը կարող է հիշեցնել հերթական ժամանակակից հասարակական կամ վարչական կառույց, արժանի է մասնագիտական քննարկման։
Վանաձորը նոր թատրոնի կարիք ունի։ Բայց նոր թատրոն ունենալու ցանկությունը չպետք է ավտոմատ վերածվի հին թատրոնը կորցնելու անհրաժեշտության։
Նոր թատրոնը կարող էր նախագծվել այնպես, որ նորն ու հինը երկխոսեին։ Կարելի էր քննարկել ամբողջական վերականգնում, հին ծավալի ամրակայմամբ ժամանակակից ներքին լուծում, պատմական կառույցին կից նոր ծավալ, կամ այլ տարբերակներ։Եթե այդ բոլոր տարբերակները մասնագիտական մակարդակով ուսումնասիրվել են և փաստաթղթերով ապացուցվել է, որ դրանցից մեկը տեխնիկապես անհնար է, մյուսը՝ սեյսմիկ առումով անընդունելի, երրորդը՝ ֆինանսապես անհամաչափ, ապա հանրությունը պետք է դա տեսնի։Այդ մասին Թող մասնագետները խոսեն փաստերով։
162 միլիոն դրամի մեկ այլ հարց. Թատրոնի հարակից հրապարակն արդեն վերանորոգվել է։ Հանրային քննարկումների ժամանակ բարձրացվել է նաև այն հարցը, որ պետական և համայնքային միջոցներից դրա վրա ծախսվել է մոտ 162 միլիոն դրամ։Եթե հիմա թատրոնի շենքը քանդվում է, ի՞նչ է լինելու արդեն կատարված ներդրումների հետ։Արդյո՞ք նոր նախագծի շրջանակում հրապարակը մնալու է նույնը։Արդյո՞ք անհրաժեշտ են լինելու նոր աշխատանքներ։ Արդյո՞ք նախկին ներդրումների մի մասը դառնալու է անտեղի։Եվ եթե այո, ո՞վ է կատարել այդ ներդրումների և նոր նախագծի փոխկապակցվածության հաշվարկը։
Պետական փողը «հին» կամ «նոր» իշխանության փող չէ։ Դա քաղաքացու փողն է։
Ուստի քաղաքացին իրավունք ունի իմանալու ոչ միայն՝ որքա՞ն է նոր շենքի արժեքը, այլև՝ որքա՞ն է ամբողջ ծրագրի իրական արժեքը՝ հին շենքի կորուստ, քանդում, ժամանակավոր տեղափոխություն, հրապարակ, նոր շինարարություն և հետագա սպասարկում՝ միասին վերցրած։
Իսկ թատրոնի մարդիկ ի՞նչ են ասում. Չկա հրապարակված փաստաթուղթ, որը թույլ կտար հայտարարել, թե «ամբողջ թատերախումբը դեմ է» կամ «ամբողջ թատերախումբը կողմ է»։ Փոխարենը կան հրապարակային հայտարարություններ, որոնցից երևում է, որ թատրոնի ներկայացուցիչները նոր շենք ունենալու գաղափարին դեմ չեն, սակայն ունեն լուրջ մասնագիտական մտահոգություններ՝ հատկապես հին թատրոնի կոլորիտի, ակուստիկայի և նոր կառույցի թատերական ֆունկցիոնալության վերաբերյալ։Սա շատ ավելի ազնիվ դիրքորոշում է, քան մարդկանց ստիպել ընտրել «կողմ» կամ «դեմ» երկու ծայրահեղությունների միջև։
Թատրոնի աշխատակիցը կարող է ցանկանալ նոր, անվտանգ, ժամանակակից և տեխնիկապես հագեցած շենք, բայց միաժամանակ չցանկանալ կորցնել այն շենքը, որի հետ կապված է իր մասնագիտական ու անձնական հիշողությունը։
Եվ ոչ ոք իրավունք չունի նրա լռությունը մեկնաբանել որպես համաձայնություն։
Այսօրվա ամենատագնապալի հարցը. Այս պատմության վերջին փուլը արդեն միայն նախագիծը քննարկելու մասին չէ։ 2026 թ. մայիսին պետական գնումների համակարգում հրապարակվել է «Արմստրոյ»-ի հետ 1 մլն 196 հազար դրամի հեղինակային հսկողության ծառայության պայմանագիր: Այսինքն՝ գործընթացը առաջ է գնում։
Միաժամանակ, 2026 թ. օգոստոսին հրապարակված տեղեկությունների համաձայն՝ թատրոնի գործող շենքը պետք է ազատվի, իսկ թատերախումբը ժամանակավորապես գործելու է Վանաձորի մշակույթի պալատում։ Թատրոնի տնօրենը, ըստ հրապարակման, նշել է, որ թատրոնը շարունակելու է աշխատել և աշխատավարձերը պահպանվելու են, սակայն ինքը չի կարողացել հստակ ասել, թե երբ կավարտվի նոր շենքի շինարարությունը։ Սա արդեն շատ լուրջ հարց է։
Որքա՞ն է տևելու ժամանակավոր փուլը։ Ինչպե՞ս է ապահովվելու ներկայացումների բնականոն ընթացքը։Ինչպե՞ս են պահպանվելու դեկորները, զգեստները, արխիվները, տեխնիկան։Ո՞վ է պատասխանատու ժամանակավոր տեղափոխության ծախսերի համար։Իսկ եթե շինարարությունը ձգձգվի՝ ի՞նչ է լինելու թատերախմբի հետ։
Վերջում՝ մենք ի՞նչ ենք պահանջում. Վանաձորցին իրավունք ունի նոր թատրոն ունենալու։Վանաձորցին իրավունք ունի անվտանգ շենք ունենալու։Վանաձորցին իրավունք ունի ժամանակակից բեմական տեխնիկայով հագեցած մշակութային կենտրոն ունենալու։Բայց նույն այդ քաղաքացին իրավունք ունի նաև իմանալու, թե ինչ գնով է դա արվում։Ուստի այստեղ պահանջը չպետք է լինի «մի քանդեք, որովհետև մենք այդպես ենք ուզում»։Պահանջը պետք է լինի շատ ավելի լուրջ՝Հրապարակեք փաստաթղթերը։Հրապարակեք գործող շենքի ամբողջական տեխնիկական և սեյսմիկ հետազոտությունը։Հրապարակեք ուսումնասիրությունն իրականացրած մասնագետների անունները և կազմակերպության տվյալները։Հրապարակեք գործող շենքի պահպանման և վերականգնման հնարավոր տարբերակների հաշվարկները։Հրապարակեք նոր շենքի և վերականգնման տարբերակների արժեքային համեմատությունը։Հրապարակեք ԿԳՄՍ նախարարության այն պաշտոնական գրությունը, որի հիման վրա որոշվել է, որ հին շենքը կարող է քանդվել՝ ճակատի պահպանման պայմանով։Հրապարակեք բոլոր հանրային լսումների արձանագրությունները։Հրապարակեք հանրության ներկայացրած առաջարկությունների ամբողջական ցանկը և դրանց վերաբերյալ պատասխանները։Հրապարակեք պետական փորձաքննության վերջնական եզրակացությունը։Եվ, ի վերջո, հրապարակեք այն փաստաթուղթը, որով քաղաքացին կարող է համոզվել, որ հին շենքը քանդելը ոչ թե նախապես ընտրված լուծում էր, որի համար հետո հիմնավորում են գտել, այլ մասնագիտական համեմատության արդյունքում ընտրված լավագույն տարբերակը։
Սա շատ մեծ տարբերություն է։Որովհետև քաղաքաշինության մեջ հնարավոր է կառուցել նոր շենք։Հնարավոր է նաև վերականգնել հինը։Բայց երբ քանդվեց պատմական շենքը, հետ բերել այն այլևս հնարավոր չէ։
Հին ճակատը կարելի է նորից կանգնեցնել։ Նույն սյուները կարելի է կրկնօրինակել։ Նույն գույնի քար կարելի է գտնել։ Նույն ձևի պատուհաններ կարելի է պատրաստել։Բայց այն շենքը, որի պատերի մեջ ապրել է քաղաքի հիշողությունը, այլևս չի վերադառնա։
Եվ հենց այստեղ է, որ Աբելյանի թատրոնի հարցը դուրս է գալիս մեկ շինարարական ծրագրի շրջանակից։Սա հարց է այն մասին, թե մենք ինչպիսի քաղաք ենք ուզում։ Քաղաք, որտեղ հինը ոչնչացնում ենք, հետո նրա ֆասադը պահպանո՞ւմ՝ որպեսզի հիշողությունը տեսանելի մնա՞։ Թե՞ քաղաք, որտեղ նոր ճարտարապետությունը կարողանում է խոսել հնի հետ՝ առանց նրան ջնջելու։ Մենք դեռ կարող ենք վիճել նոր նախագծի գեղեցկության մասին։ Դա ճաշակի հարց է։ Բայց կա մի հարց, որը ճաշակի հարց չէ. Արդյո՞ք մենք արել ենք հնարավոր ամեն ինչ՝ հասկանալու համար, թե իսկապես պարտադի՞ր է կորցնել Աբելյանի թատրոնի պատմական շենքը։
Մինչ այդ հարցի լիարժեք պատասխանը փաստաթղթերով դրված չէ սեղանին, Վանաձորցու անհանգստությունը ոչ միայն հասկանալի է, այլև անհրաժեշտ։
Հանրության մասնակցության իմաստը հենց այն է, որ քաղաքացին ոչ միայն լսի որոշման մասին, այլ կարողանա պահանջել դրա հիմնավորումը, ներկայացնել իր առարկությունը և ստանալ պատճառաբանված պատասխան։ ՀՀ գործող իրավակարգավորումն այդ հնարավորությունը նախատեսում է։
Ուրեմն հիմա Վանաձորի հասարակության պահանջը կարող է լինել մեկ նախադասությամբ.
Նախ ցույց տվեք մեզ բոլոր փաստաթղթերը, բոլոր մասնագիտական եզրակացությունները և բոլոր ուսումնասիրված այլընտրանքները, հետո միայն քանդեք այն, ինչ տասնամյակներով եղել է Վանաձորի մշակութային տան հասցեն։
Որովհետև նոր թատրոն կառուցելը շինարարություն է։
Հին թատրոն կորցնելը՝ պատմություն։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Դիտվել է՝ 216

Մեկնաբանություններ