ՄԱԿ-ում ԱՄԷ-ի դեսպան Ջամալ Ալ Մուշարաքը Ժնևում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմում իր երկիրը «լիովին չհիմնավորված գործողությունների թիրախ է դարձել»։ Այդուհանդերձ, դեսպանը հավելել է. «Մենք բազմիցս շեշտել ենք և տարածաշրջանում սպասվող իրադարձություններից առաջ կրկնում ենք. Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանի վրա մեր տարածքից հարձակումներին չի մասնակցի և նման հակամարտության մեջ չի ներքաշվի»։               
 

Ղեկավարից պիտի ղեկավարի հոտ գա

Ղեկավարից պիտի ղեկավարի հոտ գա
08.03.2026 | 14:19

Որքան մտածում եմ, որքան թերթում եմ պատմության էջերը, հարցումներ անում համակարգչին, անգամ արհեստական բանականությանը, իմանալու, թե պատմության մեջ երբևէ եղե՞լ է որևէ երկրի ղեկավար, որ բամբասկոտի նման տարիներ շարունակ և Աստծո ամեն օր հայհոյի իրեն նախորդած իշխանություններին, աշխարհի բոլոր մեղքերը վերագրելով նրանց, այդ քողի ներքո թաքցնելով սեփական մեղքերը՝ չգտա։

Չի եղել այդպիսի ղեկավար։

Իսկ եղե՞լ է կամ կա՞ մի երկրի ղեկավար, որի երկիրը, գտնվելով տնտեսական և անվտանգային ծայրահեղ իրավիճակում, համերգներ կազմակերպի և թմբուկ զարկողի իր ունակություններն աշխարհին ցուցադրի։

Կամ վաճառակետերից գնումներ կատարած կանանց ծանր տոպրակները ձեռքով նրանց տուն տեղափոխի։

Կամ հասարակ երևալու համար ի տես բոլորի մեկ թխվածքաբլիթ ուտի, մեկ՝ խաշած եգիպտացորեն, մեկ՝ սուջուխ։

Լավ, թող անուշ լինի, բայց ինչու, ինչու՞ հանձնարարել, որ այդ էժանագին, մանիպուլյատիվ գործողությունները նկարահանվեն։ Որովհերև առջևում ընտրություններ են, ձայներ են պետք։ Միայն նրա համար, որ ընտրողներն ասեն՝ վա՜յ, այս ինչ հասարակ, մեզ նման ղեկավա՞ր ունենք։ Իհարկե, կլինեն այնպիսիները, որ կուլ կտան խայծը։ Ղեկավարից, ինչպես ասում են, պիտի ղեկավարի հոտ գա։ Իհարկե, հանրության առավել գիտակից մասը անպայման հարց կտա իրեն՝ որքանո՞վ է հասարակ այդ ղեկավարը, որ 12 միլիոն պարգևավճար է ստանում, իսկ թոշակառուի չնչին թոշակին 10 հազար դրամ ավելացնելով համարում, որ նրանց մե՜ծ լավություն է արել։

Մեր պատմական ֆիլմերից մեկում, երբ երկրին վտանգ էր սպառնում, և միջոցներ չկային զենք գնելու, հայ կանայք իրենց բոլոր զարդեղենը նվիրաբերեցին այդ գործին (սա պատմական իրողություն է)։ Իսկ հիմա, այս ծանր իրավիճակում, փոխանակ այդ միլիոնավոր դոլարների պարգևավճարները ներդնեն բանակի վերազինմանը, հանգիստ խղճով վայելում են։ Ավելին, երբ մեր դժվարին պահին մեզ բարոյական հենարան եղած հարևան երկիրը սպանդի է ենթարկվում, ցինիկ անտարբերությամբ ամեն օր տեսախցիկների առաջ ծափ-ծիծաղով շրջագայելը առնվազն անամոթություն է։ Ծանր բան է, երբ հարևանդ սգի մեջ է, իսկ դու հեռուստացույցի ձայնը մինչև վերջ բարձրացրած համերգ ես ունկնդրում։

Երբ երկրի անվտանգային խնդրի վերաբերյալ լրագրողը հարց է տալիս, պատասխանում է՝ ես ում հարկն է, հանձնարարություններ տվել եմ։ Այնինչ սահմանամերձ գյուղերի բնակիչները շարունակ ահազանգում են, որ ադրբեջանական ռազմական միավորումները հենց Հայաստանի տարածքներում, իրենց քթի տակ ամրություններ են կառուցում, որի պատճառով իրենք վախենում են օգտվել մերձակա ցանքատարածություններից ու արոտավայրերից։ Հարգարժան վարչապետը վաղուց լռում է, թե որն է լինելու այդ տարածքների ճակատագիրը։

Սահմանազատման գործընթացը դադարեցված է հասկանալիորեն։

Ինչու։

Որովհետև վերընտրվելու դեպքում, հավանաբար, սահմանային սյուները կանգնեցվելու են այդ ազերական հենակետերից ներս, իսկ եթե դա հիմա անեն, ընտրություններին կարող են շատ ձայներ կորցնել։ Ամեն ինչ հաշվարկված է, համաձայնեցված Ալիևի հետ։

Ահա այսպես էլ ընդառաջ ենք գնում ընտրություններին։

Սերգեյ ԱԲԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ