«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Էդ օրը մենք սկսեցինք մտածել

Էդ օրը մենք սկսեցինք մտածել
07.04.2025 | 07:20

Էն տարիներին տպագիր խոսքը շատ հեղինակավոր բան էր։ Հո ամեն մեկին չէին տպում։ Ինչ-որ բան հրատարակելը շատ դժվար ու թանկ բան էր՝ նյութը բազմաթիվ խելացի մարդկանց ձեռքի տակով էր անցնում, վերլուծվում, հաստատվում, ուղարկվում տպարան, տպագրվում մեծ տիրաժներով… Ո՜նց կարող ա էդքանից հետո ինչ-որ հիմարություն սպրդեր ու տպագրվեր։ Դրա համար էլ՝ հարգանք-պատիվ կար տպագիր խոսքի նկատմամբ։ Անգամ Բրեժնևի երկարաշունչ ճառերը համագումարների ժամանակ, մենք համարում էինք, որ կարևոր են, ուղղակի մեր համար են տաղտկալի, իսկ ղեկավարները դրանք կարդում են, էդ ճառերով երկիր են ղեկավարում, հասկացող մարդիկ վերլուծում են, իմանում են, թե երկիրն ինչ ճանապարհով պիտի զարգանա։

Դրա համար էլ՝ երբ երրորդ թե չորրորդ դասարանում, լավ չեմ հիշում, լեզվի ու գրականության գրքում մենք կարդացինք էն մասին, որ մարդն ամեն օր ինքն իրան բարի լույս ա ասում, զարմացանք, բայց ընդունեցինք։ Դա կարճ՝ մի կես էջանոց տեքստ էր ոչ մի բանի մասին, պարզապես մարդն ամեն առավոտ ինքն իրան բարի լույս էր ասում։ Մեր տարիքում դժվար էր ընկալել, որ էդ աննշան բանի մասին կարելի ա գրել։ Դրանով կարող էր սկսվել տեքստը, բայց գոնե մի բան պիտի կատարվեր, չէ՞։ Էդ նույնն էր, ինչ ցամաք հաց ուտես՝ ուտում-ուտում ես, սպասում ես, որ հես ա գոնե մի կտոր պանիր են տալու, հացը վերջանում ա, ու տենց էլ հետը ոչ մի բան չեն տալիս ուտելու։

Էդ հետո մենք հասկացանք, թե ինչի մասին էր տեքստը, որ բարի լույսը կարող ա ոչ միայն կարճ պատմվածքի, այլ մի ամբողջ վեպի նյութ լինել։ Երևի պարզապես սխալ տարիքում էին հանձնարարել։ Իսկ ուսուցչուհին ջահել աղջիկ էր, որը չգիտեմ՝ ոնց էր հայտնվել մեր դասարանում։ Ոչ ազգանունն եմ հիշում, ոչ դեմքը։ Երևի շատ կարճ մնաց, ու չի տպավորվել։

Մի քանի հոգի անկյանք ձայնով բարձրաձայն կարդաց էդ կես էջը, ինչ-որ գնահատական ստացավ։ Ուսուցչուհին ակնհայտորեն նյարդայնանում էր, բայց չէինք հասկանում, թե ինչից։ Մեկ էլ չդիմացավ ու ասեց՝ ախր, էս ի՜նչ տափակություն են տպել...

Ո՜նց, դպրոցի դասագրքու՞մ, տափակությու՞ն։ Ո՞նց ա դա հնարավոր...

Էդ դասը՝ որպես լեզվի ու գրականության դաս, իհարկե, տապալված էր, բայց որպես կյանքի դաս՝ շատ կարևոր էր։ Էդ օրը մենք հասկացանք, որ տպագիր խոսքն էլ կարող ա տափակություն լինի։ Որ հիմարությունը կարող ա անցնել էդ բազմաստիճան խորդուբորդ ճանապարհով, հաղթահարել բոլոր արգելքները ու հայտնվել դասագրքի էջերում։ Մենք հասկացանք, որ հեղինակությունը արտաքին հատկանիշ ա, որ հեղինակության հետ կարելի ա վիճել, չհամաձայնել։

Էդ օրը մենք սկսեցինք մտածել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7758

Մեկնաբանություններ