Երկու հազար տարի մարդիկ վիճում են՝ Քրիստոսին, իսկապես, խաչե՞լ են, թե՞ դա հնարած պատմություն ա, եթե խաչել են, նա, իսկապես, Աստծո որդի՞ն էր, թե՞ չէ․․․ Վիճում են ու վիճում։ Հավատացյալները փորձում են ապացույցներ գտնել․․․ ինչի՞ համար, որ իրե՞նք հավատան, թե՞ որ ուրիշների առաջ պարզերես դառնան։ Հիսուսին հավատացողները Հիսուսի գոյությունն ապացուցելու համար Հիսուսին նենց են փնտրում, ինչպես փախուստի մեջ գտնվող հանցագործի, որն ինչ-որ հետքեր ա թողել՝ էլ պեղումներ, էլ քիմիական վերլուծություններ՝ գերժամանակակից սարքերով․․․ Ախր, դա ի՞նչ կապ ունի հավատքի հետ, քրիստոնեության հետ։ Քրիստոնեությունը պատմական փաստերի արձանագրումը չի, այլ դրանց տակ թաքնված խորհուրդն ա։ Գողգոթան դաս ա, ոչ թե միջադեպ։
Մինչ քրիստոնյաները Գողգոթայի ապացույցներ են փնտրում, քանի՜ նոր Գողգոթաներ են եղել ու լինում, հաշվել հնարավոր չի։ Մեր վերջին Գողգոթայից կես տարի էլ չի անցել։ Դա ինչո՞վ էր տարբերվում էն Գողգոթայից։ Հիսուսն իր վրա վերցրեց մեր մեղքերն ու իր կյանքը տվեց, որ մենք ապրենք։ Իսկ մեր տղերքը՞, նրանք էլ նույն բանը չարի՞ն։ Նրանք իրենց վրա վերցրին մեր տասնամյակների մեղքերն ու իրենց կյանքերը տվեցին, որ մենք ապրենք։ Թե ինչ կեղտոտ խաղեր էին խաղում նրանց թիկունքում, նրանց հետ կապ չունի ու ոչ մի գրամ չի նսեմացնում նրանց զոհաբերության արժեքը։ Նրանց խաղն արդար էր, իսկ նրանց խաղադրույքը՝ սեփական կյանքը։
Ու ի՞նչ ենք մենք անում հիմա, մենք՝ աշխարհի առաջին քրիստոնյա ազգը։ Ախր, քրիստոնյա ազգը նա չի, որը բնակչության մեկ շնչի հաշվով 4,75 խաչ ա ձուլում կամ 27,5 մոմ վառում, այլ նա, որը գնահատում ա իր համար թափված անմեղ արյունը, հասկանում ա զոհաբերության իմաստն ու թույլ չի տալիս, որ էդ արյունն արժեզրկվի, իսկ դրա համար բոլորովին պարտադիր չի աշխարհի առաջին քրիստոնյա ազգը լինել, բավական ա, պարզապես, մի քիչ քրիստոնյա լինել, թեկուզ՝ միայն բարոյապես։
Հենրիկ Պիպոյան