Սատիրական
Հայ ժողովուրդը երեք հիմնական թշնամի ունի՝
ա. դավաճան իշխանությունները
բ. անգործունակ ընդդիմադիրները
գ. իրենք՝ հայերը:
Վերջինի վրա չզարմանաք,:
Եթե մենք մեզ չենք դավաճանում, ապա ինչպե՞ս ենք գլխներիս հանդուրժում ապիկար իշխանություններին,
ապաշնորհ, անկարողունակ ընդդիմադիրներին:
Չէ՞ որ դրանք այսօր կան որպես ոխերիմ, աննահանջ ու մշտական թշնամիներ:
Իսկ մի՞թե բարեկամներ չունենք:
Ունենք, ո՞նց չունենք:
Բա կարդաշ թուրքերը մեր ի՞նչն են, որ բարեկամից էլ բարեկամ չեն:
Նրանք ամեն օր, ամեն ժամ մեզ ասում են, մեզ հուշում են, մեզ խրատում են, մեզ բարեկամաբար պարտադրում են ու բարոյական ապտակներ հասցնում, որ մենք՝ հայ ժողովուրդը, իր գլխից դեն գցի, տանի մի խոր փոսում թաղի ապաշնորհ իշխանավորներին և ապիկար ընդդիմադիրներին, վերջապես ընտրի կարողունակ, ազգաշահ, առաքինի իշխանություն, որ իր իսկ քթի տակ հաստատի հավասարություն, եղբայրություն, կառուցի ճշմարիտ, հումանիստական ժողովրդապետություն, ուր կիշխեն միայն ու միայն օրինավորությունը, բարոյականությունը, հայրենասիրությունը, մարդասիրությունը...
Կատարել ու կատարու՞մ ենք այս ամենը՝ մեր ոխերիմ բարեկամ թուրքերի պարտադրանքը:
Ոչ, իհարկե:
Էլ ո՞նց չասենք. «Ուրեմն, մենք ենք մեր թշնամին»:
Գագիկ Անտոնյան