Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, գոհունակություն է հայտնել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներից, հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ՈՒկրաինայում ճգնաժամի շուտափույթ լուծմանը։ Փեզեշքիանը կողմ է արտահայտվել «3+3» երկխոսության ձևաչափին՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ։               
 

Ռուս-ուկրաինական հակամարտությունը, մեծ հավանականությամբ, կշարունակվի մինչև հաջորդ գարուն

Ռուս-ուկրաինական հակամարտությունը, մեծ հավանականությամբ, կշարունակվի մինչև հաջորդ գարուն
25.08.2025 | 16:35

ՈՒկրաինայում ընթացող ռազմական գործողությունների ավարտի մասին խոսակցությունները վաղաժամ են։ Չնայած առկա վիճակի և հետագա զարգացումների հավանական դինամիկայի տեսանկյունից Պուտինի ու Թրամփի միջև կայացված պայմանավորվածությունները ստեղծված իրավիճակում Ուկրաինայի համար եթե չասեմ լավագույնն են, ապա միանշանակ չարյաց փոքրագույնն են, բայց և այնպես, խաղաղության նախանշանները բացակայում են։ Զելենսկին հայտարարում է, թե պատրաստ ենք դե ֆակտո, բայց ոչ դե յուրե ընդունել տարածքային կորուստները, ի պատասխան Լավրովը նշում է, թե պատրաստ ենք դե ֆակտո բանակցել Զելենակիի հետ, բայց ոչ դե յուրե, քանի որ վերջինիս սահմանադրական լիազորությունները վաղուց սպառված են։

Ռուս-ուկրաինական հակամարտությունը, մեծ հավանականությամբ, կշարունակվի մինչև հաջորդ գարուն, որովհետև գրեթե բոլորը, բացառությամբ Ռուսաստանի, Իրանի և մասամբ նաև Միացյալ Նահանգների, շահագրգիռ են, որպեսզի այն շարունակվի հնարավորինս երկար։ Իհարկե, շահառուներից յուրաքանչյուրն ունի իր շահադիտականությունը։

- Զելենսկին չի ցանկանում ընդունել տարածքային կորուստների փաստը, որովհետև վախենում է իր քաղաքական, ինչու չէ, նաև ֆիզիկական կյանքի համար։

- Բրիտանիան չի համակերպվում այն մտքի հետ, որ պատերազմի ավարտից հետո ստիպված է լինելու անվերադարձ լքել մեծ խաղացողների բարձրագույն լիգան։

- ԵՄ անդամ առաջատար երկրները տագնապ ունեն, որ պատերազմում Ուկրաինայի պարտությունը հանգեցնելու է ձախ լիբերալ նախագծի տապալմանը և ներեվրոպական քաղաքական վերակառուցմանը։

- Չինաստանի շահագրգռությունը կայանում է նրանում, որ պատերազմը թույլ է տալիս, մի կողմից, բոլորի ուշադրությունը սևեռված պահել ռուս-ուկրաինական հակամարտության վրա, մյուս կողմից, բացառիկ արտոնյալ պայմաններով Ռուսաստանից ստանում է էներգառեսուրսներ։ Ի դեպ, Չինաստանը այն եզակի երկրներից է, որը միաժամանակ հակամարտող երկու կողմերին մատակարարում է ԱԹՍ-ների և ռազմական նշանակության այլ զինատեսակների սարքավորումներ։

- Պատերազմի ավարտը չեն ցանկանում նաև հետխորհրդային տարածքի երկրների իշխանությունները։ Որոշ բացառություն կարելի է անել Բելառուսի համար։ Նրանց մի մասը, իշխանությունը պահելու և երկարաձգելու քաղաքական նկատառումներով, ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը, մասամբ Մոլդովան, մյուսները` հիմնականում Կենտրոնական Ասիայի երկրները, Ռուսաստանի համար սահմանված պատժամիջոցների արդյունքում ստացած նոր հնարավորությունների պատճառով։

Պատերազմի երկարաձգմամբ շահագրգիռ են Թուրքիան և Իսրայելը։ Թուրքիայի համար Ռուսաստանի «զբաղվածությունը» հնարավորություն է Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Սիրիայում իր դիրքերն ամրացնելու համար, Իսրայելի համար` Իրանի հետ սեփական հին հաշիվները մաքրելու համար։

Թվում է` պատերազմի շարունակությունը պետք է շահավետ լիներ նաև ԱՄՆ-ի համար` հատկապես ռազմարդյունաբերության եկամտաբերության և ԵՄ-ին տնտեսապես հպատակեցնելու տեսանկյունից։ Բայց և այնպես, ԱՄՆ-ի համար հիմնական առաջնահերթությունը Չինաստանին զսպելու գեոստրատեգիան է, որը, առանց Ռուսաստանի հետ կարգավորված հաարբերությունների, ուղղակի անհնար է իրականացնել։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3132

Մեկնաբանություններ