Թրամփի և Պուտինի հանդիպման ամենից կարևոր արդյունքը, թերևս, այն է, որ լիդերների երեքժամյա առանձնազրույցի բովանդակությունն ու պայմանավորվածությունները այդպես էլ մնացին անհայտ ուրիշ շահագրգիռ կողմերի համար։
Բայց, մյուս կողմից էլ, ակնհայտ էր հանդիպման փոխադարձ բարյացակամ մթնոլորտը, որի հիմքը դրվել էր Ուիտկոֆի մոսկովյան վերջին այցելության ժամանակ։
Իրադարձությունների նման ընթացքը կարող էր լինել միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը ընդունած լիներ Ռուսաստանին որպես իրեն համազոր և աշխարհի ճակատագիրը որոշողներից մեկը, հանգամանք, որը, Չինաստանի առկայության դեպքում, նուրբ ուշադրության է արժանի։
Նման բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը իր հետ բերում է բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները կրիտիկական նշանակություն ունեն մարդկության հետագա ընթացքի կանխատեսումների և համապատասխան բախտորոշ որոշումների կայացման համար։
Այդ հարցերից ամենակարևորներից մեկն այն է, թե ինչպես Ելցինի ժամանակների կործանված Ռուսաստանը վերջին 25 տարիների ընթացքում, Պուտինի հմուտ ղեկավարության ներքո, կարողացավ դառնալ աշխարհի ճակատագիրը որոշողներից մեկը։
Ու դա էլ, համեմատաբար փոքրաթիվ բնակչության և ոչ հզոր տնտեսության դեպքում, որն ավելի է դժվարացնում հզորության նման թռիչքաձև փոփոխության հասկանալը։
Բնական է նաև, որ այդ հարցում էական նշանակություն է ունեցել ԽՍՀՄ-ի ժառանգությունը՝ զանազան կիսատ մնացած նախագծերի տեսքով պաշտպանության ոլորտում, բայց թվում է, որ այս գործում ավելի կարևոր նշանակություն են ունեցել ժողովրդի անկոտրում ոգին և նրա մնացորդային պասիոնարության պաշարը։
Բացի դրանից, նման արդյունքը ցույց տվեց, որ աշխարհաքաղաքական անցումային պրոցեսներում ուժերի ու միջոցների կոնցենտրացումը ռազմական հզորության ուղղությամբ ունի վճռական նշանակություն, մի հանգամանք, որը էականորեն կազդի սպառազինությունների հետագա մրցավազքի վրա։
Բոլոր դեպքերում, բարդ աշխարհաքաղաքական իրավիճակներում ամենից իրատես լինում են նրանք, որոնք նաև մեծ պատասխանատվություն են կրում: Թրամփի ԱՄՆ-ը իրատեսորեն կարողացավ գնահատել բարձր մակարդակի գլոբալ ուժերի հարաբերակցությունը, որն էլ հնարավոր դարձրեց Ալյասկայի հանդիպումը և Պուտինի տրիումֆը։
Այս ամենի ամենահավանական հետևանքն էլ կլինի աշխարհի վերաբաժանման պրոցեսը՝ ամեն մեկին ըստ իր հզորության սկզբունքով, որի ստարտը տրվեց Ալյասկայում, և որը իր լրջագույն հետևանքները կունենա նաև մեր տարածաշրջանում՝ Ռուսաստանի վերադարձի տեսքով։
Պավել Բարսեղյան