Մեծ ոգևորությամբ տեղեկացա Իսլամաբադում ԱՄՆ-ի և Իրանի բարձր ներկայացուցչությամբ պատվիրակությունների հանդիպման մասին: Մի կողմից՝ փոխնախագահ, մյուս կողմից՝ պառլամենտի և ԱԳՆ ղեկավարներ: Թերևս Իսլամական հեղափոխությունից հետո այսպիսի ներկայացուցչությամբ հանդիպում դժվար է հիշել առնվազն վերջին տասը-տասնհինգ տարվա ընթացքում: Ցավոք, ոգևորությունը երկար չտևեց: 14 ժամ տևած ծանր բանակցություններից հետո Վենսը հայտարարել է, որ ոչ մի համաձայնություն չի կայացվել: Դրականը միայն երկկողմանի ձգտումն է՝ անցնել դիվանագիտական դաշտ: Իրանական կողմի առաջադրած պահանջների ընդունումը կհարվածի ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության վարկանիշին Կոնգրեսի առաջիկա ընտրություններից առաջ: Դա ամերիկյան ընտրողների մոտ կամրապնդի այս պատերազմում պարտված լինելու համոզմունքը, ինչը համառորեն քարոզում են Թրամփի հակառակորդները: Իսկ Հորմուզի նեղուցը մեծամասամբ մնում է փակ: Բաց է միայն իրանական և չինական նավերի համար: Շատ առանձնահատուկ իրավիճակի ականատեսն ենք: Թրամփը չինական ընկերությունների ձեռքից խլեց Պանամայի ջրանցքի վերահսկողությունը, խլեց Վենեսուելայի նավթը, որի շահառուն կրկին Չինաստանն էր, բայց Պեկինը շախ և մատ արեց Հորմուզի նեղուցի հարցում, որն ավելի մեծ լծակ է Արևմուտքի տնտեսության վրա: Այսօր առավոտյան, արտասահմանյան աղբյուրների տեղեկատվությամբ, Չինաստանը սկսել է զենիթային արդիական զինատեսակների մատակարարումները Իրանին: Ամերիկյան ստրատեգիական միտքը, ոնց որ թե, կաղում է՝ սխալ-սխալի հետևից: Զարմանալի է, որ Քիսինջեր տված երկիրը սխալվում է: Համենայն դեպս, ուժերի հարաբերակցության և ազդեցության գոտիների հարցը, որ կապված և կախված է ուկրաինական և իրանական թատերաբեմերից, հանգուցալուծման դեռ չի հասնում: Եվրաբյուրոկրատները կողքից հետևողներ են՝ «իջել են ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»:
Գարիկ Քեռյան