Սա արդեն պարզապես «օպտիմալացում» չէ, սա սոցիալական քաղաքականության «բարձրագույն պիլոտաժ» է։ Վարչապետը փաստորեն հայտնագործել է տնտեսագիտության նոր՝ «հետմահու» մոդելը. մարդկանցից խլել վերջին ճանապարհի հողարկավորության նպաստը, որպեսզի կենդանի ժամանակ նրանց թոշակն ավելացնեն... ճիշտ մի քանի հարյուր դրամով։
«Փառք Տիրոջը, վերջապես գտնվեց Հայաստանի տնտեսության փրկության և թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»։
Պատկերացնո՞ւմ եք մտքի թռիչքը, պետական մտածողության անհուն խորությունը։ Փոխանակ մտածեն, թե ինչպես ստվերից գումարներ բերեն, ինչպես կրճատեն պետական ապարատի միլիոնանոց պարգևավճարներն ու ճոխ ծախսերը, որոշել են «գնաճը կոմպենսացնել»… մահացածների հաշվին։
Սա պարզապես հանճարեղ է. թոշակառուին ասում են՝ «Սիրելի՛ քաղաքացի, մենք քո թոշակին մի 500 դրամ կավելացնենք, որ գնաճից չտուժես, բայց դե, որ մահանաս, ընտանիքդ թող ինքնուրույն յոլա գնա, եթե, իհարկե, նախօրոք հասցրած չլինեք «սոցիալապես անապահովի» թղթերը ձեռք բերել»։
Այսինքն, ըստ այս տրամաբանության, եթե մարդն իր ողջ կյանքում աշխատել է, հարկ է վճարել և «սոցիալապես անապահով» չի գրանցվել, ապա մահանալիս պետությանն այլևս պետք չէ, նրանից վերջին նպաստն էլ կարելի է տնտեսել։ Սա արդեն «ապրելու իրավունքի» հարց չէ, սա «արժանապատիվ մահանալու» բյուջետային օպտիմալացում է։
Տնտեսագիտական այս նորարարության հեղինակներին ուզում ես հարցնել.
ա) Իսկ չէ՞իք մտածել, օրինակ, ծառայողական ճոխ մեքենաների բենզինի բյուջեն բաշխել ու թոշակներն ավելացնել։
բ) Կամ պաշտոնյաների գործուղումների ու պարգևավճարների բյուջեն «մի փոքր» կրճատել, որ գնաճի կոմպենսացման գործընթացը սկսեք։
Թե՞ պետական բյուջեի միակ անհարկի ու «ճոխ» ծախսը քաղաքացու թաղման նպաստն էր։
Փաստորեն, իշխանության սոցիալական տեսլականը հետևյալն է. «Ապրե՛ք աղքատ, մահացե՛ք ինքնուրույն»։ Բայց փոխարենը՝ հանգիստ խղճով, որ ձեր թոշակին կենդանության օրոք ավելացել էր ճիշտ այնքան գումար, որով կարելի է գնել կես կիլոգրամ կարտոֆիլ։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ