Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Անկլավների վերականգնմամբ մենք ոչ թե պարզեցնում ենք հայ-ադրբեջանական սահմանը, այլ գիտակցաբար այն դարձնում ավելի բարդ

Անկլավների վերականգնմամբ մենք ոչ թե պարզեցնում ենք հայ-ադրբեջանական սահմանը, այլ գիտակցաբար այն դարձնում ավելի բարդ
24.08.2026 | 19:58

Այսօր Հայաստանի քաղաքական օրակարգի առանցքային հարցը պետք է լինի Տիգրանաշենի ապագան: Սակայն, ինչպես տեսնում ենք, դրա շուրջ ծավալվող քննարկումները կարծես թե հետին պլան են մղվում:

Կարելի է երկար հաշվել՝ քանի քառակուսի կիլոմետր է Տիգրանաշենը, որքան՝ Արծվաշենը, և վերջում նույնիսկ ստանալ Հայաստանի համար «դրական» տարածքային հաշվեկշիռ։ Բայց աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ։

Տիգրանաշենի արժեքը ոչ թե մակերեսն է, այլ աշխարհագրությունը:

Հանձնելով Տիգրանաշենը՝ Հայաստանը փաստացի Բաքվի համար ինքնիշխան տարածք է ապահովում Երևան-Վայոց ձոր-Սյունիք-Իրան ռազմավարական հաղորդակցության անմիջական հանգույցում։ Այլ կերպ ասած՝ խնդիրը ոչ թե գյուղ կորցնելն է, այլ սեփական տարածքային հաղորդակցությունների նկատմամբ լրացուցիչ խոցելիություն ստեղծելը։

Իսկ ի՞նչ ենք ստանում դիմացը։

Արծվաշեն։ Ավելի մեծ տարածք, բայց Ադրբեջանի տարածքով շրջապատված և Հայաստանի հիմնական հաղորդակցային համակարգից կտրված։ Այսինքն՝ տարածքային ձեռքբերում՝ խիստ սահմանափակ ֆունկցիոնալ արժեքով, հաղորդակցային զիջման դիմաց՝ բարձր ռազմավարական արժեքով։

Ավելին՝ անկլավների վերականգնմամբ մենք ոչ թե պարզեցնում ենք հայ-ադրբեջանական սահմանը, այլ գիտակցաբար այն դարձնում ավելի բարդ։ Ստեղծում ենք նոր անցակետերի, հատուկ ռեժիմների, ճանապարհային շրջանցումների, անվտանգության երաշխիքների և մշտական բանակցությունների անհրաժեշտություն։

Եվ այս ամենը՝ այնպիսի միջավայրում, որտեղ կողմերի միջև ռազմավարական վստահությունը, մեղմ ասած, շատ ցածր է։

Սահմանազատման իմաստը պետք է լինի սահմանների ապակոնֆլիկտայնացումը, ոչ թե նոր կոնֆլիկտային հանգույցների ձևավորումը։

Հետևաբար, Տիգրանաշեն-Արծվաշեն խնդիրը պետք է դիտարկել ոչ թե «մերը՝ մեզ, ձերը՝ ձեզ» պարզունակ բանաձևով, այլ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական արժեքի տեսանկյունից։

Որովհետև քարտեզի վրա 1 կմ²-ը միշտ 1 կմ² է։

Աշխարհաքաղաքականության մեջ՝ երբեք։

Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր (2019), պրոֆեսոր

Դիտվել է՝ 2257

Մեկնաբանություններ