«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

«Ձմեռ պապիկ»՝ Սասունցի Դավթի փոխարեն. ինչպես հեռացնել Նիկոլին

«Ձմեռ պապիկ»՝ Սասունցի Դավթի փոխարեն. ինչպես հեռացնել Նիկոլին
22.12.2025 | 11:46

Երկու պարզ ճշմարտություն է թևածում Հայաստանում՝ գյուղերից քաղաքներ, խոհանոցներից զրուցարաններ ու սրճարաններ, տաքսիներից համալսարաններ ու սոցիալական ցանցեր:

1. Նիկոլը կորցրել է ժողովրդի վստահությունը: Անվերադարձ:

2. Բայց և չկա որևէ այլ գործիչ, ում շուրջ մարդիկ կհամախմբվեին ու Նիկոլին կպարտադրեին առաջին ճշմարտությունից բխող իրենց կամքը:

Հարցն այն չէ, որ հայ ժողովրդի արգանդը չորացել է՝ չկա այն մեկ գործիչը, ում հետևից ժողովուրդը կգնար: Վստահ եմ, որ կան նման 100-ավորները: Բայց նրանք փաստացի չկան:

Ինչու՞:

Խորքային պատճառը էպոխան է:

Մի կողմից ժողովուրդն իներցիայով ու պատմա-առասպելական մտածողությամբ դեռ ցանկանում է, որ գա, պատկերավոր ասած՝ մի նոր ու անխոցելի Սասունցի Դավիթ, ով բոլորի սրտով կլինի, իրենց կհամախմբի ու կհեռացնի Նիկոլին: Ինչպես փաստացի Նիկոլն էր 2018 թ. ժողովրդական ընկալումներում:

Մյուս կողմից մենք ապրում ենք շարունակվող տեղեկատվական հեղափոխության էպոխայում, երբ բացարձակ հանրային հեղինակություններ արդեն չկան՝ հատկապես քաղաքական: Պարզ ասած, 21-րդ դարի սոցցանցերով քաղաքական կյանքում բացարձակ հեղինակություններ այլևս հազիվ թե լինեն՝ սասունցիդավիթներ դժվար թե ծնվեն կամ դառնան: ՈՒ ոչ միայն Հայաստանում:

Ինչու՞:

Որովհետև սոցիալական ցանցերը կերել են քաղաքական բոլոր հեղինակություններին: Սոցիալական ցանցերն ու քաղաքական հեղինակությունները դարձել են միմյանց բացառող բաներ: Ամենուր:

Ցանկացած հանրային-քաղաքական գործչի հարյուր հազարավոր օգտատերեր՝ իրական, թե ֆեյք, շատ արագ վերածում են վարկաբեկված, խոցելի ու հեղինակազրկված մարդու: Առավել ևս, եթե դրանում շահագրգռված են մեծ ռեսուրսների տիրապետող ու քաղաքական շահեր ունեցող խմբերը՝ նախ և առաջ իշխանությունը, բայց նաև ներքին ու արտաքին այլ դերակատարները: Մեզանում այս պնդումն ապացուցող ժողովրդական մի միտք է շրջանառվում. անգամ Քրիստոսը գար, մեկ շաբաթում սոցցանցերի հայ օգտատերերը նրան կվարկաբեկեին ու կրկին կխաչեին:

ՈՒշադրություն դարձրեք՝ գնալով ավելի ու ավելի հաճախ են մարդիկ դիմում արհեստական բանականությանն անգամ ամենապարզ քաղաքական իրողությունները գնահատելու խնդրանքով: ՈՒ այդ գնահատականներն էլ ընկալվում են որպես ճշմարտություն, եթե այն գեներցված է անկողմնակալ արհեստական բանականության կողմից: Մինչդեռ, եթե լրիվ նույն գնահատականը ներկայացվեր որևէ քաղաքական գործչի կողմից, այն անմիջապես կասկածի տակ կդրվեր, իսկ հեղինակը կվարկաբեկվեր:

Ստացվում է բավականին պարադոքսալ ու առաջին հայացքից անլուծելի թվացող պատկեր. Նիկոլին մեր ժողովուրդը չի վստահում, բայց և իր ձեռքով սոցցանցերում վարկաբեկում ու ոչնչացնում է այն պոտենցիալ սասունցիդավիթներին, որոնց ինքն այդչափ սպասում է: Բնականաբար, առանց այդ ուղիղ կապը տեսնելու:

Որտե՞ղ է լուծումը:

Հնարավոր երկու լուծումները, երևի, հետևյալն են.

1. Կամ ժողովրդին առաջարկվում է ոչ թե Սասունցի Դավիթ, ում շատ արագ կվարկաբեկեն, այլ սասունցիդավիթների հավաքական: Չէ՞ որ, երբ ժողովուրդն ասում է Սասունցի Դավիթ, նրան ի վերուստ վերագրում է մեկ բան՝ առասպելական ուժ ու անսակարկելի կամք՝ կյանքի կոչելու իրենց երազանքը: Նույն ուժն ու կամքը խորքային ժողովուրդը վերագրում է նաև համախմբված ու միասնական բռունցք դարձած միավորին՝ այս դեպքում սասունցիդավիթների հնարավոր հավաքականին:

2. Կամ մեր էպոխայի ընձեռած քաղաքական տեխնոլոգիաների օգնությամբ, ինչը լրիվ հնարավոր է, գծագրվում է իշխանափոխության այնպիսի մի ծրագիր, որտեղ պայմանական Սասունցի Դավիթը մեջտեղ է գալիս դեկտեմբերի 15-ին, բայց «Ձմեռ պապիկի» կերպարով, ում բոլորն այդ մեկ ամսում սիրում ու սպասում են: Իսկ գործն արվում-ավարտվում է մինչև հունվարի 13-ը, որից հետո Ձմեռ պապիկն ինքնաբերաբար դառնում է խոցելի, ժամկետանց ու չսպասված: Դեկտեմբերի 15 - հունվարի 13 պայմանական կարճ հատվածում իշխանության ու նրա շահընկերների համար շատ բարդ է ժողովրդի աչքում վարկաբեկել «Ձմեռ պապիկին», քանի որ նա այդ կարճ ընթացքում, միևնույնն է, սիրված ու սպասված պերսոնաժ է:

Այսինքն, իշխանափոխության այնպիսի մի ծրագիր, որտեղ ժողովրդի սպասած Սասունցի Դավիթը մեջտեղ է գալիս «Ձմեռ պապիկի» տեսքով ու ժամանակային այնպիսի կարճ միջակայքում, որտեղ նրան իշխանությունն ու դաշնակից արտաքին/ներքին դերակատարները չեն հասցնում ու չեն կարողանում մրոտել, վարկաբեկել ու փչացնել:

Հնարավո՞ր է իշխանափոխության նման ծրագիր մշակել:

Այո, հնարավոր է:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1433

Մեկնաբանություններ